Կարծիք

08.11.2022 13:59


Սուքիասյանը սխալ որոշումներ է կայացնում, որի հետևանքներից ավելի շատ տուժելու է ինքը

Սուքիասյանը սխալ որոշումներ է կայացնում, որի հետևանքներից ավելի շատ տուժելու է ինքը

Խաչատուր Սուքիասյանի երեկվա «վրդովմունքը» 5-րդ ալիքի լրագրողի հարցի շուրջ ավելի շատ շոու էր հիշեցնում, քան անկեղծ պոռթկում:

Այն, որ այսօր նա նյարդայնացած է դատախազության որոշման վերաբերյալ տեսանելի է նույնիսկ անզեն աչքով: Սակայն դատախազության որոշման ենթատեքստում երևում է նաև թիրախավորումը ներկայիս ՀՀ նախագահի պաշտոնում աշխատող Վահագն Խաչատուրյանի անձի մասով: Բանն այն է, որ հենց նրա որոշմամբ է Երևանի կենտրոնում գտնվող այդ շինությունը հանձնվել Սուքիասյանին պատկանող ընկերությանը:

Թե ինչ սև կատու է անցել Նիկոլ Փաշինյանի և Խաչատուր Սուքիասյանի միջև կարելի է տարբեր ենթադրություններ անել:

Ամենահավանականն այն է, որ գալիք դժվար որոշումներից առաջ Նիկոլ Փաշինյանը կրկին փորձելու է խաղացնել «թալանի» խաղաթուղթը: Ուշադրություն դարձնենք այն հանգամանքի վրա, որ բոլոր կարևոր իրադարձություններից առաջ հերթական «թալանչիիի» կամ հայտնի ռեզոնանսային գործն է սկսվում քննվել կամ դատախազության, կամ էլ դատարանների կողմից: Օրինակ՝ այս օրերին կրկին «հիշելը» հայտնի պապլավոկի դեպքի վերաբերյալ, հենց այդ շարքից է:

Բայց միայն նախկինների գործի քննումը հանրության մոտ հարցեր է առաջացնում, իսկ ինչու՞ ոչ մի գործ չի քննվում, որոնք կատարվել էին մինչ 1998 թվականը: Միթե՞ մինջև 1998-ը երկիրը կառավում էին բացառապես «սրբերը», իսկ 1998-ից հետո «թալանչիները»:

Այն, որ այդ բաժանումը կրում է խիստ արհեստական բնույթ հասկանում են բոլորը: Դեռ ավելին, հենց 90-ականներին դրվեց «թալանի» ողջ գործընթացը և նախկիններին մեղադրում էին ժամանակին, որ նրանք 1998-ի իշխանափոխությունից հետո այդ գործերը չբացահայտեցին, որի պատճառով էլ կորցրին իրենց հանրային լեգիտիմությունը:

Խաչատուր Սուքիասյանը 90-ականների ժամանակների ամենահայտնի օլիգարխներից էր, որը տեսանելի էր բոլորի համար: Այն ժամանակ նրան մեղադրում էին ոչ միայն ընդդիմության և հանրության մեծ մասը, այլև նույնիսկ իշխանության, այսպես կոչված, հակասիրադեղյանական թևը:

Այն, որ այն ժամանակ նա իշխանության սրտի գլխավոր օլիգարխներից էր, գիտեին բոլորը:

Սակայն 1998-ից հետո նա ոչ միայն չկուլակաթափվեց, այլև զարգացման նոր շունչ ստացավ: Հենց դրա համար էլ նախկին իշխանությանը հանրության մեծ մասը մեղադրում էր և հենց դրա համար նրանք նաև կորցրեցին իրենց վարկանիշը հանրության մեծ մասի մոտ:

Սակայն Սուքիասյանի պատկերացումներում ինքը, բնականաբար, «թալանչի չի», այլ «օրինական մեծահարուստ է»: Ավելին, նա սկսած 1998-ից չի օգտվել վարչական ռեսուրսներից: Իհարկե, դա չի խանգարել, որ օրինակ 1998-ից հետո եղել են տարիներ, որ երկրի պետական գլխավոր ինստիտուտների հաշիվները պահվում էին հենց Սուքիասյանի ընտանիքին պատկանող բանկում և նույնիսկ ՀՀ երկրորդ նախագահի աշխատավարձի քարտը պատկանում էր հենց նույն Սուքիասյանին պատկանող բանկին:

Կարելի էր արդյո՞ք պատկերացնել, որ օրինակ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին որևէ պետական մարմին «գործ» ունենար ընդդիմության հետ կապ ունեցող գործարարի հետ, իհարկե ոչ: Ճիշտ հակառակը, այն ժամանակվա ընդդիմադիր Վազգեն Մանուկյանին մոտ կանգնած գրեթե բոլոր գործարաներին այն ժամանակվա իշխանությունը կամ կուլակաթափեց, կամ էլ նրանք հեռացվեցին երկրից:

Իհարկե, Սուքիասյանը չուներ այն արտոնությունները, որն ունեին նախկին իշխանության մոտ կանգնած օլիգարխները, սակայն միայն վերը թվարկածը հերիք էր հասկանալու համար, որ 1998-ից հետո էլ Սուքիասյանը մնաց մեծահարուստ և չհեռացավ երկրից: Չհիշեցնենք, թե ինչ կատարվեց ՀՀՇ-ի ժամանակների այն մեծահարուստների հետ, որոնք «լեզու չգտան» այն ժամանակվա իշխանության հետ: Կարելի է այդ մասին մեծ հատորներով գործեր ներկայացնել:

Սակայն ի ուրախություն Սուքիասյանի, 1998-ից հետո, իշխանությունը չգնաց կուլակաթափման ճանապարհով, դրանով իսկ զրկվելով հանրային լեգիտիմությունից:

Իսկ այսօր Սուքիասյանը չի ուզում իրեն տեսնել հայելիում, բայց խրոխտ ձևով հայտարարում է, որ ինքը նախկինների «միլիարդները» չունի:

Ավելին, փորձելով հաճոյանալ Փաշինյանին, լրագրողներին պատվիրում է անձնական բնույթի հարձակումներ իրականացնել ՀՀ երկրորդ նախագահի ընտանիքի անդամների վրա:

Սուքիասյանը չի հասկանում, հավանաբար, քաղաքական պատկերացում չունենալու պատճառով, որ իր նման պահվածքը, մեղմ ասած, ոչ միայն հարգի չէ, այլև չի փրկելու իրեն նույնիսկ փաշինյանական իշխանության մասնակի գիլյոտինից:

Պատճառն էլ է հասկանալի: Փաշինյանի այսօրվա վարկանիշը խիստ տարբերվում է 2018-ի իր վարկանիշից: Եթե այն ժամանակ նրա ցանկացած քայլ ողջունվում էր անվերապահ հանրության կողմից, ապա այսօր, ճիշտ հակառակը, նրա ցանկացած քայլ բացասական է ընկալվում: Այդ իսկ պատճառով, նա չի կարողանում կրկին լեգիտիմացվել հանրության մոտ միայն նախկինների վրա գործեր բացելով: Նրան արդեն հարցնում են, իսկ ինչու՞ քո յուրայինների վրա գործեր չես բացում: Ավելին, Փաշինյանը հասկացել է, որ եթե այդպես շարունակվի, ապա նախկինների գործերի հանդեպ հանրության վերաբերմունքը կարող է փոխվել: Ահա թե ինչու է իրեն օդի ու ջրի պես անհրաժեշտ, որ նմանատիպ գործեր բացվեն նաև իր թիմակիցների նկատմամբ:

Այդ շարքում ամենա տեսանելի դեմքը հենց Սուքիասյանն է, որ մինչ 1998-ի շրջանը իշխանության սրտի ամենախոշոր օլիգարխներից էր:

Հենց նա էլ պիտի, ըստ Փաշինյանի, դառնա այդ շարքի սակրալ զոհը:

Սուքիասյանը դեռ գոհ պետք է լինի, որ նրա հանդեպ այդ չափ մեղմ է վերաբերմունքը:

ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների փուլն արդեն ավարտվել է, երբ Սուքիասյանը կարող էր միաժամանակ և զոհի կարգավիճակով հանդես գալ, ստանալով «խելոք մեծահարուստի» իմիջը և միաժամանակ օգտվել բազմաթիվ հնարավորություններից, պահպանել իր նախկինում ձեռք բերված հարստությունը:

Հետագայում նա այլևս այդպիսի հանդարտ կյանք չի ունենալու մի շարք պատճառներով: Նախ Փաշինյանը բացել է «ապորինի հարստացման» գործընթացի պանդորայի արկղը, որը բումերանգի օրենքի համաձայն, անխուսափելիորեն վերադառնալու է նաև Սուքիասյանին և բացի այդ, թե փաշինյանական, և թե հետփաշինյանական իշխանությանը շահավետ չի լինելու Սուքիասյանի կողմից սկզբնական կապիտալի կուտակման ժամանակները ծածկադմփոց անել, քանի որ դրանից այդ իշխանությունը միայն վարկանիշ է կորցնելու:

Սուքիասյանն այս ամենը, իհարկե, չի հասկանում, քանի որ Հայաստանում ոչ մի մեծահարուստ չի համարում, որ իր սկզբնական կապիտալը անօրինական է ձեռք բերվել, մինչդեռ մյուս մեծահարուստներին համարում է թալանչիներ:

Այս դեպքում էր Սուքիասյանը մյուս բոլոր մեծահարուստներին, հատկապես ղարաբաղյան ծագում ունեցողներին, համարում է «թալանչիներ», իսկ իրեն իհարկե ոչ:

Մինչդեռ իրականում ղարաբաղցիներին հենց նրա համար սկսեցին չսիրել, որ նրանք 1998-ից հետո ոչ միայն չկուլակաթափեցին Սուքիասյանին և նրա տիպի մյուս գործարարներին, այլև իրենց ինտեգրեցին հանրության մեջ, փաստացի լեգիտիմացնելով իրենց հանրության աչքերում:

Եվ ահա ներկայիս Սուքիասյանն իրեն չպատժողներին անվանում է «թալանչիներ», ժպիտ առաջացնելով հանրության մոտ և բացահայտելով այն իրականությունը, որ 1998-ից հետո իրական արդարություն չհաստատելը հենց բերեց մեզ այս իրավիճակին: Իհարկե, խոսքը այն մասին չէր, որ բոլորին պետք էր կուլակաթափել, իհարկե՝ ոչ: Պարզապես բոլորն էլ գիտեին թե ինչ այլանդակություններ էր կատարվել 90-ականներին, և եթե գոնե հայտնի և տեսանելի գործերը բացահայտվեին այն ժամանակ, ապա հանրության մոտ կառաջանար արդարության զգացմունք և իշխանությունը չէր կորցնի իր հանրային լեգիտիմությունը, երբ նույնիսկ այն ժամանակվա տնտեսական աճն իրական բնույթ էր կրում, տատանվելով երկնիշ թվերի մեջ:

Հենց այդ անարդարության զգացումը սկզբում բերեց 2008-ի Մարտի 1-ի դեպքերին, իսկ հետո եղավ 2018-ը:

Ճակատագրի հեգնանքով այն հանրային պահանջը, որ պիտի կատարվեր 1998-ին, այլասերված ձևով փորձ է կատարվում այսօր իրականացնել: Բայց քչերն են հավատում, որ դա չի լինելու իմիտացիա, մանավանդ որ ընդամենը մի շենքի սեփականաշնորհման գործընթացը ապօրինի ճանաչելը դա կաթիլ է ծովում, այն էլ կարող է օգուտ լինել Սուքիասյանի համար, քանի որ ինչպես իրենք են սիրում օգտագործել հայտնի բանաձևը՝ «պիտի զոհաբերես փոքր մասը, որպեսզի փրկես մեծ մասը»:

Այնպես, որ Սուքիասյանը դեռ օգուտով կարող է դուրս գալ այս գործընթացից, բայց դա կունենա ժամանակավոր բնույթ: Քանզի Ղարաբաղի կորուստն ու 4000-ից ավել զոհերը հանրության մոտ առաջացրել են բոլորովին այլ իրավիճակ, այդ թվում նաև սկզբնական կապիտալի կուտակման հարցում և հատկապես այն շրջանակների հանդեպ, ովքեր այս կամ այն չափով կապված են այսօրվա իշխանության հետ և անուղղակի կրում են վերը նշված բոլոր կորուստների համար պատասխանատվությունը:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Աղբյուրը՝ zham.am

Այս խորագրի վերջին նյութերը