Լրահոս

22.09.2011 16:00


Գյումրու քաղաքապետարանը պատասխանել է Արամ Մանուկյանին

Գյումրու քաղաքապետարանը պատասխանել է Արամ Մանուկյանին

«Երբ ամոթը քաղաքական կատեգորիա չէ»: Գյումրու քաղաքապետի մամուլի քարտուղար Լ. Աղեկյանն այս վերնագրով հաղորդագրություն է տարածել՝ արձագանքելով ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանի հայտարարությանը.

«ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, սեպտեմբերի 15-ին անցկացրած մամուլի ասուլիսում, հանրապետության հասարակական կյանքի շուրջ իր «վերլուծություններում», չգիտես ինչ շարժառիթով հիշատակել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի անունը:

Երերուն ձայնով ՀՀՇ-ի հերթական «առաջնորդը» այս անգամ էլ ի ցույց դնելով քաղաքական իր կարճատեսությունը, իր կուսակցության գաղափարների ակնհայտ սնանկությունը, կարծես, մոռացել է իրենց անփառունակ իշխանության տխրահռչակ քաղաքականությունն ու կեղտոտ, ստալինյան ռեպրեսիաներ հիշեցնող գործելակերպը:

Եթե նշյալ «առաջնորդը» մոռացել է, ապա հասարակությունը հիշում է, որ հատկապես ՀՀՇ-ի միահեծան իշխանության շրջանում սկիզբ դրվեց անսանձահարելի կոռուպցիային և օլիգարխիկ համակարգին: Նրանք էին, որ հեղինակեցին ընտրական աներևակայելի կեղծիքները, անզեն ժողովրդի դեմ զորք հանելը, ըստ հասարակության մեջ շրջանառվող խոսակցությունների, պղնձի վաճառքը թշնամուն, արտահանվող հայրենական շինանյութով արտերկրներում ամառանոցների կառուցումը:

Իսկական հանցագործությունների իրական հեղինակներն հենց իրենք էին` նրանք, ովքեր գինետներից դուրս եկան, հասնելով երկրի իշխանական ղեկին, նախաձեռնեցին և շարունակեցին երկրի կազմակերպված թալանը` լլկելով տնտեսությունը, այլանդակելով մարդկանց հոգեբանությունը:

ՀՀՇ-ի օրոք չէի՞ն որոտում կրակոցները, ձևավորվում բանդաներ, ՀՀՇ-ի լիդերների համաձայնությամբ չէի՞ն, որ իրագործվում էին նույնիսկ յուրայինների, հարթակակից ընկերների և անգամ հանրապետության նախկին դատախազի, ԱԱԾ նախկին պետի, Երկաթուղու պետի և բազմաթիվ այլ անվանի մարդկանց սպանությունները: Հլը նայեք, թե ով ում է հանցագործ անվանում:

Այդ նույն ՀՀՇ-ն չէ՞ր, որ աղետի գոտին և Գյումրին համարում էր երկրի կույրաղիքը` թալանելու սանկցիա տալով իր դրածոներին, որոնց ջանքերով Գյումրուց դուրս բերվեց հսկայաքանակ շինտեխնիկա, ծիծաղելի գներով վաճառվեցին ու փոշիացան Գյումրու արտադրական հզորությունները, սեփականաշնորհման քողածածկույթի տակ խժռվեցին ձեռնարկությունները: Ու՞մ օրոք: ՀՀՇ-ի: Գյումրիում կասետի և այլ նոր տիպի գործարաններ չբացվեցին, որովհետև այդ գումարները ուղղակիորեն յուրացվեցին ու մարսվեցին պաշտոնական Երևանում: Էլ չենք խոսում բնակարանաշինական զրո ծրագրերի ու աղետ տեսած գյումրեցու տնանկ կեցությունը երկարաձգելու պետական քաղաքականության մասին:

Ճշմարտախոսի այժմյան պատմուճանով հանդես եկող Արամ Մանուկյանի մտքից ինչո՞ւ երբեք չանցավ բռնել իր զինակիցների ձեռքը, երբ օրը ցերեկով թալանվում էին Գյումրուն հասցեագրված վերամբարձ կռունկներն ու ողջ տեխնիկան: Սա վայրի կապիտալիզմի հայկական տարբերակի ծնունդն էր, որի անհաջող ծնողներից էր, թերևս, Արամ Մանուկյանը, ով Հայաստանի անկախության հռչակագրի տեքստի ընթերցման բախտին արժանացավ սոսկ ազգային գործիչ Արամ Մանուկյանի անուն-ազգանվան պարզ զուգադիպության համար: Այսօր նա այդ «զուգադիպությունը» ինքնագովազդի է ծառայեցնում:

Գյումրեցին չի մոռացել անդրանիկքոչարյանական կլանի լուծը, ով եկավ Գյումրի որպես տարածքային լիազոր-ներկայացուցիչ և քաղաքը վերածեց գաղութ -բնակավայրի: Գյումրեցու «շնորհած» «Հրեշ Անդո» անփառունակ պիտակը Արամ Մանուկյանին պետք է շատ բան հիշեցնի:

Եվս մեկ հիշեցում` Արամ Մանուկյանին: ՀՀՇ-ական քա՞նի նախարար բեռ ու բողչայով փախավ Հայաստանից ու մարսեց` մնալով չբացահայտված ու անպատիժ: Այս քաջագործությունների «ճարտարապետն» ու ոգեշնչողը ՀՀՇ-ն ու նրա գործող անձինք էին:

Այսպիսով, այս պատահականությունները ԵՐԿԻՐ ԱՎԵՏՅԱՑԸ ԴԱՐՁՐԵՑԻՆ ԵՐԿԻՐ ԱՎԵՐԱՑ:

Ինչ մնում է Վարդան Ղուկասյանին, ապա նա Գյումրին վերականգնող և վերածնող քաղաքապետն է, որի գործունեությամբ Գյումրին ապրում է իր զարթոնքն ու առաջընթացը:

Թերևս, ՀՀՇ-ի ֆունկցիոներների համար մերժելի մի գաղափար, որոնց օրոք հռչակված «Մեր տունը մեր ձեռքով» կառուցելու կարգախոսի սնանկությունը կյանքի կոչվեց տնավիրությամբ:

Վարդան Ղուկասյանը, այս էլ 12 տարի, գյումրեցիների վստահության և անզեղծարար ընտրությունների արդունքում, ղեկավարում է Գյումրին, հանրապետության 2-րդ քաղաքը: Ի դեպ, նույն ՀՀՇ-ի կիրառած մեթոդներով, դեռևս 1996 թվականին կեղծվեցին Գյումրու քաղաքապետի ընտրությունների արդյունքները և փաստացի հաղթած Վարդան Ղուկասյանը չդարձավ քաղաքապետ, իսկ նրա հարազատներն ու մտերիմները հայտնվեցին բանտերում: Դե հիմա պարզ է, որ Գյումրին շենացնող և ժողովրդի երկարատև վստահությանն արժանացած քաղաքապետը, պետք է անընդունելի համարվի Գյումրին ժամանակին երկրորդական դարձրած ու կրիմինալի մեջ մինչև կոկորդը թաղված ՀՀՇ-ի համար:

Մի՞թե այս կենսագրությամբ ու այս անձանցով է ուզում իշխանության գալ ՀՀՇ-ն,ՀԱԿ- ը և իր առաջնորդը»:

Այս խորագրի վերջին նյութերը