Հարցազրույց

23.11.2022 20:59


«Դիմումդ գրի ու դուրս արի, մարդկանց էլ էս վիճակին մի հասցրու». Արտակ Սարգսյան (տեսանյութ)

«Դիմումդ գրի ու դուրս արի, մարդկանց էլ էս վիճակին մի հասցրու». Արտակ Սարգսյան (տեսանյութ)

«Վերջին տարիների սխալ քաղաքականությունը բերեց-հասցրեց նրան, որ մարդիկ իրենց ձեռքով իրենց տնկած խաղողի այգիները քանդում են: Մարդիկ այլընտրանք չունեն, չեն կարողանում իրենց արդար քրտինքով հանապազօրյա հացը վաստակել, դրա համար էլ այս իրավիճակն է: Այս տեմպերով շարունակվելու դեպքում Արարատյան դաշտում խաղողի այգիների քանդումը կդառնա մասսայական»,-168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը:

Ըստ նրա՝ խաղողագործները շատ ծանր վիճակում են. «Գյուղացուց խաղողը չեն գնում: 2022թ. խաղողի բերքահավաքը վատ առումով աննախադեպ էր Հայաստանի պատմության մեջ՝ խաղողագործին օրը ցերեկով թալանեցին: Թալանել ասելը մեղմ է, քանի որ խաղողի ինքնարժեքից 40-50 դրամով պակաս և հերթերի գոյացության, անելանելի վիճակներում ժողովրդից խաղողը, այսպես ասած՝ թալանվեց: Եթե գլոբալ վերցնենք, մթերման խնդիր չկա, այն արհեստական է ստեղծված: Եթե օրենքը գործի, մթերող, վերամշակող և արտադրող կապը շատ սահուն կերպով առաջ կընթանա: Խնդիրները ստեղծվում են արհեստական եղանակով՝ խաղողագործությունը տապալելու, խաղողագործին ընչազուրկ դարձնելու համար: Ես չեմ կարողանում հասկանալ՝ մոտիվացիան որն է: Եթե բիզնեսի օրենքով շարժվենք, ոգելից խմիչքների արտադրությամբ զբաղվող մարդիկ ստեղծում են վերամշակելու հարմարություններ, ստանում են լիցենզիա՝ այդ գործունեությամբ զբաղվելու համար, և դրանից հետո պետք է մտածեն՝ խաղողագործի հետ ինչպես պայմանագիր կնքել՝ բերքը գնելու համար: Մեզ մոտ պարադոքս է, դա չի գործում: Եթե գործեր, յուրաքանչյուր վերամշակող պետք է խաղողագործների հետ ունենար պայմանագրեր: Օրենքով՝ Հայաստանում արտադրվող ոգելից խմիչքները պետք է արտադրվեն Հայաստանում աճեցված հայկական խաղողից: Հարցի լուծումը դա է»:

Արտակ Սարգսյանի խոսքով՝ մթերման ամենացածր գինը 2022թ. եղել է 70-155 դրամ՝ 1 կիլոգրամ տեխնիկական սորտերի խաղողի համար:

Դիտարկմանը՝ բայց Վահան Քերոբյանը նշել էր, որ մթերման ամենացածր գինը 1 կգ-ի համար եղել է 120 դրամ, նա արձագանքեց. «Վահան Քերոբյանի բոլոր հայտարարությունները մեկը մյուսին հակասում են, իրականությանը չեն համապատասխանում. Նա խաղողագործների կողմից ստախոսության համար մեդալ է ստացել: Վահան Քերոբյանն այսքան ժամանակ խաղողագործության ոլորտի համար ի՞նչ է արել, ի՞նչ է հայտարարել, և ինչի՞ առաջ է կանգնեցրել խաղողագործներին: Հայաստանում խաղողի այգիները քանդում են Վահան Քերոբյանի վարած քաղաքականության արդյունքում: Եթե համակարգող նախարարության առաջին դեմքը չի կարողանում իր ոլորտը համակարգել, և այդ ոլորտը քանդվում, վերանում է, էլ ի՞նչ… Ոչնչացրեցին խաղողագործությունը Հայաստանում: Խաղողագործները գալիս են՝ կառավարության դիմաց իրենց բողոքն են արտահայտում, Վահան Քերոբյանը մարդկանց խաբում՝ ճանապարհում է: Ինքնարժեքից 40 դրամ ցածր գնով խաղող են մթերում, դա կոչվում է հանցագործություն: Խաղողագործների այս վիճակի համար ո՞վ է մեղավոր, եթե չկա գյուղնախարարություն, կա էկոնոմիկայի նախարարություն, և այդ ոլորտը համակարգում է այդ գերատեսչությունը, ո՞վ պետք է պատասխան տա սրա համար: Խաղողագործը վերջին հույսը կորցրած՝ կենդանի այգին ոչնչացնում է, հասկանո՞ւմ եք՝ ինչ է կատարվում»:

Հարցին՝ արդյոք խաղողի այգիների քանդումը մասսայակա՞ն է, որովհետև Արմավիր խոշորացված համայնքի համայնքապետի խորհրդական Կարեն Մկրտչյանը, որը համակարգում է նաև գյուղատնտեսական ոլորտը, «Հետք»-ի հետ զրույցում ասել է, որ վերջին տարիներին մթերման տարին ավարտելուց հետո այգիները քանդելու ալիք է բարձրանում, սակայն հետո մարում է, նա պատասխանեց. «Այդ ի՞նչ աբսուրդ հայտարարություն է: Եթե մասսայական խաղողը չեն ընդունում, եթե մասսայական խաղողագործից խաղողը վերցնում, չեն վճարում, եթե մասսայական խաղողագործին սնանկացնում են, ինքնարժեքից ցածր գնով խաղող են վերցնում, մասսայականը էլ ո՞նց է լինում: Այդ խորհրդականները որ նման հայտարարություններն անում են, թող պատճառներն էլ ասեն: Նրանք նույն պատասխանատվությունը կիսում են կառավարության հետ»:

Խաղողագործների միության նախագահը խաղողագործության նկատմամբ կառավարության վերաբերմունքը վերլուծելով՝ եկել է հետևյալ եզրակացության. «Խաղողագործությունն այսօր պետք չէ Հայաստանում, ես արդեն այդպես եմ ընկալում: Ո՞նց կարող է տարիներ շարունակ նույն խնդիրը լինել և ավելի ծայրահեղ աստիճանի դառնալ, և գա-հասնի այնպիսի մի իրավիճակի, որ երիտասարդ խաղողի այգին բոլորի աչքի առաջ քանդվի, բոլորի աչքի առաջ խաղողը մնա դաշտում, բոլորի աչքի առաջ խաղողը դառնա գլխացավանք: Բայց դրա հետ աճում են նաև գինու, օղու, կոնյակի արտադրության թվերը, հիմա հասկանո՞ւմ եք՝ այս աբսուրդը որտեղից է գալիս: Եթե խաղող չեք գնում, խաղողի մշակությունը ձեզ համար հետաքրքիր չէ, ոլորտը վերացման եզրին է ու դուք ծաղկուն ձևով մեծ քանակությամբ արտադրանք եք ներկայացնում, դա ո՞նց հասկանանք»:

Արարատի և Արմավիրի մարզերի խաղողագործները նշել էին, որ իրենց հետ հանդիպման ժամանակ Վահան Քերոբյանը ասել է՝ գնացեք՝ քաղաքում աշխատեք, ամիսը 300.000 դրամ փող են տալիս: Արտակ Սարգսյանն անդրադարձավ Քերոբյանի հայտարարությանը՝ շեշտելով՝ սա արդեն վերջն է. «Եթե ՀՀ էկոնոմիկայի նախարարը նման բան է հայտարարում, դուք հասկանո՞ւմ եք՝ ինչի մասին է խոսքը: Լավ խաղողագործներից շատ-շատերը տասն անգամ ավելի բարձր մակարդակով կաշխատեին իր պաշտոնում, որ ինքն իրեն թույլ չտար նման բան ասել, մարդկանց վիրավորել, մարդկանց էմոցիաների հետ խաղալ: Բա դո՞ւ ինչ անես, եթե չես կարողանում համակարգել, թուղթուգրիչը վերցրու, դիմումդ գրի ու դուրս արի, մարդկանց էլ էս վիճակին մի հասցրու ու մատնացույց էլ մի արա՝ ով ինչ անի: Մարդիկ հող են մշակում, բարիք են ստեղծում, հայրենիք են պահում»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը