Լրահոս

19.09.2011 10:20


ԵՊՀ դասախոսին սպանել են, հետո այրել

ԵՊՀ դասախոսին սպանել են, հետո այրել

Սեպտեմբերի 17-ին, ժամը 17.40-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ Նալբանդյան փողոցի թիվ 25/14 շենքում հրդեհ է:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը նշված շենքի 103 բնակարանում հայտնաբերել է բնակարանատեր, 64-ամյա Արմինե Հովվյանի մարմինը` մասնակի այրվածքներով, գլխի գագաթային շրջանի կոտրվածքով, և 43-ամյա Կարեն Պետրոսյանին, որը «պարանոցի, ձախ դաստակի մատների քերծված, կտրած վերքերով, վերին շրթունքների շնչուղիների այրվածք` հարցականով և ալկոհոլային ինտոքսիկացիա» ախտորոշմամբ տեղափոխվել է Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն:

Ինչպես հայտնեցին ոստիկանությունից, փաստի առթիվ սեպտեմբերի 18-ին ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի /սպանություն/ 2-րդ մասի, 175 հոդվածի /ավազակություն/ 2-րդ մասի և 185 հոդվածի /գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը / 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ոստիկանության ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ սեպտեմբերի 17-ին, ժամը 12.00-ին, Կ. Պետրոսյանը ոգելից խմիչքի ազդեցության տակ գնացել է Ա. Հովվյանի բնակարան, որտեղ նույնպես օգտագործել է ոգելից խմիչք, ապա դիտավորյալ մուրճով մի քանի անգամ հարվածներ հասցրել Ա. Հովվյանի գլխին և սպանել նրան:

Այնուհետև հափշտակելով Ա. Հովվյանին պատկանող 40.000 դրամը և ոսկյա զարդերը` հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով հրկիզել է բնակարանը, սակայն չի կարողացել դուրս գալ:

Կ. Պետրոսյանին բնակարանից դուրս են բերել ՀՀ ԱԻՆ Հրշեջ ծառայության աշխատակիցները և տեղափոխել Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն, որտեղից Կ. Պետրոսյանը դիմել է փախուստի, սակայն ոստիկանության ծառայողների կողմից Մարգարյան-Հալաբյան փողոցների խաչմերուկից բերման է ենթարկվել բաժին:

Հափշտակված 40.000 դրամը և ոսկյա զարդերը առգրավված են:

Կարեն Պետրոսյանը ձերբակալված է:

Կատարվում է նախաքննություն:

Արմինե Հովվյանը ԵՊՀ Ռուսական բանասիրության ֆակուլտետի դասախոս էր։

Այս խորագրի վերջին նյութերը