Լրահոս

16.09.2011 11:35


Հայաստանում մեկնարկելու է «Ճանաչիր աշխարհի մշակույթներն ու երկրները» ծրագիրը

Սեպտեմբերի 19-ին մեկնարկելու է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովի «Ճանաչիր աշխարհի մշակույթներն ու երկրները» ծրագիրը: Այն իրականացվելու է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ասոցացված դպրոցների ծրագրի /ԱԴԾ/ ցանցում ներառված Հայաստանի 11 դպրոցներում` Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ներգրավմամբ:

ԱԴԾ դպրոցների գործունեությունը ծավալվում է 4 հիմնական թեմաների շուրջ.

  • ՄԱԿ-ի, մասնավորապես, ՅՈՒՆԵՍԿՕ-ի դերը ժամանակակից աշխարհում, արդի մարտահրավերների հաղթահարման գործում,
  • կրթություն հանուն խաղաղության, մարդու իրավունքների, ժողովրդավարության  եւ հանդուրժողականության ամրապնդման,
  • շրջակա միջավայրի պահպանում, առողջ կենսակերպի քարոզչություն,
  • միջմշակութային ուսուցում:

«Ճանաչիր աշխարհի մշակույթներն ու երկրները» ծրագիրը աշակերտներին հնարավորություն է ընձեռում տարբեր երկրների դեսպանների հետ անմիջական շփման միջոցով հաղորդակից դառնալ այդ երկրների պատմությանը, մշակույթին, ավանդույթներին եւ արժեքներին, ինչպես նաեւ պատասխաններ ստանալ իրենց հետաքրքրող բազմաթիվ հարցերին: Ծրագիրը ընդլայնում է աշակերտների մտահորիզոնը, նպաստում ժողովրդների միջեւ փոխըմբռնման, փոխադարձ հարգանքի, բարեկամության խորացմանը:

Ծրագրի մեկնարկի պաշտոնական արարողությունը տեղի է ունենալու սեպտեմբերի 19-ին Ալեքսանդր Բլոկի անվան թիվ 122 դպրոցում Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի հյուրընկալմամբ: Արարողությանը ներկա են գտնվելու ՀՀ Կրթության եւ գիտության նախարարը, ԱԳՆ փոխնախարարը, ՀՀ-ումն հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներ եւ այլ բարձրաստիճան այրեր:

Այս խորագրի վերջին նյութերը