Կարծիք

11.11.2022 12:48


Ալիևը բացահայտ պահանջներ ներկայացրեց Իրանին. վերջին անգամ նման կեցվածք դրսևորել էր 1993-ին Էլիչիբեյը

Ալիևը բացահայտ պահանջներ ներկայացրեց Իրանին. վերջին անգամ նման կեցվածք դրսևորել էր 1993-ին Էլիչիբեյը

Երեկ, թյուրքալեզու ժողովուրդների 9-րդ գագաթնաժաղովի աշխատանքների ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր ելույթում բացահատորեն պահանջներ ներկայացրեց Իրանին: Նա հայտարարեց, թե թյուրքալեզու ժողովուրդներն ապրում են ոչ միայն ՄԱԿ-ի կողմից ընդունված իրենց երկրներում, քանի որ նրանց աշխարհագրական սփռվածությունը ավելի լայն տարածում ունի:

Ալիևը այս հարցում սկսեց կրկնօրինակել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Նա սիրում է ճամարտակել այդ ուղղությամբ և, ահա, Ալիևն այսօր իրեն զգում է հաղթած վիճակում և ուզում է նմանվել Էրդողանին:

Հաշվի առնելով դա՝ Ալիևը նշեց, թե նրանց շահերը ևս չպիտի անտեսվեն թյուրքալեզու ժողովուրդների կողմից: Այդ հայտարարությունից հետո նա, որպես օրինակ բերեց Իրանում ապրող ադրբեջանցիների վիճակը, որոնք, ըստ Ալիևի, զրկված են դպրոցներում կրթություն ստանալու իրավունքից մայրենի լեզվով։

Ալիևը նույնիսկ նշեց Իրանում ապրող ադրբեջանցիների թվաքանակը՝ 40 մլն, կարծես ակնարկելով, որ ժամանակն է եկել զբաղվել նաև իրենց «խնդիրներով»:

Այն, որ Ալիևը այս հարցում ունի կողմնակիցներ՝ գիտեն բոլորը: Նույն այդ գագաթնաժողովի ժամանակ Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիան միշտ «եղբայրական Ադրբեջանի» կողքն է լինելու:

Ալիևի հայտարարությունը լայնորեն մեկնաբանվեց նաև իսրայելական մամուլի էջերում: Ավելին, այնտեղ ամենաբարձր մակարդակներում սկսեցին կարծիքներ հնչեցնել, որ «Հայաստանի ջախջախումից հետո, ջախջախելու հերթը հասել է նաև Իրանին»: Արդեն խոսվում է նույնիսկ այն մասին, որ հնարավոր իրանա-ադրբեջանական բախումների պարագայում Իսրայելը բացահայտորեն պիտի մասնակցի այդ պատերազմում Իրանի դեմ:

Իրանի հասցեին շտապեց հայտարարություն տարածել նաև ԱՄՆ-ի Պետքարտուղարության խոսնակը:

Այս ամենից հետևում է, որ Իրանի դեմ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում, որտեղ մեծ է լինելու նաև Ադրբեջանի դերակատարումը:

Հասկանալի է, որ այս գործընթացներից մենք ևս չենք կարող խուսափել: Սակայն հաշվի առնելով այն «մանկապարտեզը», որը գտնվում է Հայաստանի իշխանության մեջ, կարող ենք ենթադրել, որ մեզ կարող են սպասվել ծանր ժամանակներ:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Աղբյուրը՝ zham.am

Այս խորագրի վերջին նյութերը