Տնտեսական

12.11.2022 22:08


70 միլիոն դրամի գնում ԱԳՆ-ում՝ մեկ ամսվա ընթացքում. գրենական պիտույքներ, պաստառներ, երաժշտական շոու՝ Ֆլորենս համալիրում

70 միլիոն դրամի գնում ԱԳՆ-ում՝ մեկ ամսվա ընթացքում. գրենական պիտույքներ, պաստառներ, երաժշտական շոու՝ Ֆլորենս համալիրում

Մեկ անձից գնումներ իրականացնող ամենաակտիվ գերատեսչություններից մեկն Արտաքին գործերի նախարարությունն է, որը միայն մեկ ամսվա կտրվածքով շուրջ 70 միլիոն դրամի մեկ անձից գնման պայմանագրեր է կնքել մի շարք ընկերությունների հետ՝ իրականացրել ներկայացուցչական ծախսեր։

Միայն նոյեմբեր ամսվա առաջին տասնօրյակում ՀՀ ԱԳՆ-ն մոտ 25 միլիոն դրամի մեկ անձից գնում է կատարել «Արտէքսպերտ» ՍՊԸ-ից։

Այս գումարով նշված ընկերությունից ՀՀ ԱԳՆ-ն գնել է պաստառներ, բեյջեր, ականջակալներ, գրիչներ և այլ գրենական պիտույքներ։

Արտաքին գործերի նախարարությունը ևս 17 միլիոն դրամի պայմանագիր էլ կնքել է «Կոդդարտ Գրուպ» ՍՊԸ-ի հետ։

Այդ գումարով ընկերությունը կազմակերպել է երաժշտական և պարային շոու Ֆլորենս համալիրում՝ ԵԱՏՄ միջկառավարական նիստի շրջանակում Հայաստան ժամանած հյուրերի համար։

Հիշեցնենք, որ Ֆլորենս համալիրը պատկանում է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին։

ԱԳՆ-ը հաջորդ մեկ անձից գնման պայմանագրերը կնքել է հյուրանոցային ծառայություններ մատուցող ընկերությունների հետ. առաջին պայմանագիրը կնքվել է «Երևան» հյուրանոցի հետ՝ 950 միլիոն դրամ արժեքով, երկրորդը՝ «Մյուզիք Հոլլ» ՍՊԸ-ի հետ՝ 11 միլիոն դրամ արժեքով, ևս 1.5 միլիոն դրամի պայմանագիր էլ կնքվել է «Արմենիա» հյուրանոցի հետ։

ԱԳՆ-ի հաջորդ մեկ անձից գնման պայմանագիրը կնքվել է Արմեն Մանուկյան ԱՁ-ի հետ՝ 2 միլիոն 300 հազար դրամի չափով։

Այս գումարով ՀՀ ԱԳՆ-ն նշված ընկերությունից գնել է դրոշներ։

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը