Լրահոս

15.09.2011 17:18


«Հաշվետու՛ եք հասարակությանը»

Սույն թվականի սեպտեմբերի 14-ին «Փախստականները և միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցի /ՔՀՑ/ համակարգող էլեոնորա Ասատրյանին հասցեագրված ՀՀ տարածքային կառավարման նախարարությանն առընթեր միգրացիոն գործակալության պետ պրն. Գագիկ Եգանյանի պարզաբանումները, կապված ՔՀՑ կողմից ՀՀ Վարչապետին ուղղված`  760  հազար կորսված ԱՄՆ դոլարների վերաբերյալ բաց նամակի հետ, ստիպում է որոշ լրացուցիչ փաստացի տվյալներ ներկայացնել ի գիտություն հանրության ու պատասխանատու պաշտոնյաների: Ստորև ներկայացվում է ՔՀՑ  համակարգող Է. Աաստրյանի գրությանն ի պատասխան  Գ. Եգանկանի կողմից ուղարկված նամակից մեկ հատված, որում հաղորդվում է, որ Քասախի սոցիալական տան շինարարությունը նախաձեռնվել է եռակողմ փոխըմբռնման հուշագրի հիման վրա և գոյություն ունի նույն հուշագրի պահանջների համապատասխան ձևավորված և գործող հանձնաժողով:

Ներկայացնում ենք նաև մեկ հատված ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դամթյու Դեսալեյնի «Հետք»-ի խմբագրությանն ուղղված նամակից.

« Ադրբեջանից գաղթած փախստականների համար իրականացվող Քասախի բնակարանային ծրագրի համար նախկին գործարանի շենքը ձեւափոխվել է սոցիալական 45 բնակարանների: «YMCA/Օթեւան» ՀԿ-ի կողմից իրագործվող ծրագրի ժամանակ ՄԱԿՓԳՀ-ն շահել է` համագործակցելով տարածքային կառավարման նախարարության եւ Քասախի համայնքապետարանի հետ: Ձեւափոխման աշխատանքների եւ տեխնիկական պատկան մարմինների կողմից անվտանգության չափանիշների ստուգման ավարտին ՄԱԿՓԳՀ-ն շենքը հանձնել է իշխանության համապատասխան մարմիններին: Հանձնման պահին ֆինանսների պակասի պատճառով առկախված են եղել միայն հատակի աշխատանքները»:

Հետաքրքիր է, որ ՄԱԿ-ի ՓԳՀ ներկայացուցիչը 2011թ. ապրիլին գրում է 45,  իսկ պարոն Եգանյանը 2010-ին`  50-54 կառուցվելիք բնակարանների մասին:  Այս երկու նամակների գրվելու միջակայքում ընկած ինը ամիսների ընթացքում, թե ինչու բնակարանների քանակը կրճատվեց 5-9  բնակարանով, թերևս առանձին պարզաբանման կարիք ունի:

Ի մի բերելով վերոհիշյալը, մենք ևս մեկ անգամ վերադառնում ենք այն մեր պնդմանը, որ թե ՀՀ պետական մարմինների, թե համապատասխան միջազգային կառույցների մոտ ադրբեջանահայ փախստականների նկատմամբ ձևավորվել է բացառիկ սպառողական վերաբերմունք: Առկա է շիննախագծի ձախողման համար պատասխանատվությունից խուսափելու միտում: Վերը մեջբերված նամակներից ակնհայտ է, որ նախագծի իրականացման համար պատասխանատու են Հուշագրի բոլոր կողմերը: Եթե ՄԱԿ-ի ՓԳՀ-ի գրարսենյակն է շինարարության իրականացման պատասխանատուն, ապա ՀՀ իշխանության ներկայացուցիչները պատասխանատու են շինությունը բացահայտ թերություններով  ընդունելու համար: Շատ հարմար է.  ՄԱԿ-ի  դիվանագիտական անձեռնմխելությունից օգտվող ներկայացուցիչներին ՀՀ-ում պատասխանատվության ենթարկելը շատ բարդ է: Եվ բացի այդ, նրանք վատնել են Ճապոնիայի փողերը` ՀՀ բյուջեին վնաս չեն հասցվել: Բայց   վատնումներն առանց հայաստանյան պաշտոնյաների աջակցության-մասնակցության, մեր համոզմամբ,  անհնար կլիներ իրականացնել, իսկ հուշագիրը ստորագրած յուրաքանչյուր կողմ պատասխանատու է կատարվածի համար:

«Փախստականները և միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցը սպասում է  Վարչապետի արձագանքին:

Հարգանքով`

«Փախստականները և միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանց

Հ.Գ. Սեպտեմբերի 15-ին մամուլում «Սեյվ դը չիլդրեն»-ը արձագանքելով «Փախստականները և միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցի` վարչապետ Տիգրան Սարգսյանին ուղղված բաց նամակին, տեղեկացրել է, որ Կոտայքի մարզի Քասախ համայնքի տարածքում ներկայումս իրականացվող շինության կառուցումն այլևս ֆինանսավորում է ԱՄՆ պետքարտուղարության Բնակչության, փախստականների և միգրացիայի գործակալությունը: Սա հաստատում է Ցանցի այն տեսակետը, որ վերոհիշյալ շինության համար արդեն իսկ հատկացված Ճապոնիայի փողերը հօդս են ցնդել:

Գուցե ԱՄՆ պետքարտուղարությունը ավելի հետևողական կլինի իր հատկացրած գումարների վերահսկողության հարցում:

Այս խորագրի վերջին նյութերը