Հարցազրույց

06.12.2022 11:12


Փաշինյանը կարծել է, թե Արցախը բեռ է Հայաստանի ուսերին․ քաղաքագետ

Փաշինյանը կարծել է, թե Արցախը բեռ է Հայաստանի ուսերին․ քաղաքագետ

«Հրապարակի» զրուցակիցը քաղաքագետ Երվանդ Բոզոյանն է:

-Շուշի-Քարինտակ խաչմերուկում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական աշխատանքներ իրականացնելու պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Ռուս խաղաղապահների հետ ունեցած բանակցությունների արդյունքում ադրբեջանցիներն ի վերջո ճանապարհը բացեցին, սակայն ադրբեջանական տելեգրամյան ալիքները գրում են, որ Դրմբոնի հանքն իրենցն է, հանքի շահագործումն իրենց ահռելի ֆինանսական վնասներ է հասցրել, որոնք պետք է Հայաստանը փոխհատուցի: Ոչ մի արձագանք պաշտոնական Երեւանից: Ի՞նչ սպասել առաջիկայում։

-Ադրբեջանը մինչեւ այդ ահռելի քարոզչական աշխատանք էր տարել, թե իբրեւ Լաչինի միջանցքով ահաբեկիչներ են անցնում, իբր թե նրանք իրանցիներ են, որոնք ունեն հայկական ծագում։ Խոսվում է այն մասին, թե այդ ճանապարհով Հայաստանն ահռելի զինտեխնիկա է Արցախ տեղափոխում: Սա գաղափարական, քարոզչական մեծ աշխատանք է՝ ի լուր աշխարհի, թե ինչու պետք է Ադրբեջանը խոչընդոտի Լաչինի միջանցքին: Խնդիրն այն է, որ Հայաստանի իշխանությունները համաձայնել են, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում: Սա նշանակում է, որ չկա այլեւս Արցախ, նույն Ադրբեջանն է որոշում՝ Ստեփանակե՞րտ է, թե՞ Խանքենդի, եւ այլն, եւ այլն: Պաշտոնական Երեւանը չի արձագանքում այդ ամենին, հասարակությունն էլ անտարբեր է, ուստի պետք է հասկանանք, որ վաղ թե ուշ Ադրբեջանը հասնելու է իր նպատակներին` բոլոր առումներով: Ինչո՞ւ պետք է Ռուսաստանը կամ Ֆրանսիան դիմադրեն Ադրբեջանի գործողություններին, եթե Հայաստանի համար միեւնույն է: Հայաստանի իշխանությունների պահվածքն ունի խորքային պատճառներ: Այս մարդիկ ի սկզբանե եղել են այն կարծիքին, որ Հայաստանը կարող է զարգանալ միայն այն դեպքում, երբ կոմունիկացիաները բացվեն Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ: 20 տարի շարունակ այդ մարդիկ մտածել են, թե Արցախն է խանգարում այս հարցում, հասարակության մի ստվար զանգված եւս այն կարծիքին էր, որ եթե Արցախը չլիներ, Հայաստանն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ միասին մեծ զարգացում կապրեր: Նիկոլ Փաշինյանն այս սխալ գաղափարական հենքի վրա է եկել իշխանության, նա անկեղծորեն այդպես է մտածել, սակայն այսօր շփոթված է, որովհետեւ Ադրբեջանը, կուլ տալով Արցախը, հայտ է ներկայացնում Հայաստանի ուղղությամբ: Խոսում է Զանգեզուրից, Սեւանից, նույնիսկ՝ Երեւանից: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը գաղափարապես փլվել է: Փաշինյանի պատկերացումներն Ալիեւը ոչնչացնում է: Այս իմաստով պետք չէ զարմանալ, որ ադրբեջանցիներն իրենց բոլոր նպատակներին անխտիր հասնելու են: Եթե հասարակությունն անտարբեր է, պահանջատեր չէ, չի ցանկանում կոնսոլիդացվել առողջ գաղափարների շուրջ, ապա թշնամին օգտվելու է այդ առիթից՝ անելով այն, ինչ ցանկանում է: Փուլ առ փուլ կորուստներ ենք ունենալու, նախ՝ Արցախում, հետո արդեն՝ Հայաստանում: Գուցե այս տեսակետը ծայրահեղ թվա, սակայն ես ասում եմ այն, թե ինչ կարող է լինել: Տեսնելով Հայաստանի իշխանությունների շփոթված վիճակը՝ հանք էլ են ուզելու, ֆինանսական փոխհատուցում էլ են պահանջելու, ինչ խելքներին փչի, անելու են: Առիթից օգտվում են եւ ճիշտ են անում, ինչո՞ւ չպետք է օգտվեն: Պետք չէ ինչ-որ մեկին մեղադրել, երբ ինքդ անտարբեր ես: Հայ ժողովուրդն իր սխալ պահվածքի պատճառով բոլորին փորձում է մեղադրել:

-Կարծում եք՝ Նիկոլ Փաշինյանն իսկապե՞ս շփոթված է, թե՞ այդպես է ձեւանում, իրավիճակին տիրապետելով եւ կանխամտածված Արցախը թշնամուն հանձնելով։

-Չեմ կարծում, թե այս իրավիճակը Նիկոլ Փաշինյանին ձեռնտու է: Նա իրոք շփոթված ու գաղափարապես ոչնչացված վիճակում է: Քսան տարի շարունակ նա կարծել է, թե Արցախը բեռ է Հայաստանի ուսերին, սակայն այսօր առերեսվում է իրականությանը, որը խորթ է իր համար: Փաշինյանը համոզվում է, որ Ադրբեջանն ու Թուրքիան շրջանցում են ՄԱԿ-ի կանոնադրությունը: Այսօր Ադրբեջանը Սյունիքի վրա չի հարձակվում ոչ թե այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանը խաղաղություն է ցանկանում, այլ որ պարզապես Իրանը թույլ չի տալիս: Ադրբեջանն Իրանը ջարդելու ստրատեգիական խնդիր է իր առջեւ դրել, որից հետո նոր խոշոր հարձակում կիրականացնի ՀՀ-ի վրա: Այս պահին ամենաթույլ կետը Լաչինի միջանցքն է: Ռուսաստանը եւս շփոթված է: Եթե Հայաստանը ցանկանում է Արցախը թողնել Ադրբեջանի կազմում, ինչո՞ւ պետք է դիմադրի ՌԴ-ն: Ադրբեջանը Ռուսաստանին պարզ հարցադրում է անում, թե ինչու է Ռուսաստանն իրենց խանգարում՝ այն դեպքում, երբ Հայաստանն իրենց գործողություններին չի ընդդիմանում: Ըստ էության` այս արգումենտի դեմ ռուսները ոչինչ չեն կարող ասել, ուստի, միանշանակ, փուլ առ փուլ ամեն ինչ հանձնվելու է:

-Կրկին ռուս խաղաղապահները մեր փոխարեն բանակցեցին եւ մեր շահերը պաշտպանեցին: Չնայած ոմանք Ռուսաստանին համարում են Հայաստանի թշնամին։

-Ռուսներն առաջին հերթին իրենց շահերն են պաշտպանում: Ռուսաստանի համար շահավետ է, որ Հայաստանն ունենա իր հստակ տեսակետը, որպեսզի հիմնվեն այդ տեսակետի վրա: Եթե Հայաստանն ամեն ինչ զիջում է Ադրբեջանին, Ռուսաստանը ոչինչ անել չի կարող:

Այս խորագրի վերջին նյութերը