Կարծիք

09.12.2022 15:34


Թուրք-ադրբեջանական զորավարժությունները մտահոգել են ոչ միայն Իրանին և Հայաստանին, այլև Հունաստանին

Թուրք-ադրբեջանական զորավարժությունները մտահոգել են ոչ միայն Իրանին և Հայաստանին, այլև Հունաստանին

Պարզվում է, «Եղբայրական բռունցք» համատեղ զորավարժությունները, որոնք անցկացվում են Ադրբեջանի և Թուրքիայի բանակների ստորաբաժանումների կողմից Բաքվում և Կասպից ծովի ափին՝ Իրանին սահմանակից շրջաններում, անհանգստություն են առաջացրել ոչ միայն Իրանի և Հայաստանի, այլև Հունաստանի համար: Ավելին, հունական լրատվամիջոցները մեծ ուշադրություն են դարձրել այս զորավարժություններին և ենթադրել, որ դրանց իրական նպատակը թուրք-ադրբեջանական բանակը Հունաստանի հետ պատերազմին պատրաստելն է:

Զորավարժությունների սցենարի համաձայն՝ դաշնակից ուժերը, ի թիվս այլ բաների, կիրառում էին ծովից զորքերի վայրէջք հակառակորդի վերահսկողության տակ գտնվող կղզիներում։ Հունական լրատվամիջոցները հայտնում են, որ Ադրբեջանն ընդամենը 2-3 կղզի ունի Կասպից ծովում, և հետևաբար զորավարժությունների նպատակն իրականում թուրքական բանակի հետ Էգեյան ծովի կղզիների համատեղ գրավմանը նախապատրաստելն է: Զորավարժություններում ադրբեջանական և թուրքական բանակի ստորաբաժանումները նմանակել են նաև ջրային արգելապատնեշի պարտադրումը։ Զորավարժությունների ընթացքում զինվորականները կառուցել են պոնտոնային կամուրջ և դրա վրայով տեղափոխել ծանր զինտեխնիկա։ Իրականում զորավարժությունների սցենարում ջրային արգելապատնեշի վրայով զորքերի ընդգրկումը պատասխան էր Իրանին, քանի որ որոշ ժամանակ առաջ Թեհրանը լայնածավալ զորավարժություններ անցկացրեց Ադրբեջանի սահմանների մոտ, մասնավորապես, իրանցի զինվորականները հատուկ ուշադրություն դարձրեցին՝ պոնտոնային կամրջի կառուցում և ռազմական տեխնիկայի տեղափոխում Արաքս գետով:

Բայց Աթենքում կասկածում են, որ զորավարժությունների այս դրվագն իրականում ուղղված է հենց իրենց դեմ։ Հունական լրատվամիջոցները պնդում են, որ ջրային արգելապատնեշի վրայով պոնտոնային կամրջի կառուցումը կարող է նախապատրաստություն լինել Հունաստանի և Թուրքիայի միջև Մերիչ գետն անցնելու համար: Հունական լրատվամիջոցները նշում են Ադրբեջանի և Թուրքիայի միջև ստորագրված «Շուշիի միության» հռչակագիրը և հիշեցնում այդ երկու երկրների համատեղ մեսիջները այն մասին, որ իրենք ունեն երկու պետություն, սակայն մեկ ազգ են և ունեն մեկ միասնական բանակ: Հունական փորձագետները ավելի հեռուն են գնում եւ նշում են, որ Անկարայի և Աթենքի միջև հնարավոր պատերազմի ժամանակ ադրբեջանական բանակը նույնպես կպայքարի հույների դեմ։ Այս դեպքում, եթե նույնիսկ Հունաստանին հաջողվի հրթիռային հարվածներով ոչնչացնել թուրքական ռազմաօդային բազաները, ապա Ադրբեջանի ինքնաթիռները վառելիք կհասցնեն Թուրքիա, ինչպես նաև կհարձակվեն Հունաստանի վրա:

Պետք է նշել, որ հունական փորձագետների մտահոգությունները անտեղի չեն, քանզի Շուշիի հռչակագրի համաձայն, թուրք-հունական բախման դեպքում Ադրբեջանը պարտավորվել է ռազմական աջակցություն ցույց տալ իր «մեծ եղբորը»: Մինջդեռ, հունական ռազմական դոկրտրինը մշակելիս, Աթենքը այս հանգամանքը հաշվի չեր առել, քանզի Շուշիի հռչակագիրը ընդամենը վերջերս էր կնքվել:

Այսպիսով կարող ենք արձանագրել, որ թուրք-ադրբեջանական մերձեցումը կարող է մերձեցնել նաև այդ դաշինքից մտահոգություններ ունեցող երկրներին՝ Հայաստանին, Իրանին և Հունաստանին:

Մնում է այս ամենը կյանքի կոչել, քանզի առանձին գործելով հնարավոր չի լինի կանխել մեր երկրների առջև կանգնած վտանգները:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Աղբյուրը՝ zham.am

Այս խորագրի վերջին նյութերը