Կարծիք

04.11.2022 13:48


Այս անգամ էլ ցո՛ւյց տանք թշնամուն հայի միասնության, դարերից եկող մարտարվեստի ուժը (տեսանյութ)

Այս անգամ էլ ցո՛ւյց տանք թշնամուն հայի միասնության, դարերից եկող մարտարվեստի ուժը (տեսանյութ)

Արցախյան առաջին պատերազմից մինչև այսօր ես տեսել եմ իրար հաջորդող սերունդներ, որոնց համար Հայրենիքին ծառայելը բարձրագույն պատի՛վ էր, առաքելություն։ Նրանցից յուրաքանչյուրն իր հերոսական հետքն է թողել մեր նորագույն պատմության մեջ, ինչպես Արթուր և Արսեն Աղասյանները՝ եղբայրներ, ովքեր, 44-օրյա պատերազմի օրերին լինելով մարտական գործողությունների տարբեր կիզակետերում, նույն օրը՝ 2020-ի հոկտեմբերի 2-ին, իրենց կյանքը նվիրեցին Արցախի փրկությանը։

Արթուրին հիշում եմ դեռևս 2016-ից, երբ լինելով շարքային զինվոր, տարիքով ամենափոքրը ծառայակից ընկերներից՝ նա նշանակվել էր դիրքի ավագ և ապրիլյան պատերազմի օրերին հիանալի կերպով կառավարել իր անձնակազմը։ Իրենց առջև դրված խնդիրը կատարելիս այդ փոքրամարմին երիտասարդն ու իր ընկերները, մեջք մեջքի տված ոչնչացրել էին իրենց ֆիզիկապես գերազանցող աժդահա հրոսակներին՝ թշնամու հատուկ նշանակության ջոկատայիններին ու որպես սրբություն պահել, պահպանել իրենց վստահված բարձունքը։

ՆՐԱՆՔ ՏԵ՛Ր ԷԻՆ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ, և այդ գիտակցումը նրանց փոքր մարմինները դարձել էր ուժեղ, խրոխտ, անպարտելի։

Գնահատելով Արթուրի սխրանքն ու մարտավարական արագ, արդարացված որոշումները՝ ես շնորհեցի նրան լեյտենանտի կոչում։ Նա պարգևատրվեց նաև «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, արժանացավ 2016 թ․ Հատուկ մրցանակի։ Ու շարունակեց ծառայել Արցախի Պաշտպանության բանակում՝ որպես ավագ լեյտենանտ, հետագայում վաշտի հրամանատար, կապիտան։ Այդ ժամանակ նա չէր կարող անգամ պատկերացնել, որ ընդամենը ամիսներ անց, երբ սկսվի պատերազմը՝ 2020-ի հոկտեմբերի 1-ին, իրեն շնորհվելու է Արցախի Հանրապետության բարձրագույն՝ Արցախի հերոսի կոչումը, ․․․իսկ մեկ օր հետո ինքն ու եղբայրը՝ զինվոր, հետախույզ, որ տարբեր դիրքերում կենաց-մահու կռիվ էին տալիս Հայրենիքը պաշտպանելու համար, պիտի հեռանային՝ ճանապարհով դեպի հավերժություն։

Անուն առ անուն վերհիշելով մեր զոհված որդիներին, եղբայրներին, մարտական, ծառայակից ընկերներին, համադրելով անցյալն ու ներկան, հաղթանակներն ու պարտությունը՝ մենք մեզ հարց պիտի տանք՝ ի՛նչ պատասխան ենք տալու այն մայրերին, ովքեր Արցախի, Հայաստանի պաշտպանության համար իրենց ամենասո՛ւրբն են նվիրել ու ապրելու իմաստը, ցանկությունը կորցրել են, ի՛նչ պատասխան ենք տալու այն կանանց, աղջիկներին, որոնց սիրո, երազանքների պատմությունն ընդհատվել է, և երջանկությունը անցյալ ժամանակ ունի այլևս։

Պատասխան դեռ չունենք։ Միայն պարտք՝ մեր հերոսների կիսատ թողած կռիվը շարունակելու, ավարտին հասցնելու ու ասելու, որ ՄԵ՛ՆՔ ԵՆՔ ՏԵՐԸ ՄԵՐ ԵՐԿՐԻ։

Սիրելի՛ հայրենակից

Դու պարտավոր ես դառնալ այդ պայքարի մի զարկը և նոյեմբերի 5-ին՝ մեր Բանակի փառապանծ Հետախույզների օրը, ժամը 15։00, գալ Ֆրանսիայի հրապարակ՝ Միասնության հանրահավաքի՝ հավատալով, որ միասին մենք կարո՛ղ ենք։

Խոսքս ուղղում եմ նաև մեր հաղթանակները կերտած հրամանատարներին, մարտական, ծառայակից ընկերներին, պահեստազորի զինվորականներին․ ժամանակն է, որ կանգնեք մեր կողքին, մեր պայքարի առաջին գծում, ու այս անգամ էլ ցո՛ւյց տանք թշնամուն հայի միասնության, դարերից եկող մարտարվեստի ուժը։

Սեյրան Օհանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը