Լրահոս

16.09.2011 13:56


Հայկական ուժի առավելությո՞ւնն է զսպում Ադրբեջանին

Հայկական ուժի առավելությո՞ւնն է զսպում Ադրբեջանին

ԱԺ ճեպազրույցների ժամանակ պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է գնահատում միջազգային կազմակերպությունների  այն վերլուծությունները, ըստ  որոնց՝ ղարաբաղյան պատերազմի վերսկսման դեպքում այն կդառնա տարածաշրջանի ամենամեծ պատերազմը՝ «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանն ասել է, թե ինքը հարգում է վերլուծությունները, սակայն կարծում է, որ մոտակա ժամանակահատվածում պատերազմի  հավանականություն չկա։

–Առաջին ամենակարևոր գործոնը ուժերի հավասարակշռությունն է, և միանշանակ է, որ այս պահին հայկական ուժերը՝ թե՛ ԼՂՀ–ի, թե՛ ՀՀ–ի, պատրաստ են իրականացնել  ցանկացած պաշտպանական գործողություն և հակահարձակում։ Այդ առումով որևէ կասկած  չկա։ Երկրորդ պատճառն այն է, որ  Ադրբեջանը երբևիցե չի  ցանկանա զրկվել նավթադոլարներից,–ասել է նա։

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանն էլ ասել, թե այդ վերլուծությունները  հիմնականում որպես փորձաքար են նետվում հասարակության մեջ։

–Դա ասվում ու արվում է, որ տեսնեն, թե ի՞նչ արձագանքներ  կլինեն թե՛ հասարակության, թե՛ իշխանությունների կողմից,–ասել է նա։

ՀՅԴ խմբակցության քարտուղար  Արտյուշա Շահբազյանն էլ նույն հարցի կապակցությմաբ նշել է, թե կարող է համաձայնել, որ  նոր  պատերազմը կլինի շատ ավելի  ահավոր՝ համեմատած նրա հետ,  ինչ որ եղել է՝ այն պարզ պատճառով, որ  երկու կոմղից էլ հսկայական զինուժ է կուտակվել։

–Մեկ հիմնական զսպող հանգամանք կա, որ ադրբեջանցիք չդիմեն արկածախնդրական քայլերի՝ դա հայկական ուժի ակնհայտ  առավելությունն է, և այս առավելությունը չեմ կապում զենքի  հետ, այլ կապում եմ ոգու հետ, արդարացի լինելու հետ և  այն դասի հետ, որ մենք արդեն տվել ենք ադրբեջանցիներին։ Այս տարբերությունն է, որ  զսպում է ադրբեջանցիներին ու դեռ տեսանելի  հեռանկարում զսպելու է,–ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը