Կարծիք

25.10.2022 14:47


Ի՞նչ նպատակ էր հետապնդում Ալիևի այցը Վրաստան

Ի՞նչ նպատակ էր հետապնդում Ալիևի այցը Վրաստան

Նշենք, որ այս այցը եզակի բնույթ ուներ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին անգամ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այցելել էր Վրաստան 2015 թվականին: Թե ինչո՞վ էր բացատրվում նրա այս քայլը Վրաստանի հանդեպ, դժվար է միանշանակ գնահատել: Տեսակետ կա, որ Ալիևի սերտ հարաբերությունները Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ թույլ չէր տալիս նրան սերտացնելու իր կապերը Բիձինա Իվանիշվիլիի թիմակիցների հետ:

Ավելին, սկսած 2020 թվականից, Ադրբեջանի որոշմամբ չի գործում նաև վրաց-ադրբեջանական ցամաքային սահմանը շարքային քաղաքացիների համար:

Բոլոր այս գործոնները հաշվի առնելով՝ կարելի է պնդել, որ Ալիևի այցը Վրաստան առանձնահատուկ նշանակություն ուներ: Այնքան, որ Վրաստանի իշխանությունները նույնիսկ տեղյակ չէին պահել նախագահ Սալոմե Զուռաբիշվիլիին, ինչի պատճառով վերջինս խիստ նյարդայնացել էր այդ կապակցությամբ:

Թե՛ Ալիևը, և թե՛ Վրաստանի վարչապետը չէին թաքցնում, որ այդ հանդիպումն առաջին հերթին ուներ տարածաշրջանային նշանակություն: Ավելին, այդ հանդիպման վերաբերյալ հատուկ հայտարարությամբ հանդես եկավ Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը: Վերջինս նշեց, որ «անչափ կարևոր է զարգացնել երեք երկրների՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համագործակցությունը հանուն տարածաշրջանային խաղաղության»:

Դիվանագիտական լեզվից թարգմանելով կարելի է ասել, որ ԱՄՆ-ն կարևոր է համարում, որ այդ երեք երկրների համագործակցության արդյունքում հնարավոր լինի Մոսկվային դուրս հանել այս տարածաշրջանից:

Ալիևն իրեն բնորոշ վստահությամբ հայտարարեց, որ Բաքուն համաձայն է և պատրաստ է այդ համագործակցությանը, Հայաստանը պիտի իր վերջին խոսքն ասի:

Նիկոլ Փաշինյանը շատ լավ է հասկանում, որ նույնիսկ զոհաբերելով Արցախի խնդիրը՝ ոչ մի երաշխիք չկա, որ Ադրբեջանը չի հավակնի Հայաստանի տարածքների վրա: Ալիևի խոսքով այդ երաշխիքներն իբր տալիս է, սակայն սպասում է, որ Երևանը համաձայնվի այդ համագործակցությանը, հրաժարվի ռուսական անվտանգության հովանոցից, որպեսզի ուժով լուծի իր բոլոր խնդիրները:

Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա վերջինս վարում է չափազանց զգուշավոր քաղաքականություն՝ հայտարարելով, որ «Թբիլիսին չի հավակնում նոր ֆորմատներ ստեղծել, որոնք կփոխարինեն եղած ֆորմատները: Թբիլիսին պատրաստ է լոկ հարթակ դառնալ հայ-ադրբեջանական երկխոսության համար»:

Պարզապես կարելի է նախանձել Վրաստանի ղեկավարների խոհեմությանը, մանավանդ, երբ համեմատում ես Հայաստանի իշխանությունների հետ: Այս հարցում, նույնիսկ համեմատության եզր գոյություն չունի:

Վրացիները նույնիսկ չեն ցանկանում ակտիվ դեր վերձնել իրենց վրա՝ հասկանալով թե ինչ հետևանքների դա կարող է հանգեցնել իրենց համար, եթե հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը գնա այլ հունով:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Աղբյուրը՝ zham.am

Այս խորագրի վերջին նյութերը