Տնտեսական

12.11.2022 11:16


Գնաճն առաջիկայում չի մեղմվելու, սոցիալական խնդիրներն ավելի խորանալու ու սրվելու են․ Կառլեն Խաչատրյան․ «Փաստ»

Գնաճն առաջիկայում չի մեղմվելու, սոցիալական խնդիրներն ավելի խորանալու ու սրվելու են․ Կառլեն Խաչատրյան․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Երկրի թիվ մեկ ֆինանսական փաստաթուղթը պետք է արտացոլի այն բոլոր առաջնահերթ խնդիրները, որոնք կան տնտեսությունում և հուզում են հասարակությանը: Անդրադառնալով 2023 թ. պետական բյուջեի նախագծին՝ այս մասին «Փաստի» հետ զրույցում ասել է տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը:

«Հաշվի առնելով առկա իրողությունները, բնականաբար, մեզ համար առաջնայինն անվտանգային խնդիրներն են, դրանից հետո՝ սոցիալական և որոշ տնտեսական հարցեր: Օրինակ՝ մենք արտահանելի հատվածի խթանման խնդիր ունենք, տնտեսության առանձին հատվածներ բավականին ծանր վիճակում են հայտնվել:Պետությունը պետք է փորձեր այդ խնդիրներին ադեկվատ լուծումներ տալ, այդ ծրագրերը պետք է իրենց արտացոլումը գտնեին բյուջեի նախագծում: 2023թ. բյուջեի նախագծի տրամաբանությունը, մեծ իմաստով, էապես չի տարբերվում նախորդ տարիների տրամաբանությունից: Անվտանգային խնդիրների տեսանկյունից դրական է, որ պաշտպանության ծախսերը նախորդ տարվա համեմատ մոտ 45 տոկոսով աճել են, բայց, մեծ հաշվով, այդ աճն ուշացած է: Պատերազմից միայն երկու տարի անց ընդամենը 45 տոկոսով ավելի գումար նախատեսելն այդքան էլ ճիշտ ժամանակին արված քայլ չէ: Այն անհրաժեշտ էր անել դեռ 2 տարի առաջ, բայց, ամեն դեպքում, լավ է ուշ, քան երբեք, և այդ իմաստով դրական արձանագրում կարող ենք անել»,-նշեց տնտեսագետը:

Որպես առաջնահերթ ուղղություն՝ Կառլեն Խաչատրյանը առանձնացրեց սոցիալական խնդիրները, որոնց հետ հասարակության մի ստվար զանգված ամեն օր բախվում է:

«Այստեղ կարող ենք շեշտել գնաճի, հատկապես պարենային ապրանքների գնաճի հանգամանքը, նաև այն, որ մարդկանց եկամուտները չեն աճում: Այս ֆոնին թվում է, թե սոցիալապես խոցելի խմբերին պետությունը պետք է բավարար չափով օժանդակություն տար, որ գոնե գնաճի ազդեցությոնը խոցելի խավի վրա առավելագույնս չեզոք լիներ: Փոխարենը տեսնում ենք, որ սոցիալական ոլորտի ծախսերը նախորդ տարվա համեմատ աճել են ընդամենը 10 տոկոսով, և այդ աճն առավելապես պայմանավորված է կենսաթոշակների ինդեքսավորմամբ, որը իրականացվեց 2022-ի սեպտեմբերից: Այդ էֆեկտը նաև հաջորդ տարի է շարունակվելու: Ընդ որում, սոցիալական բլոկի առումով հարկ եմ համարում ընդգծել, որ բյուջեում ընտանեկան նպաստի կամ սոցիալապես խոցելի խավի այլ խնդիրներ փաստացի ատացոլված չեն: Այս իմաստով սոցիալական ծրագրերին հատկացվող գումարներն ընդամենը 10 տոկոսով ավելացնելն ադեկվատ չէ, չի ծածկում անգամ գնաճը»,-նկատեց տնտեսագետը:

Ինչ վերաբերում է գալիք տարում սպասվելիք հնարավոր ռիսկերին, տնտեսագետը շեշտեց. «Կանխատեսումներ անելը բարդ ու անշնորհակալ գործ է, բայց, ամեն դեպքում, կարող ենք վստահ պնդել, որ տեղի ունեցող գնաճային երևույթներն առաջիկայում որևէ կերպ չեն մեղմվելու: Սա նշանակելու է, որ սոցիալական խնդիրները ոչ միայն չեն վերանալու, չեն մեղմվելու, այլ ավելի խորանալու ու սրվելու են»:

Կառլեն Խաչատրյանի հետ զրույցում անդրադարձանք նաև ներդրումների ցուցանիշներին, որոնք, ըստ կառավարության ներկայացուցիչների, բավականաչափ աճ են արձանագրել, ավելին՝ անգամ Սփյուռքից մեծ ներդրումներ անելու ցանկություններ կան: «Այդ ներդրումները, փաստացի, տեսանելի են միայն պետական պաշտոնյաների համար, որովհետև թե՛ վիճակագրությունը, թե՛ տնտեսությունում տիրող վիճակը, թե՛ մարդկանց կենսամակարդակը տրամագծորեն հակառակի մասին են խոսում: Եթե կան ներդումներ, և դրանք որևէ կերպ չեն նպաստում մարդկանց կենսամակարդակի փոփոխմանը, եթե այդ ներդրումներից մարդկանց եկամուտը չի բարձրանում, ներդրումներն անիմաստ են դառնում:

Իրականում ներդրումները չեն կարող մեծ ծավալի լինել, ու դրանք երբեք շոշափելի չեն կարող լինել, քանի դեռ երկրում անվտանգային խնդիրները լուծված չեն, քաղաքական անկայուն վիճակ է, սոցիալ-տնտեսական վիճակը շարունակում է ծանր լինել: Այս պարագայում ակնկալել, որ ներդրումներն էապես կշատանան, միամտություն է: Ավելին ասեմ, խոսքը ոչ միայն օտարերկրյա, այլև անգամ տեղական ներդրումների մասին է: Բավական է միայն նայել Կենտրոնական բանկի պաշտոնական տվյալները, թե իրավաբանական անձանց հաշիվների վրա որքան ազատ դրամական միջոցներ կան: Միայն այդ պատկերն ակնհայտ է դարձնում, որ բիզնեսն սպասման փուլում է»,-ասաց նա՝ շեշտելով, որ բիզնեսը կուտակած բավականին մեծ ֆինանսական միջոցներ ունի իր ընթացիկ հաշիվներին:

«Կոպիտ ասած՝ բիզնեսը փողը քնեցնում է, չի դնում շրջանառության մեջ, դրանով ավելի եկամուտ չի գեներացնում, որովհետև իր համար թե՛ անվտանգային, թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական հսկայական անորոշություններ կան: Կարծում եմ՝ դժվար է այլ ավելի մեծ ցուցիչ գտնել՝ պատկերացնելու, թե այսօր տնտեսությունում ինչ իրավիճակ է, ու ընկերություններն ինչպես են արձագանքում երկրում տիրող տնտեսական վիճակին»,-եզրափակեց տնտեսագետը»:

Այս խորագրի վերջին նյութերը