Կարծիք

03.12.2022 19:48


Արցախի անվտանգությունը, անխոչընդոտ ցամաքային կապը ուղիղ Հայաստանի «լեգիտիմ» իշխանության պատասխանատվությունն է

Արցախի անվտանգությունը, անխոչընդոտ ցամաքային կապը ուղիղ Հայաստանի «լեգիտիմ» իշխանության պատասխանատվությունն է

Սիրելի բարեկամներ, մի բան ասեմ` նեղանալ չլինի։ Ի՞նչ է նշանակում, որ ասում ենք (ես էլ այդ թվում) «Իշխանությունը ձեռքերը լվացել է Արցախից»։

Ասում ու անցնում ենք առաջ, իրենց հարցնում ենք՝ էդ ճիշտ ա՞, ընկնում են պեչենու բաղերը, բայց ասածներից եզրակացնում ենք, որ այո, ձեռք են քաշել։

Ու այդպես ընդունում ենք որպես իրողություն, հարմարվում էդ մտքի հետ, որ՝ դե դավաճան են․ փորձում ենք գտնել, բա ո՞վ է որ ձեռքերը չի քաշել, պատրաստ է մի բան անել, սկսում ենք ընկնել ընդդիմության ետևից՝ բա դուք ո՞ւր եք, շուտ արեք, սրանց հեռացրեք՝ Ղարաբաղից յան են տվել։ Իշխանական շրջանակները սլաքները ուղղում են ռուս խաղաղապահների ուղղությամբ, թե բա՝ վիզ են առել, թող պահեն (նենց էլ մուննաթով, կարծես ռուսներին ավելի շատ է պետք, քան մեզ՝ հայերիս)։

Ասեմ ձեզ, շատ էլ հարմար տարբերակ է իշխանության համար, «մենք կապ չունենք, մեզ բան մի ասեք, մենք հենա Եվրատեսիլ բանով ենք զբաղված»։

Ո՛չ, սիրելիներս, դա՝ Արցախի անվտանգությունը, անխոչընդոտ ցամաքային կապը, ուղիղ Հայաստանի «լեգիտիմ» իշխանության պատասխանատվությունն է, նրանք էլ պարտավոր են լուծել։ Այդ պարտավորությունը նրանք ստանձնել են՝ առաջադրվելով որպես իշխանության հավակնող թիմ, իրենց վարչապետի տարբերակով, կառավարության կազմով։

Եթե ընտրություններում հաղթեր, օրինակ Քոչարյանի դաշինքը, այդ պարտավորությունը կկրեր Ռոբերտ Քոչարյանը, իր թիմով, ոչ մեկ չէր գնալու, չէ՞, Նիկոլին ասեր՝ մի բան արեք, Քոչարյանին հեռացրեք, չի անում, կամ ընկներ խաղաղապահների հրամանատարի հետևից․ դա անում է իշխանությունը, ստեղի և Արցախի։

Հայաստանը, ի դեմս իշխանության պարտավորված է զբաղվել և ապահովել երկրորդ հայկական պետության՝ Արցախի, այնտեղ ապրող մեր հայրենակիցների անվտանգության խնդիրներից բխող ամենը, ապահովել ցանկացած միջոցով՝ կլինի բանակցություն, թե այլ։ Սա նույն իշխանությունն է, որ 20 թվականի նոյեմբերի 9-ին լիազորություն է իրեն վերապահել, ստորագրել է Արցախի շրջանների հանձնում․ այդ նույն Նիկոլն է, ստորագրել ու համաձայնվել, որ հայկական զորքերը դուրս բերվեն, հետ քաշվեն, չկրակեն և այլն։
Նույն Նիկոլ Փաշինյանը, Հայաստանի վարչապետն է, որ գնում է Ալիևի հետ բանակցում է, Պուտինի, Միշելի, Մակրոնի հետ բանակցում է, որը վերաբերվում է մեր կամ արցախահայության թեմային․ ուրեմն թող լուծի, պայմանավորվի, իրեն էնտեղ ճղի, ոչ թե մեզ մատնացույց անի, թե գնացեք ռուսներին ասեք։

Ես չեմ, դուք չեք ռուսների հետ բան պայմանավորվել, ինքն է պայմանավորվել․ ինքն է պայմանավորվել, թող ինքն էլ զանգի, պահանջի, հրաժարվի, կարգավորի, ինչ ու ոնց ուզում է, անում է, թող անի էնպես, որ ճանապարհն էլ բացել տա, անվտանգությունն էլ ապահովի կամ ապահովել տա․ իր գործն է, իր պարտավորությունն է։ Դրա համար ինքը ստացել է, իր/իրենց ասելով՝ բավարար ձայներ։

Մենք չենք ընտրել ռուս, ուկրաինացի, վրացի՝ այդ հարցերը լուծելու համար, ոչ էլ Նիկոլին զոռով ենք բերել, բրդել, որ դառնա վարչապետ։ Ինքն է իրեն ճղել ու ճղում, որ մնա, ուրեմն թող լուծի։

Չի կարող ասել ես մենակ տեխնիկական աշխատաքներ եմ կատարում, պատեր ծակելու համար եմ։ Ու ոչ էլ թող շեղի հազար ու մի թեմաներով՝ սղացնելու համար էս ամենակարևորը։

Չի՞ կարողանում, չի՞ լուծում, թող հրաժարական տա․ իսկ եթե չի տալիս, էլի եմ ասում, ուրեմն թող լուծի․ ինձ/մեզ այլ կողմեր սլաքներով ցույց չտա։ Ձեր լեզվով ասած՝ վի՞զ եք վերցրել, իշխանությունը պահու՞մ եք, սաղ ճի՞շտ եք անում՝ արեք։

Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը