Տնտեսական

28.10.2022 13:30


Կառավարությունը մտադիր է միկրոբիզնեսից 13 մլն դոլարի հավելյալ հարկ գանձել

Կառավարությունը մտադիր է միկրոբիզնեսից 13 մլն դոլարի հավելյալ հարկ գանձել

Պարզվում է, միկրոձեռնարկատիրական գործունեություն իրականացնողների քանակը Հայաստանում շատ ավելին է, քան կառավարությունը կանխատեսել էր։ Այդ պատճառով որոշել են այնպես անել, որ միկրոձեռնարկատերերի թիվը կրճատվի։

Օրենսդրական նախաձեռնություն են ներկայացրել, որով պատրաստվում են վերացնել այն գայթակղիչ պայմանները, որով ժամանակին միկրոբիզնեսը բերեցին հարկային դաշտ։ Ու դա պատճառաբանել են նրանով, իբր միկրոբիզնեսին ընձեռած արտոնյալ հնարավորություններից օգտվում է ոչ միայն միկրոբիզնեսը, այլև ուրիշները։

Կառավարության ներկայացրած հիմնավորումներով՝ «Միկրոձեռնարկատիրության մասով սահմանված հարկային կարգավորումների գործ­նական կիրառության ընթացքում պարզվել է, որ համակարգից օգտվում են ոչ միայն բնակ­­չությանը ծառայություններ մատուցող, բնակչության համար աշխատանքներ կատարող և ապրանքներ մատակարարող փոքր տնտեսվարող սուբյեկտները, այլ նաև այն տնտեսվա­րող սուբյեկտները, որոնք եկամուտներ են ստանում այլ տնտեսվարող սուբյեկտներից: Մյուս կող­մից, միկրոձեռնարկատիրության համակարգի շրջանակի ընդլայն­մանը նպաստել է նաև այն, որ հարկման այս համակարգի շրջանակում հարկումից ազատված են ոչ միայն ձեռնարկատիրական եկամուտները, այլ նաև պասիվ եկամուտները, իսկ ֆիզի­կական անձանց վճարվող աշխատավարձից եկամտային հարկը հաշվարկվում է ամսա­կան ընդամենը 5 հազար դրամի չափով՝ անկախ վճարվող աշխատավարձի մեծությունից»։

Կառավարության այս հիմնավորումներից բխում է, որ միկրոձեռնարկատիրության դաշտում կան սողանցքներ։ Բայց փոխարենը մտածեն այդ սողանցքները փակելու մասին, որոշել են բարձրացնել միկրոբիզնեսի հարկային բեռը։ Այն էլ բավական կտրուկ։

Թե դա ի՞նչ կապ ունի դաշտում այլ տնտեսվարողների հայտնվելու հետ, պարզ չէ։ Եթե խնդիրը նրանց ճանապարհը փակելն է, ապա այլ կարգավորումներ են պետք։ Դրա համար հարկային բեռը բարձրացնելու ոչ մի անհրաժեշտություն չկա, եթե, իհարկե, միկրոձեռնարկատիրության համար արտոնյալ հարկային պայմանների ապահովումն ի սկզբանե այլ նպատակ չի հետապնդել։

Կառավարության առաջարկած փոփոխություններից հետո, եթե մինչ այդ միկրոձեռնարկատերերը վճարում էին 5000 դրամ եկամտային հարկ, հաջորդ տարվա հունվարի 1-ից ստիպված կլինեն վճարել աշխատավարձի 20 տոկոսը։

Սա նշանակում է, որ 100.000 դրամ աշխատավարձի դեպքում նախկին 5 հազարի փոխարեն՝ կվճարեն 20.000, իսկ 200.000-ի դեպքում՝ 40.000 դրամ։

Դժվար չէ պատկերացնել, թե ինչպիսին կլինի հարկային բեռի ծանրացումը, եթե միկրոձեռնարկությունն ունի մեկից ավելի աշխատող։

Հայտնի է, որ այս դաշտում գործող բիզնեսը հիմնականում հացի խնդիր է լուծում։ Այսօրվա համատարած թանկացումների պայմաններում, ֆինանսական բեռի այսպիսի կտրուկ բարձրացումը ոչ մի լավ բան չի խոստանում դաշտում գործող միկրոբիզնեսի ներկայացուցիչների համար։ Նրանք ստիպված են լինելու շատ ավելի մեծ չափի հարկային պարտավորություններ կատարել, քան կատարում էին նախկինում։

Կառավարության այս նախաձեռնությունը տանելու է նրանց տնտեսական ու սոցիալական վիճակի վատացման։

Պաշտոնական տվյալներով, այսօր Հայաստանում գործում է 35 հազարից ավելի միկրոձեռնարկատիրության սուբյեկտ։ Կառավարությունը ժամանակին հաշվարկել է, որ դրանց թիվը չպետք է անցնի 20-22.000-ից։ Քանի որ անցել է, և ոլորտում են հայտնվել նաև նրանք, ովքեր չպիտի լինեին, որոշել են պատժել նաև մյուսներին։ Ու դրա համար երբեմն անհեթեթ պատճառաբանություններ են բերում։ Իբր արդարացված չէ, որ մարդը մի տեղ աշխատի ու որպես եկամտային հարկ վճարի 5000 դրամ, երբ մեկ այլ տեղ աշխատելու պարագայում կվճարեր անհամեմատ ավելի շատ։ Ժամանակին, երբ գնում էին այսպիսի կարգավորումների, կարծես այդ մասին չգիտեին ու հիմա նոր իմացան։

Արտոնյալ հարկային դաշտում գործելու իմաստը հենց դա է։ Նույն տրամաբանությամբ կարելի էր վերցնել ու վերացնել նաև միկրոձեռնարկատիրությանն այլ հարկատեսակներից տրված արտոնությունները։ Թեև ամեն ինչ կարծես տանում է հենց դրան։ Առաջիկայում հավանաբար այդպիսի վերանայումների էլ ականատես կլինենք։

Մինչ այդ՝ առայժմ առաջարկված փոփոխությունների ընդունման արդյունքում կառավարությունն ակնկալում է հնարավորինս կրճատել միկրոձեռնարկատիրության հարկման համակարգում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների շրջանակը։ Թեև ակնհայտ է, որ եկամտային հարկը բարձրացնելով չէ, որ լուծվելու է այդ խնդիրը։ Որքան էլ ֆինանսների նախարարը հայտարարի, թե սրանով հարկման այդ արտոնյալ համակարգը դարձնելու են ավելի թիրախային, կառավարությունը բոլորովին այլ խնդիր է լուծում, բյուջեի ֆիսկալ խնդիրը։ Նպատակն այս ոլորտում գործող բիզնեսից ավելի շատ հարկ հավաքելն է։

Եկամտային հարկի բեռի այդպիսի կտրուկ բարձրացումը բավական շոշափելի գումար է լինելու բյուջեի համար։ Պատահական չէ, որ միայն դրա արդյունքում կառավարությունն ակնկալում է միկրոձեռնարկատերերից գանձել լրացուցիչ 5,5 մլրդ դրամի կամ ավելի քան 13 մլն դոլարի հարկ։

Եվս 15 միլիարդի ակնկալիքներ ունի նաև միկրոձեռնարկատիրության հետ փոխկապակցված այլ հատվածներից։

Սրա համար էլ կառավարությունը գնացել է նման փոփոխությունների։ Ու այդքանից հետո փորձում է տպավորություն ստեղծել, թե այս քայլերը բխում են միկրոձեռնարկատերերի շահերից, դրանցով արտոնություններն ավելի թիրախային են դարձնում։ Այնինչ՝ հարկային բեռը ծանրացնելով՝ արտոնությունը թիրախային չեն դարձնում։ Դրանով միայն մեկ խնդիր է լուծվում. միկրոձեռնարկությունների հաշվին բյուջե լցնելու խնդիրը։

Թե դա ինչպե՞ս կանդրադառնա ոլորտում գործող բիզնեսի վրա, կերևա հետագայում։ Բայց դա քայլ է, որը տանելու է բիզնեսի որոշ տեսակների փակվելուն ու հարկադրված ստվերային գործունեություն ծավալելուն։

Ի դեպ, սա այն բիզնեսն է, որը վերջին տարիներին բավական մեծ թվով գրանցված աշխատատեղեր է ապահովել հարկային հայտարարագրումների ցուցանիշներում և վիճակագրության մեջ, ինչով այդքան հպարտանում է կառավարությունը։ Իրականում, թեև այդ աշխատատեղերը միշտ էլ եղել են, բայց հարկային հաշվառումից դուրս։ Կառավարությունը փափուկ բարձր դնելով այս հատվածում զբաղվածների գլխի տակ, բերեց հարկային դաշտ ու հիմա պատրաստվում է աստիճանաբար նրանց մտցնել հարկային մամլիչի տակ։

Հակոբ Քոչարյան

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը