Աշխարհ

31.10.2022 11:29


Դեմ ենք օտարերկրացիների ներկայությանը տարածաշրջանում․ Աբդոլլահիանը՝ Բայրամովին

Դեմ ենք օտարերկրացիների ներկայությանը տարածաշրջանում․ Աբդոլլահիանը՝ Բայրամովին

Իրանի ԱԳ նախարարը մերժել է տարածաշրջանում օտար ուժերի ներկայությունը, ինչը, ըստ նրա, ավելի կբարդացնի տարածաշրջանային իրավիճակը, գրում է Tasnim-ը:

Կիրակի կայացած հեռախոսազրույցում Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և նրա ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովը քննարկել են երկկողմ, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային ասպարեզներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։

Իրանցի դիվանագետն ընդգծել է տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ հավելելով. «Մենք կարծում ենք, որ օտարերկրացիների ներկայությունը տարածաշրջանում բարդացնում է իրավիճակը, և մենք դեմ ենք նրանց ներկայությանը: Մենք դա համարում ենք տարածաշրջանային խաղաղության, կայունության և համագործակցության դեմ»։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը հետամուտ է Կովկասում վեճերի ճիշտ լուծմանը «3+3» ձևաչափով (Հայաստանի, Ադրբեջան, Վրաստանի - Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպումների և տարածաշրջանային մեխանիզմների միջոցով և միշտ կշարունակի ջանքեր գործադրել՝ լուծելու Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա խնդիրները»,- հայտարարել է նա։

Իրանցի բարձրաստիճան դիվանագետը նաև հավելել է. «Տարածաշրջանի անվտանգությունը մենք դիտարկում ենք որպես փոխկապակցված խնդիր, իսկ Ադրբեջանի Հանրապետության անվտանգությունը դիտարկում ենք որպես տարածաշրջանի և Իրանի անվտանգություն»։

Բայրամովը, իր հերթին, բարձր է գնահատել Թեհրանի դերը տարածաշրջանային խաղաղության և կայունության վերականգնմանն ուղղված ջանքերում։

Բայրամովը ևս դեմ է արտահայտվել տարածաշրջանում օտարերկրյա ուժերի տեղակայմանը և ընդգծել տարածաշրջանային համագործակցության շարունակումը, այդ թվում՝ «3+3» հանդիպումների ձևաչափով, որպեսզի դա օգնի տարածաշրջանում կայունության և անվտանգության պահպանմանը։

Հիշեցնենք, որ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը վերջերս հայտարարել է, որ պաշտոնական Թեհրանը Հայաստանի անվտանգությունը համարում է Իրանի Իսլամական Հանրապետության և տարածաշրջանի անվտանգություն:

«Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական հակամարտությունները մտահոգություններ են ստեղծել տարածաշրջանում: Կովկասյան տարածաշրջանը զգայուն շրջան է ապրում: Մենք կարծում ենք, որ կովկասյան տարածաշրջանում երկրների տարածքային ամբողջականության հարգմանը որպես սկզբունք պետք է լուրջ ուշադրություն դարձվի: Մենք ուրախ ենք, որ Թեհրանի և Երևանի հարաբերությունները ճիշտ ուղու վրա են և առաջընթաց են ապրում: Հայաստանի անվտանգությունը համարում ենք Իրանի Իսլամական Հանրապետության և տարածաշրջանի անվտանգությունը։ Մենք հստակ հայտարարել ենք մեր անհանգստությունը տարածաշրջանում օտար ուժերի ներկայության պատճառ հանդիսացող ցանկացած գործողության վերաբերյալ»,-ասել էր դիվանագետը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը