Կարծիք

02.11.2022 13:52


Սոչիի հայտարարության, Փաշինյանի մասին և ի՞նչ անել, որ իրավիճակը հնարավոր լինի փոխել

Սոչիի հայտարարության, Փաշինյանի մասին և ի՞նչ անել, որ իրավիճակը հնարավոր լինի փոխել

Այսօր շատերն են հարցադրում անում, թե ինչո՞ւ Սոչիում այդպես էլ Արցախի մասին ոչ մի բառ չնշվեց:

Կարծում ենք, որ դրա պատասխանը արդեն ակնհայտ է հանրության ճնշող մեծամասնության համար: Նիկոլ Փաշինյանի չորս տարվա քաղաքականության արդյունքում վիժեցվեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները: Դա դուռ բացեց Ադրբեջանի ագրեսիայի համար, որի արդյունքներով էլ կարելի է բացատրել Բաքվի հաջողությունները դիվանագիտական հարթակներում:

Ավելին, Փաշինյանն այն աստիճանի իջեցրեց Հայաստանի պահանջները, որ Ղարաբաղի մասին որևէ խոսք անգամ չի ընդունվում Ադրբեջանի կողմից: Իսկ հաշվի առնելով, որ Ադրբեջանը հաղթող կողմ է համարվում, բոլոր միջնորդները ավելի շատ ստիպված են հաշվի նստել ուժեղ կողմի հետ: Սա քաղաքագիտության ամենատարրական խաղի կանոններից է: Այս պարագայում Հայաստանը դիվանագիտական հարթակներում միայն կորուստներ կարող է արձանագրել: Առավել ևս, եթե ստորագրվի ինչ-որ կոնկրետ փաստաթուղթ:

Մյուս կողմից, դիվանագիտական հարթակներում բանակցություններից հրաժարվելը հղի է մյուս վտանգով, այն է՝ Ադրբեջանը դա կարող է օգտագործել որպես պատրվակ և սկսել նոր ռազմական գործողություններ առանց այդ էլ թուլացած Հայաստանի դեմ, որի արդյունքում մենք կունենանք նոր կորուստներ թե՛ տարածքների, և թե՛ մարդկանց տեսքով:

Այդ իսկ պատճառով մեզ անհրաժեշտ է Ադրբեջանի հետ աշխատելու նոր ռազմավարություն, որն իր մեջ կներառի մի քանի բաղադրիչ՝

Առաջին

Պետք է փոխվի բանակցողը, որպեսզի Հայաստանը հանդես չգա պարտության դեմքով: Պարտության դեմքը ենթադրում է միջնորդների մոտ, որ հայ ժողովուրդը համակերպվել է Ադրբեջանի հաղթանակների հետ և պատրաստ է այն ամրագրել թղթի վրա: Այդ պարագայում ինչո՞ւ պիտի միջնորդները հակադրվեն Ադրբեջանի պահանջների հետ, եթե հայ ժողովուրդը, փաստացի, համաձայն է բավարարել Բաքվի պահանջները

Երկրորդ

Նոր բանակցողը չպիտի տղայական կեղծ ռազմահայրենասիրական թեզիսներով հանդես գա, քանզի դրան Ադրբեջանը կպատասխանի ուժով և Հայաստանը կհայտնվի նույն վիճակում, ինչպիսին որ այսօր է:

Երրորդ

Նոր բանակցողը չպետք է հայ-ադրբեջանական բանակցային ֆորմատը մրցակցության մեջ դնի գերտերությունների պայքարում, քանզի դրանից բացառապես կշահի Ադրբեջանը: Նա հաղթող կողմն է և ուրեմն նա ունի ավելի մեծ հնարավորություն օգտվելու այդ մրցակցությունից: Եվ ճիշտ հակառակը, եթե բանակցությունները ընթանան բացառապես Մոսկվա-Երևան-Բաքու ֆորմատով, ապա այստեղ Բաքվի պահանջները ավելի հեշտ կլինի սանձել, քանի որ նա լրացուցիչ ճնշման միջոց չի ունենա միջնորդի վրա:

Մինջև 2018-ը ճիշտ հակառակ վիճակն էր: Մեզ էր շահավետ գերտերությունների մրցակցությունը, քանզի մենք էինք ուժեղ կողմը: Հենց դրա պատճառով էր, որ Մինսկի խմբի շրջանակներում մեզ՝ սկսած 2007-ից, հաջողվեց փոխել Արցախի խնդրի կարգավորման վերաբերյալ ողջ բանակցային տրամաբանությունը:

Չորրորդ

Հայաստանը պարտվելով նախորդ պատերազմում՝ պետք է նոր շունչ քաշելու ժամանակ ունենա: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ մենք ադապտացնենք մեր տնտեսությունը այս նոր իրավիճակին: Մարդկանցից հանենք խուճապային տրամադրությունները, վախը՝ նոր պատերազմից: Դրա համար մեզ անհրաժեշտ է, որպեսզի տարածաշրջանում հաստատվի տևական ժամանակով խաղաղություն:

Պետք է բացվեն տրանսպորտային բոլոր տեսակի կոմունիկացիաները՝ բացառելով, իհարկե, միջանցքային տրամաբանությունը:

Երկու երկրների միջև պիտի սկսվի նոր խաղաղ գոյակցության գործընթաց, սահմանների դելիմիտացիա, և դա պիտի իրականացվի այնպես, որ դրանից չտուժեն մեր քաղաքացիները, ինչպես դա եղավ Սյունիքում:

Նոր իրավիճակը ենթադրում է նաև նոր մոտեցումներ: Արցախի հայապահպանման համար անհրաժեշտ է Հայաստանում ձևավորել նոր հայեցակարգ: Մենք պիտի այնպիսի համակարգ ձևավորենք, որ Արցախում և սահմանին մոտ գոտիներում ավելի շահավետ լինի ապրելը:

Չպետք է բացառել նոր տնտեսական գոտիներ ստեղծելու հարցը, որպեսզի հայը ապրի և արարի Արցախում և սահմանին մոտ գոտիներում:

Ավելորդ է ասել, որ հին վատ բարքերի վերադարձը նույնպես պետք է բացառվի, քանզի մենք ավելորդ ռեսուրսներ չունենք նոր մարդկանց խմբերի հարստացնելու երկրի բյուջեի հաշվին: Մեզ պետք է ոչ միայն ուժեղ, այլև արդար Հայաստան կերտել, որտեղ իրեն լիարժեք տեր կզգան բոլոր մեր քաղաքացիները:

Հինգերորդ

Արցախի կարգավիճակի ստատուս-քվոն պիտի պահպանենք ամեն գնով, իսկ դրա երաշխիքը Հայաստանի հզորացումն է և խելացի արտաքին քաղաքականության վարումը: Որի արդյունքում մեր հիմնական գործընկերների վստահությունը մեր հանդեպ ոչ թե կպակասի, ինչպես որ այսօր է, այլ ճիշտ հակառակը՝ կավելանա:

Միայն վստահության արդյունքում մենք կարող ենք ակնկալել աջակցություն մեր հիմնական գործընկերների կողմից՝ սկսած տնտեսական խնդիրների աջակցությունից, վերջացրած ռազմականով:

Հաջորդ բանակցողը ստանալու է Փաշինյանից ծանր, անչափ ծանր ժառանգություն: Բայց այս է իրավիճակը, և մենք այլ Հայրենիք չունենք, և պարտավոր ենք պատրաստ լինել ծառայելու մեր երկրին անվերապահ, քանզի միայն այդպիսի առաքելությամբ է հնարավոր դուրս բերել երկիրը այս ծանր իրավիճակից:

Դավիթ Մկրտչյան

Աղբյուրը՝ zham.am

Այս խորագրի վերջին նյութերը