Տնտեսական

21.11.2022 13:28


Սահմանամերձ Ոսկեպարում կաթը մթերել չեն կարողանում. գյուղացին իր խնդիրների հետ մենակ է

Սահմանամերձ Ոսկեպարում կաթը մթերել չեն կարողանում. գյուղացին իր խնդիրների հետ մենակ է

Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար գյուղում կառուցված չորանոցը չի աշխատում. Բնակիչներից ով ինչպես կարողացել՝ բերքն իրացրել է, որ չփչանա։

«Մարդիկ հիմնականում ճանապարհներին կանգնելով են վաճառել հավաքած բերքը։ Համայնքապետարանը չգիտեմ, թե ինչ ծրագրով չորանոց էր սարքել, որն այդպես էլ նպատակին չծառայեց։ Հիմա էլ չգիտեմ՝ ինչ խնդիր է, չի օգտագործում։ Միայն սառնարաններում 15-17 տոննա բերք կտեղավորվի, բայց դե ի՞նչ օգուտ, որ չարդարացրեց իրեն»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է Ոսկեպարի վարչական ղեկավար Իշխան Աղբալյանը։

Իրացման դժվարությունը բնակիչներին հուզող առաջնային խնդիրներից է։ Ոսկեպարցիների եկամտի հիմնական աղբյուրն անասնապահությունն է, բայց դրանից էլ չեն կարողանում արդյունավետորեն օգտվել։

«Մի 6-7 ընտանիք կա գյուղում, որ 50-60 գլուխ անասուն է պահում։ Իրենք էլ, մյուսներն էլ չեն կարողանում իրացնել կաթը։ Անասունն էլ, որ մորթում են, կա՛մ կկարողանան վաճառել, կա՛մ՝ չէ։ Հարևան գյուղից են մեկ-մեկ գալիս կաթը հավաքում, տանում, բայց պիտի մթերման կետ լինի, որ մարդիկ իմանան՝ ամառ-ձմեռ որտեղ են մթերելու իրենց ունեցածը»,-նշում է գյուղի վարչական ղեկավարը։

Անվտանգային խնդիրը գյուղում առաջին տեղում է։ Աղբալյանը նկատում է՝ ճիշտ է, թշնամին ավելի քան երկու տարի կլինի՝ գյուղի ուղղությամբ չի կրակել, բայց զգոնությունը միշտ կա։ «Մարդիկ սովոր են կրակոցների տակ ապրելուն, խուճապի չեն մատնվում դրանցից, իրենց առօրյայով ապրում են»,-ավելացնում է գյուղի վարչական ղեկավարը։

Այս խորագրի վերջին նյութերը