Լրահոս

20.09.2011 17:33


Անկախության տոնը շրջանցում է Շիրակը

Անկախության տոնը շրջանցում է Շիրակը

Հայաստանի Անկախության 20-րդ տարեդարձին նվիրված տոնակատարությունների շքեղ նշումը միայն Երևանում ևս մեկ ապացույցն է այն բանի, որ մենք ապրում ենք երկու տարբեր Հայաստաններում` մեկը Երևանն է, մյուսը մարզերը, մասնավորապես Շիրակն ու Գյումրին:

Շիրակի մարզում տոնական տրամադրությունն իսպառ բացակայում է: Մարզային, տեղական իշխանությունների և առհասարակ որևէ կառույցի կողմից տոնական միջոցառումների նախապատրաստական աշխատանքներ հիշեցնող քայլ անգամ չի նշմարվում…

Այնուամենայնիվ, մտածելով, որ գուցեև սխալվում ենք, կամ մեր տեսողությունն է մեզ դավաճանում, փորձեցինք Գյումրու քաղաքապետարանի և Շիրակի մարզապետարանի պաշտոնական կայքերից որևէ տեղեկություն պեղել այն մասին, թե Անկախության 20-ամյակին նվիրված ինչ միջոցառումներ են իրականացվելու հանրապետության երկրորդը համարվող քաղաքում և Շիրակի մարզում: Ինչպես ասում են պատկերը բավականին տխուր էր, եթե չասենք պարզապես  ողբերգական էր...

Եթե Գյումրու քաղաքապետարանի կայքում Անկախության օրվան նվիրված գոնե մեկ միջոցառման մասին հայտարարություն կար` քաղաքապետարանի ճեմասրահում սեպտեմբերի 20-ի երեկոյան Ստամբուլի հայ ճարտարապետների լուսանկարչական գործերի ցուցահանդեսի մասին, ապա Շիրակի մարզպետարանի կայքում Անկախության 20-ամյակը որևէ կերպ հիշատակված չէր:

Այնուհետև հեռախոսով կապվեցինք և փորձեցինք Շիրակի մարզի համապատսախան պաշտոնյաներից ճշտել, թե Անկախության օրվան նվիրված ինչ միջոցառումներ են իրականացվելու Շիրակում և մասնավորապես Գյումրիում: Մեզ հայտնեցին, որ ընդամենը սեպտեմբերի 21-ին Գյումրու Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի է ունենալու հանդիսավոր նիստ, իսկ կենտրոնական հրապարակում, երեկոյան ժամերին սովորականի նման երաժշտություն է հնչելու:

Ստացվում է, որ Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի տոնը, որ պետք է միավորեր մեր հասարակությանը… կրկին բաժանեց:

«Շիրակ կենտրոն» ՀԿ

Այս խորագրի վերջին նյութերը