Հարցազրույց

20.09.2011 16:07


Լեյլա Սարիբեկյան.

Լեյլա Սարիբեկյան.

Հարցազրույց երգչուհի Լեյլա Սարիբեկյանի հետ

–Ըստ Ձեզ՝ որո՞նք են ՀՀ անկախության ձեռքբերումներն ու բացթողումները։

–Այսօր բոլորս հպարտությամբ ենք իրար շնորհավորում։ Հպարտությունն անցած տարիների և՛ նվաճումների, և՛ բացթողումների մեջ է, որովհետև եթե մենք այս երկրում ապրում, աշխատում, ստեղծագործում ենք, և ապրում ենք մեր ընտանիքի, մեր երեխայի ապագայի համար, կարծում եմ՝ արդեն առիթ ունենք դա որպես ուրախալի փաստ նշելու։ Մենք ուզում ենք ապրել այս երկրում, մենք ենք այս երկրի տերերը։ Համենայնդեպս, ես այդպես եմ կարծում, և իմ երեխաներին էլ եմ այդպես ոգևորում, փորձում հասկացնել, որ եթե դու չես սիրում քո երկիրը, քո ժողովրդին, քո կենցաղի համար լինելով օտարի ձեռքում կամ օտար երկրում աշխատելով, փորձելով ուղղակի ապրել կյանքդ՝ արժեք չունի։ Ինձ համար աժեքն այն է, որ մենք փորձում ենք միասի՛ն ինչ–որ բան անել մեր երկրում, ոչ թե փորձել վեր հանել վատը։ Պետք է փորձենք յուրաքանչյուրս մեր տեղում, չդավաճանելով մեր սկզբունքներն ու արժեքները, ստեղծել ինչ–որ մի բան, քարը քարին ավելացնել։

–Կարծում եք, որ Արցախյան պատերազմում տարած հաղթանակը ըստ արժանվո՞ւյն է գնահատվում անկախ Հայաստանի քաղաքացիների կողմից։

–Միայն այն, որ մենք Արցախյան պատերազմում ունեցանք հաղթանակ, և մտածում ենք նոր հողերի վերադարձման մասին, այս միտքն արդեն մեզ հույս է տալիս, որ մենք կարող ենք արդեն լինել հաղթող ժողովրդի կարգավիճակում, ոչ թե խնդրողի կամ թույլի։ Ես Արցախը պատկերացնում եմ Հայաստանի մաս և կարծում եմ, որ այդ կուռ միասնության մեջ է հաղթանակը։ Գիտե՞ք, վատը տեսնելը շատ ավելի հեշտ է։ Լավը տեսնելն ու գնահատելն է դժվար։ Իսկ այն բացթողումները, որ կան մեր իրականության մեջ, մենք բոլորս էլ գիտակցում և հասկանում ենք, և կարծում եմ, որ հասկանալով, գնահատելով հայ մարդու աշխատանքը՝ մենք կարող ենք շատ ավելիին հասնել։

–Այսօր այդպես մտածող մարդիկ շա՞տ են։

–Այսօր մեր շարքերում կան մարդիկ, ովքեր որ, ցավոք, նշում են վատը, բայց ոչ թե նրա համար, որ ունենանք լավ ապագա։ Պետք չէ վեր հանելով վատը՝ այսօր մեր երիտասարդներին դուրս մղել երկրից և անել այնպես, որ երեխաները չտեսնեն ապագա մեր երկրում։ Իմ և իմ ընկերների տեսակն այնպիսին է, որ մենք ուզում ենք՝ մեր երեխաները տեսնեն լավը, ունենան Հայաստանում ստեղծագործելու և աշխատելու ցանկություն։

–Անկախության 20–ամյա հոբելյանը սթափվելու, ՀՀ պատմությունը նոր էջից սկսելու մեկնակետ պե՞տք է դառնա։ Ըստ ձեզ՝ կոնկրետ ի՞նչ պետք է փոխել նորանկախ Հայաստանում։

–Պետք է բոլորս հասկանանք՝ ամենավերևի ատյաններից մինչև ամենապարզ, հասարակ մարդը, որ մեր երկիրը պետք է լինի հայի համար։ Ամենակարևոր արժեքը հայ մարդն է, հայի ներուժն է, և ամեն ինչ պետք է անել, որ հայ մարդը և՛ բարոյապես, և՛ ֆինանսապես, ամե՛ն ինչով հասկանա, որ մեր երկիրը տեր ունի, մարդու իրավունքները պաշտպանված են՝ սկսած տարրական կենցաղից մինչև բարձր արժեքները։ Մենք այս իմաստով իսկապես լուրջ վերափոխումների խնդիր ունենք։ Մարդիկ երբեմն երկրից հեռանում են բարոյահոգեբանական խնդիրների պատճառով։ Այսինքն՝ այստեղ կարևորը երևի ոչ այնքան մարդու ֆինանսական վիճակն է, որքան բարոյահոգեբանականը։ Պետք է շատ համապարփակ բան փոխվի մեր երկրում, որ մարդը հասկանա՝ թացը չորից տարբերվում է այս երկրում, հասկանա, որ այն, ինչ–որ մարդն իր ազնիվ աշխատանքով անում է, գնահատվո՛ւմ է։ Այդ մարդը պետք է զգա, որ իր տիպի մարդիկ են առաջ գնում, այլ ոչ թե ծանոթ–բարեկամի կարգավիճակ ունեցողները։ Ես ուզում են, որ այսօր լծակներ ունեցող մարդիկ հասկանան, որ եկել է ժամանակը դուրս գալու այդ նեղ շրջանակներից ու հասարակ հայ մարդու համար իրականացնելու այդ շատ կարևոր վերափոխումները։ Ես կարծում եմ, որ դա շատ հեշտ կարելի է անել, ուղղակի պետք է ցանկություն ունենալ՝ առանց վախերի առաջ նայելով։ Եվ կարծում եմ, որ այդ դեպքում ժողովուրդը կգնա այդ մարդու հետևից։ Այսօր գործող նախագահը (որին ես հավատում եմ, իմ ընտրած նախագահն է) լավ թիմ ունենալու դեպքում, շատ ավելի լավ մարդիկ հավաքելու դեպքում, միասնական կարող ենք ստանալ այդ արդյունքը։ Երբեք ուշ չէ ինչ–որ բան փոխելու և առաջ նայելու համար։ Հայաստանը հայի համար՝ այս կարգախոսը շատ բան կարող է փոխել մեր երկրում։

–Իսկ անկախության միջոցառումներն ինչպե՞ս եք գնահատում։ Մի քիչ շա՞տ չէն այդ տեսահոլովակներն ու քարոզչությունը։

–Այդ միջոցառումներին ես էլ եմ մասնակցում, բայց երբեմն դրանք արվում են նրա համար, որ ասեն՝ ա–րել ենք։ Ես չեմ ուզում, որ այդպես լինի։ Ես ուզում եմ, որ լինեն բարձր մակարդակի միջոցառումներ։ Թող որ քիչ լինի այդ ամենը, բայց՝ որակով լինի։ Մենք պետք է կարողանանք մշակութային նման իրադարձություններին ներգրավել ժողովրդին։ Այսինքն՝ ցույց տանք, որ դուք եք գլխավոր գործող անձն այս տոնակատարության։ Պետք է դա արվի ժողովրդի համար։ Դասական երաժշտությունը տարածելը ճիշտ է, բայց կան բաներ, նույն այդ տեսահոլովակները, որ ես չեմ հավատում դրան, որովհետև արհեստական շատ բաներ կան մեջը, որոնց անկեղծությանն ու ազնվությանը ես այդքան չեմ հավատում։ Բայց բաներ էլ կան, որ իսկապես ազնիվ են արվում։ Մենք էլ բարեգործական համերգներով ենք հանդես գալու մարզերում, քանի որ այս տարի նախագահն ասել է, որ միջոցառումները ոչ միայն պետք է կենտրոնացված լինեն, այլ շրջաններում ևս յուրաքանչյուր մարդ պետք է մասնակիցը դառնա։ Ես ողջունում եմ այդ նախաձեռնությունը և կարծում եմ, որ մեր բարեգործությունն իր նպատակին կհասնի։ Այն, ինչը մենք անում ենք ամբողջ տարվա ընթացքում, այս անգամ թող մի քիչ էլ լինի ավելի բարձր հիմքերի վրա արված։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը