Կարծիք

11.11.2022 16:59


Պատրաստվե՞նք, թե՞ էլի հավատանք հրաշքների, սրանց օրոք

Պատրաստվե՞նք, թե՞ էլի հավատանք հրաշքների, սրանց օրոք

19․09․2020թ․ - Իլհամ Ալիևը հարցազրույց է տալիս հեռուստաընկերություններին ու ասում է․ «Ես բացասական եմ գնահատում բանակցային գործընթացի ներկա վիճակը: Փաշինյանի անհեթեթ հայտարարությունները, սադրիչ քայլերը անիմաստ են դարձնում բանակցությունները»։ Այդտեղ նաև բացահայտում է, որ Դուշանբեում Փաշինյանն իրենից ժամանակ է խնդրել՝ սահմանին չկրակել, մինչև ներսում իր քաղաքական հակառակորդների հարցերը լուծի։ Իսկ Փաշինյանն էլ, ըստ նրա, խոստացել է կառուցողական լինել։

25․09․2020թ․ - Նիկոլ Փաշինյանն ընդունում է Արցախի խորհրդարանական պատվիրակությանը և հայտարարում․ «Ես ադրբեջանցի գործընկերներին խորհուրդ եմ տալիս չգնալ այսպես ասած՝ կոնֆիդենցիալ ինֆորմացիաների բացահայտման ճանապարհով, որովհետև եթե մտանք այդ դաշտ, սկսեցինք կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ տարածել, վախենամ՝ դրանից Ադրբեջանի ներքաղաքական վիճակը հուսահատորեն ապակայունանա: Այնպես որ խորհուրդ եմ տալիս վերադառանալ կառուցողական դաշտ, չգնալ տրորված ճանապարհով»:

26․09․2020թ․ - Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Հարցազրույց եմ տվել Պետրոս Ղազարյանին և բացահայտել կոնֆիդենցիալ հանգամանքներ։ Ոչ թե մտացածին «կոնֆիդենցիալ», այլ իրական կոնֆիդենցիալ»։

27․09․2020թ․ առավոտյան սկսվում է պատերազմը։ Փաշինյանի հարցազրույցը եթեր չի գնում այլևս, «Ադրբեջանի ներքաղաքական վիճակը հուսահատորեն ապակայունացման» թեման սառեցվում է։

2 ՏԱՐԻ ԱՆՑ

10․11․2022 – Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում 30 րոպեանոց հայտարարություն է կարդում և մեղադրում Ադրբեջանին երկկողմ ու եռակողմ պայմանավորվածությունները խախտելու մեջ, ասում է՝ Ադրբեջանը ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, գերիներին վերադարձնելու, կոմունիկացիաները բացելու և մյուս բոլոր պայմանավորվածությունները խախտում է, ուզում է ցեղասպանության ենթարկել Արցախի ժողովրդին, Հայաստանից տարածքներ է օկուպացրել։

11․11․2022թ․ - Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը ծավալուն պատասխանով է հանդես գալիս՝ նշելով, թե Հայաստանի վարչապետը փորձում է Ադրբեջանի նախագահի՝ Շուշիում նոյեմբերի 8-ին ունեցած ելույթը խեղաթյուրել և Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորությունները չկատարելու տպավորություն ստեղծել․ «Հայաստանի ղեկավարության այս մոտեցումը ևս մեկ հարված է երկու պետությունների միջև հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացին»։ Նաև հայտնում են 30 տարի Ադրբեջանի ճնշված լինելու մասին։

11․11․2022թ․ - Իլհամ Ալիևը ելույթ է ունենում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթաժողովում և արձագանքում Նիկոլ Փաշինյանին։ «Այսօր մենք գտնվում ենք ադրբեջանա-հայկական սահմանի ուղղությամբ հայրենի հողերում։ Ադրբեջանն ու Հայաստանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնավարությունը համատեղ հռչակագրերով, որոնք ընդունվել են հոկտեմբերին Պրահայում ու Սոչիում։ Սա ցույց է տալիս, որ ղարաբաղյան հակամարտությունը մնացել է անցյալում»,- հայտարարում է նա՝ մեղադրելով Նիկոլ Փաշինյանին նոյեմբերի 9-ի և դրան հաջորդած պայմանավորվածությունները չկատարելու մեջ։

11․11․2022թ․ - Նիկոլ Փաշինյանը Թվիթերում արձագանքում է Իլհամ Ալիևին․ «Նախագահ Ալիևն իր վերջին ելույթում կոպտորեն խախտել է Սոչիի եռակողմ հայտարարության մեջ ամրագրված ուժի սպառնալիքից կամ ուժի կիրառումից զերծ մնալու պայմանը։

Բավականին տարօրինակ է, որ նա մեղադրում է Հայաստանին փոխհամաձայնեցված հայտարարությունները խախտելու մեջ»։

11․11․2022թ․ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ հարցազրույց է տալու Հ1-ին։

Կարծես, մեկին մեկ բռնում է, շուտով կլսենք Փաշինյանի ելույթը, որ ինչ էլ լինիъ մենք մեզ պարտված չենք համարի։ Բայց, ապագա կա՛ ապագա, ժողովուրդ ջան։

Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը