Լրահոս

19.09.2011 09:01


Եվրոպայի Հայերի Համագումար. «Սփյուռքը իրավասու պիտի լինի խոսելու Հայաստանի բնակչությանը հուզող կենսական հարցերի մասին»

Եվրոպայի Հայերի Համագումարը շնորհավորում է Հայաստանի Երրորդ Հանրապետության ծնունդը եւ մաղթում որ հայ ժողովուրդը լինի դա Հայաստանում, Արցախում, Ջավախքում, թե ողջ աշխարհով մեկ ցրված՝ երջանիկ ապրելու եւ հայրենիքի հզորության եւ զարգացման տեսլականով ու հավատքով ամրապնդված իր կենսատու եւ անմար ներուժով կառուցի իր ապագան:

Քսան տարի առաջ 1991 թվականի սեպտեմբերին, 88 թվականի կործանարար երկրաշարժի փլատակների տակ եւ Արցախյան ազատագրական պատերազմի թեժ հնոցի մեջ Հայաստանը իր ողջ բնակչությամբ ի լուր աշխարհի հայտարարեց իր ազատ եւ անկախ ապրելու ցանկությունը եւ կամքը:

Սփյուռքը նույնպես ամբողջությամբ իր լավագույն զավակներով ոգեւորությամբ ընդունեց անկախության հռչակագիրը եւ լծվեց հայրենիքը վերակառուցելու սրբազան գործին:

Անկախության սկզբնական տարիներին ամենամեծ ձեռքբերումը Արցախի անկախացումն էր, ազգային բանակի կազմավորումը եւ հայկական ոգու հաղթանակը: Իր քաջարի զավակների արյան գնով ձեռք բերած անկախությունն ու ազատությունը պահպանելու հավատքը անսպառ էր եւ ապագայի նկատմամբ հույսը անմար:

Սփյուռքահայության մոտ հետզհետե երազական հայրենիքին եկավ փոխարինելու առարկայական, շոշափելի հայրենիքը իր բոլոր դրական ու բացասական երեւույթներով եւ ծնվեց այն հույսը, որ վերջապես վերջ կտրվի հայի ճակատագիր հանդիսացող թափառականությանը եւ բոլոր կարավանները կուղղվեն դեպի հայրենիք:

Անկախության առաջին տարիների անգիտության եւ անփորձության ինչպես նաեւ Արցախյան պատերազմի պայմաններում գիտակցաբար կամ անգիտակցաբար քանդվեցին անցյալի քիչ թե շատ գոյություն ունեցող հասարակական կառույցներն ու քաղաքական համակարգը եւ փոխարինվեցին նոր բայց թերի օրենսդրությամբ եւ համակարգով: Արմատական փոփոխությունների շարքում ոչ կշռադատված սեփականաշնորհումը հասարակությունից խլեց իր հարստությունն ու բարվոք ապրելու գրավականը: Կարճ ժամանակում հասարակությունը բաժանվեց ունեւորների փոքրաթիվ եւ ընչազուրկների միլիոնանոց բանակի:

Օրինախախտումներն ու չարաշահումները, անարդարությունն ու կողոպուտը փոխանակ վերանալու ցավոք ավելի արմատավորվեցին եւ ճյուղավորվեցին: Աշխարհի եւ միջազգային կառույցների հետ շփման ընթացքում թեեւ երկիրը ապրեց ու ապրում է որոշակի զարգացման փուլ, ստեղծվեցին պետական, հասարակական նորանոր կառույցներ, սակայն հիմնականում ժողովրդավարության եւ ազատ լրատվության միջոցների՝ հատկապես ազատ հեռուստատեսության եւ անկաշկանդ քաղաքական մրցակցության բացակայության պայմաններում սկսվեց բացթողումների մի ամբողջ շարան, որը ավելի խորացրեց տիրող անարդարությունն ու հասարակության շերտավորումը:

Հայությունը նորից բռնեց գաղթականի ճամբան եւ ցեղասպանությունից հետո կատարվեց ու դեռ շարունակվում է ազգի համար ամենամեծ ողբերգությունը հանդիսացող ազգակործան արտագաղթը...

Անկախության տոնակատարությունների այս օրերին շատերն են կենտրոնանալու միայն ձեռքբերումների վրա եւ վստահ ենք, որ հայրենի հեռուստակայանները ցուցադրելու եւ հայտնելու են իրական ու ոչ իրական բազում ձեռքբերումների ու ցնցող միջոցառումների մասին: Մեր նպատակն է չկրկնելով նրանց՝ առավել անդրադառնալ ներկայի մարտահրավերներին ու կնճռոտ խնդիրներին, քանի որ թերությունները եւ սխալները ճանաչելով եւ ընդունելով միայն կարելի է վերացնել եւ ուղի բանալ դեպի հուսալի ապագա:

Անկախությունը յուրաքանչյուր ազգի համար սրբություն է, իսկ ազատությունը այդ անկախությունը պահելու ամենակենսական երաշխիքը: Ազգերն ու ժողովուրդները ձգտում են անկախության եւ ազատության, որպեսզի ապրեն երջանիկ ու մարդկային կյանքով, իսկ ազատ ու մարդավայել ապրելու համար հարկավոր է պայքարել եւ ստեղծել այնպիսի մի հասարակություն, ուր կիշխի ժողովրդավարությունն ու արդարությունը, քանի որ առանց ժողովրդավարության եւ սոցիալական արդարության, առանց հասարակական վստահության եւ միահամուռ մասնակցության ոչ մի երկիր ու ժողովուրդ չի կարող հասնել երջանկության, լինել առողջ հասարակություն եւ ունենալ զարգացման իրական հեռանկար:

Ոմանք ցավոք ազատության եւ ժողովրդավարության բուն իմաստը աղավաղելով զայն հրամցնում են որպես դրսից ներմուծված երեւույթ եւ անհարիր բոլոր ազգերին, սակայն ճշմարտությունը այն է, որ դրանք համապարփակ ու համընդհանուր հասկացություններ են կիրառելի բոլոր հասարակությունների համար:

Սփյուռքը ունի հզոր պոտենցիալ եւ այդ պոտենցիալը չի գտնվում ավանդական կարույցների վերահսկողության ներքո եւ որը կարելի է լավագույնս ծառայեցնել համահայկական նպատակներին, միայն եթե Հայաստան- Սփյուռք հարաբերությունները հիմնվեն եւ արմատավորվեն փոխադարձ հարգանքի եւ վստահության հիման վրա: Այսքան չարչկված սփյուռքյան իրական ներդրումների մասին կարելի է խոսել միայն այն պարագային երբ իրավամբ վերանան տեսանելի ու անտես բոլոր պատնեշները եւ արհեստական խոչնդոտները:

Մի քանի օրից սկսվելու է Հայաստան- Սփյուռք հերթական համագումարը: Համագումարի կազմակերպիչները այս անգամ եւս օգտագործել են հենց Հայաստանի Հանրապետության Անկախության առիթը: Ուստի թույլատրելի է այստեղ այդ կապակցությամբ արծարծել մի քանի հարցեր:

Քննարկելով համաժողովի թեմաները եւ օրակարգը, ինչպես նաեւ ելույթ ունեցողների եւ նիստերը վարողների ցանկը նկատում ենք, որ գլխավոր դերակատարները դարձյալ դաշնակցության գլխավորությամբ այսպես կոչված ավանդական կուսակցություններն են, մինչդեռ բազմամիլիոնանոց սփյուռքը ի բնէ միասնական է եւ անկուսակցական:

Այս խնդիրը այսօր առավել առտառոց է դառնում երբ նկատի ենք առնում որ ավանդական կուսակցությունները եւ մանավանդ Դաշնակցությունը արդեն իսկ սփյուռքյան կառույցներ չեն եւ մաս են կազմում Հայաստանի ներքաղաքական դասին:

Իսկ պաշտոնապես հայտարարված քննարկվող կարեւոր թեմաների կողքին ցանկալի էր, որպես թեմա ունենալ նաեւ Հայաստանի ներքին հասարակական, քաղաքական հարցերը շոշափող խնդիրների քննարկում:

Բազմամիլիոնանոց սփյուռքը իրավասու պիտի լինի խոսելու Հայաստանին ու նրա բնակչությանը հուզող կենսական հարցերի մասին:

Եվրոպայի Հայերի Համագումարը սիրով ընդունելով համաժողովին մասնակցելու հրավերը վստահ է, որ Հայաստան –Սփյուռք համաժողովին հատկապես անկախության այս բարեբաստիկ առիթով իրենց ձայնը պիտի ունենան Հայաստանյան եւ Սփյուռքյան բոլոր ուղղությունները առանց խտրականության եւ բացառության: Վստահ ենք որ ոչ մի սփյուռքահայ ներկայացուցիչ համաժողովին չի մասնակցում կեր ու խումի, լոկ պաշտոնական ելույթներ լսելու եւ զբոսաշրջիկության համար:

Անկախության այս բարեբաստիկ առիթով ցանկանում ենք որ մեր հայրենիքը մնա միշտ անկախ, մեր ժողովուրդը անվտանգ, մեր երիտասարդ սերունդը ապագայի վառ հույսերով ամրացած, հայրենիքի սահմանները պաշտպանող մեր քաջարի բանակը հզոր ու միշտ հաղթական, եւ սնապարծությունից հեռու մեր ազգային հպարտությունը վերականգնված:

Եվրոպայի Հայերի Համագումար

Այս խորագրի վերջին նյութերը