Տնտեսական

20.11.2022 10:45


Մահակ՝ քաղաքացու գլխին. կառավարությունը փափուկ բարձ է դնում դրսից գումարներ ստացողների ու «խոպանչիների» գլխի տակ

Մահակ՝ քաղաքացու գլխին. կառավարությունը փափուկ բարձ է դնում դրսից գումարներ ստացողների ու «խոպանչիների» գլխի տակ

Կառավարությունը պատրաստվում է հաջորդ տարվանից մեկնարկել քաղաքացիների եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման գործընթացը։ Չնայած առաջին հայտարարագրերը կներկայացվեն 2024թ., դրանք կվերաբերեն 2023թ. եկամուտներին։

Նախատեսվում է համակարգը ներդնել փուլ առ փուլ։ Այդպես՝ 3 տարի։

Արդեն 2025թ. ակնկալվում է, որ ամբողջ բնակչությունը պարտադրված կլինի հայտարարագրել իր եկամուտները։

Այս փուլում թեև աշխատում են հնարավորինս չխոսել եկամուտների հայտարարագրման նպատակների մասին, այնուհանդերձ պարզ է, որ սրա նպատակը լինելու է մարդկանց եկամուտների հսկողությունն ու այդ եկամուտներից փող գանձելը։ Ովքեր չեն կարողանա հիմնավորել իրենց եկամուտները՝ ստիպված կլինեն դրանից եկամտային հարկ վճարել։

Համակարգի ներդրման առաջին փուլում կառավարությունը ներգրավել է նաև նրանց, ովքեր գումարներ են ստանում դրսից։ Խոսքն արտագնա աշխատանքի մեկնող մեր քաղաքացիների, նաև նրանց մասին է, ովքեր արտերկրից օգնություն են ստանում՝ այստեղ իրենց գոյությունը պահպանելու համար։

Այլ կերպ, այս խմբում ընդգրկված են, այսպես կոչված, մասնավոր տրանսֆերտներ ստացողները։

Սա նախկինում էլ եկամուտների հայտարարագրման ամենավիճահարույց կետերից մեկն է եղել։

Մարդիկ չեն կարողանում հասկանալ, թե ինչու պիտի հարկ վճարեն դրսում իրենց աշխատած կամ հարազատներից ստացած գումարների դիմաց։ Հատկապես որ, կառավարությունը կամ պետությունը որևէ կապ չունի այդ գումարների հետ։ Մարդիկ ամիսներով տուն ու տեղ թողած՝ աշխատանք են փնտրում դրսում, մի քանի կոպեկ են աշխատում, որպեսզի կարողանան հոգալ իրենց ընտանիքի կարիքները, և հիմա եկել փայ են ուզում։

Լավ օրից չէ, որ մեծ թվով քաղաքացիներ մեկնում են արտագնա աշխատանքի։ Ինչքան էլ իշխանությունները փորձում են տպավորություն ստեղծել, թե Հայաստանում բազմաթիվ թափուր աշխատատեղեր կան, բայց մեր քաղաքացիները չեն ուզում զբաղեցնել, դրանով ամբողջ ճշմարտությունը չէ, որ ասում են։ Թափուր են մնում հիմնականում այն աշխատատեղերը, որոնք քիչ են վարձատրվում, երբեմն էլ խիստ մասնագիտական են, ու ամեն մարդ չէ, որ կարող է նման աշխատանք անել։

Այդպիսի թափուր աշխատատեղեր Հայաստանում միշտ էլ եղել են ու այսօր էլ կան։

Այդ պայմաններում տասնյակ-հազարավոր քաղաքացիներ աշխատանք են փնտրում դրսում, որովհետև դրա դիմաց շատ ավելի բարձր վարձատրություն են ստանում, քան կստանային Հայաստանում։ Դրսում աշխատում են ու գումարներն ուղարկում իրենց ընտանիքներին։

Եկամուտների համատարած հայտարարագրման համակարգի ներդրումից հետո, արդեն հաջորդ տարվանից այս մարդիկ հայտնվելու են հայտարարագիր ներկայացնողների շարքում։

Հաշվի առնելով խնդրի զգայունությունը և դժգոհությունների հնարավոր ալիքը՝ կառավարությունը որոշել է փափուկ բարձ դնել դրսից եկամուտներ ստացողների գլխի տակ. 5 տարի մտադիր է նրանց ազատել այդ եկամուտների դիմաց դրսում հարկեր վճարելու վերաբերյալ փաստաթղթային հավաստիացման պահանջից։ Եթե մարդը, ենթադրենք՝ Ռուսաստանում աշխատել է ու եկամուտ ստացել, ապա պետք է այնտեղի հարկային մարմնից տեղեկանք բերի, որ այդ գումարների դիմաց հարկերը վճարել է։ Այդ տեղեկանքը պիտի ներկայացնի մեր հարկայինին, որպեսզի վերջինս որոշի՝ լրացուցիչ եկամտային հարկի պիտի գանձի՞, թե՞ ոչ։

Այս տեղեկանքի ներկայացման պահանջն է, որ 5 տարով հետաձգվում է։

Հինգ տարի հետո արտագնա աշխատանքի մեկնողը պարտադրված է լինելու այն ներկայացնել ու հիմնավորել իր ստացած եկամուտների օրինականությունը։ Հակառակ դեպքում, պիտի 20 տոկոս եկամտային հարկ վճարի պետությանը։

Մեր բազմաթիվ քաղաքացիների համար դրսում աշխատած եկամուտների օրինականությունը հաստատելը, մեղմ ասած, հեշտ չի լինելու, եթե չասենք՝ անհնարին է լինելու։ Հայտնի է, թե նրանք ինչպես են աշխատանք գտնում դրսում։ Ու եթե այս փուլում անգամ այդպիսի աշխատանքով ստացվող եկամուտների օրինականությունը հաստատող տեղեկանքի ներկայացումից նրանք ազատված կլինեն, միևնույն է՝ վաղը կանգնելու են այդ խնդրի առաջ։

Թեև այս փուլում էլ դրսից եկամուտ ստացող ոչ բոլոր քաղաքացիներն են ազատվելու այդ գլխացավանքից։ Այն վերաբերելու է տարեկան մինչև 12 մլն դրամին։ Ավելը, արդեն այլ ընթացակարգ է ու չհիմնավորված եկամուտները ենթարկվելու են եկամտային հարկով հարկման։

Դժվար է ասել, կառավարությունը հաշվարկե՞լ է, թե սրա հետևանքով ինչքան գումար չի մտնելու Հայաստան, որը ֆիզիկական անձանց անունով մտնում էր ու ծախսվում ոչ միայն մարդկանց կենցաղային խնդիրների լուծման համար, այլև վերածվում անշարժ ու շարժական գույքի, ծառայում հազար ու մի խնդրի լուծմանը, նաև բիզնես գործունեության իրականացման համար։ Հայտարարագրման այս համակարգը ներդնելուց հետո այդ գումարները, փաստաթղթով հիմնավորված չլինելու պարագայում՝ մտնելու են 20 տոկոս եկամտային հարկի դաշտ։

Դրսի հետ կապված ևս մեկ շատ կարևոր հանգամանք կա, որին կառավարությունը կարծես ուշադրություն չի էլ դարձրել։

Հայտնի է, որ այսօր Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ ապրում ու աշխատում են արտերկրում։ Ի՞նչ մեխանիզմով են հայտարարագրելու, ասենք՝ Գերմանիայում, Միացյալ Նահանգներում կամ Ռուսաստանում ապրող այս մարդկանց եկամուտները։ Կամ եթե հայտարարագրելու են չհարկված եկամուտների համար, ինչպե՞ս են այստեղ եկամտային հարկ գանձելու։

Սրանք հարցեր են, որոնց պատասխաները պարզ չեն։

Իսկ այդպիսի հարցեր այս համակարգի ներդրման հետ կապված շատ են լինելու։

Տպավորություն է, որ առանց ծանր ու թեթև անելու, ինչ-ինչ նպատակներից ելնելով կամ գուցե միջազգային կազմակերպությունների դրդմամբ, իշխանությունները հապճեպ որոշել են գնալ եկամուտների համատարած հայտարարագրման համակարգի ներդրման, երբ իրենց համար էլ շատ բան պարզ չէ։ Դա ակնհայտ դարձավ նաև նախագիծը կառավարությունում ներկայացնելու ժամանակ։ Նախագիծը ներկայացնող ֆինանսների նախարարն ինքն էլ չգիտի՝ հայտարարագրումը վերաբերելու է բոլո՞ր քաղաքացիներին, թե՞ միայն չափահասներին։ Եթե բոլորին է վերաբերելու, ինչպե՞ս են կառավարությունում պատկերացնում, թե 1 կամ 2, գուցե նաև 10 կամ 15 տարեկան երեխան հաստատի հարկայինի կողմից ներկայացված հայտարարագիրը, ու եթե այն կեղծվի, ո՞վ է պատասխանատվություն կրելու դրա համար։

Նույնը նաև տարեցներին ու բազմաթիվ այլ քաղաքացիներին է վերաբերում, ովքեր ոչ միայն ի վիճակի չեն լինելու օգտվել էլեկտրոնային համակարգից, այլև չունեն դրա հնարավորությունը, մեկ կամ երեք տարի հետո էլ հաստատ չեն ունենալու։

Այն, ինչ այսպես հեղհեղուկ ներկայացրել է կառավարությունը ու պատրաստվում է հրատապ ռեժիմով անցկացնել խորհրդարանում, առանց հաշվի առնելու դրա հնարավոր հետևանքները, անթույլատրելի է և հաստատ լավ չի ավարտվելու։ Եկամուտների համատարած հայտարարագիր ներկայացնելու ինստիտուտ ներդնելը խաղ ու պար չէ։ Այն պահանջում է մանրակրկիտ աշխատանք ու լուրջ պատրաստվածություն։ Մի բան, ինչը չի երևում կառավարության հերթական չհիմնավորված ու հապճեպ արված այս նախաձեռնությունից։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը