Աշխարհ

14.11.2022 15:36


Իրանը վերջին մի քանի օրում 2-րդ բողոքի նոտան է հանձնել Ադրբեջանի դեսպանին

Իրանը վերջին մի քանի օրում 2-րդ բողոքի նոտան է հանձնել Ադրբեջանի դեսպանին

Իրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն կանչվել է երկրի ԱԳՆ՝ բողոքի նոտայի հանձնման համար։ Այս մասին նոյեմբերի 14-ին լրագրողներին հայտնել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Նասեր Քանաանի Չաֆին, գրում է Regnum գործակալությունը։

«Ադրբեջանի Հանրապետության դեսպանին կանչել են, նրան բողոքի նոտա են տվել»,-ասել է Չաֆին։

Նրա խոսքով՝ դա արվել է Իրանում Ադրբեջանի մի շարք քաղաքացիների «հանցավոր» գործունեության հետ կապված։ Նա հայտարարել է, որ դեսպանին ներկայացվել են մեղադրանքները հաստատող ապացույցներ և փաստեր։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին Ադրբեջանը հայտարարել է, որ բացահայտել է «լրտեսական ցանց», որն իբր տեղեկատվություն է փոխանցել Իրանին։ Այս գործով հինգ մարդ է ձերբակալվել։

Նշենք, որ նոյեմբերի 11-ին, Իրանի արտաքին գործերի նախարարությունը կանչել էր Թեհրանում Ադրբեջանի դեսպանին՝ բողոքի նոտա հանձնելու այդ երկրի պաշտոնյաների և լրատվամիջոցների կողմից Իրանի դեմ իրականացվող քարոզչական արշավի կապակցությամբ։

Իրանի ԱԳՆ-ն իր խիստ բողոքն էր հայտնել ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների «ոչ բարեկամական արտահայտությունների» և այդ երկրի լրատվամիջոցների հակաիրանական արշավի կապակցությամբ՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել նման գործողությունները և ձեռնարկել արդյունավետ միջոցներ՝ կանխելու նման միտումի կրկնությունը։

Ադրբեջանի դեսպանը ափսոսանք էր հայտնել ստեղծված իրավիճակի համար և խոստացել Իրանի բողոքն անհապաղ փոխանցել Բաքվի իշխանություններին։

Հիշեցնենք, որ օրերս ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղար Նեդ Փրայսը ճեպազրույցի ժամանակ անդրադարձել էր Իրան-Ադրբեջան հարաբերություններին այն համատեքստում, որ վերջերս Թեհրանը հայտարարել էր, որ Իրանում ահաբեկչություն իրականացրած անձանցից մեկն Ադրբեջանի քաղաքացի է:

Լրագրողը հետաքրքրվել էր՝ արդյոք Միացյալ Նահանգները կկարողանա՞ կանգնել և պաշտպանել հարևան երկրներին, եթե Իրանը շարունակի իր հռետորաբանությունը նրանց դեմ։

«Աճող հռետորաբանություն կա նաև Իրանից դեպի հարևան երկրներ, ինչպիսին է Ադրբեջանը: Նրանք սպառնում են վերջերս: Նրանք նաև մի հայտարարություն են արել՝ մեղադրելով Ադրբեջանին Իրանի տարածքում ահաբեկչություն իրականացնելու համար։ Կկարողանա՞ Միացյալ Նահանգները կանգնել և պաշտպանել այդ հարևան երկրներին, եթե Իրանը շարունակի իր հռետորաբանությունը նրանց դեմ»,-հետաքրքրվել էր լրագրողը։

«Մենք շատ պարզ ասել ենք, որ Իրանը սպառնալիք է տարածաշրջանի համար: Մենք կշարունակենք կանգնել մեր գործընկերների կողքին, աջակցել նրանց և, ի վերջո, դիմակայել այն ապակայունացնող ազդեցությանը, որը ներկայացնում է Իրանը և իր տարածաշրջանում և գուցե դրանից դուրս»,-ասել էր Փրայսը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը