Լրահոս

15.09.2011 17:11


ՀՀ կառավարության որոշմամբ` անհավասար պայմաններ բազմանդամ անօթևան ընտանիքների համար

«Շիրակ կենտրոն» ՀԿ-ն նախորդ տարի Մուշ-2 թաղամասում բնակարան ստացած իր շահառու բազմանդամ ընտանիքների բողոքների և առաջարկությունների հիման վրա այսօր ևս մեկ դիմում-ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին և ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանին, առաջարկելով աղետի գոտում բնակարանների բաշխման կարգը սահմանող կառավարական որոշումներում փոփոխություններ կատարել և մեկ ժամանակավոր կացարան տնօրինող բազմանդամ ընտանիքներին ևս առանց տնակը քանդելու նոր բնակարանը սեփականաշնորելու հնարավորություն ընձեռել:

Դիմում-ուղերձում մասնավորապես ասվում է.

Պարոն վարչապետ, պարոն նախարար

Աղետի գոտու բնակարանների բաշխման կարգում ՀՀ կառավարության 2011 թ. ապրիլի 14-ի նիստում կատարված փոփոխությունները, որոնցով այդ գոտու բազմաբնակարան շենքերից բնակարան ստացած բազմանդամ ընտանիքներին հնարավորություն տրվեց մեկից ավելի ոչ հիմնական շինություններ զբաղեցնելու դեպքում դրանցից մեկը բնակությունից չազատել և չքանդել, դրական ազդեցություն ունեցավ ինչպես բազմաթիվ բազմանդամ ընտանիքների բնակարանային պայմանները բարելավելու, այնպես էլ Մուշ-2 թաղամասի բնակեցումն արագացնելու հարցում: Սակայն այդ փոփոխություններում անտեսվել են այն ընտանիքների շահերն ու իրավունքները, որոնք թեև բազմանդամ են, սակայն չեն տնօրինում մեկից ավելի տնակ, ուստի նրանց կողմից տնօրինվող ոչ հիմնական շինությունները ենթակա են ամբողջովին քանդման: Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ բազմանդամ ընտանիքները մի կերպ բնակվել են միևնույն ժամանակավոր կացարանում կամ ընտանիքի անդամների մի մասը երկար տարիներ բնակվել է  վարձով բնակարաններում:

Աղետի գոտում բնակարան ստացած` մեկից ավելի տնակներ ունեցող բազմանդամ ընտանիքներին արտոնության տրամադրումը, իսկ մեկ տնակ ունեցող բազմանդամներին դրա չտրամադրումը նշանակում է, որ նախկինում բնակվելու համեմատաբար տանելի պայմաններ ունեցած ընտանիքի բնակության պայմաններն ավելի բարելավվելու են, այդպիսիք չունեցածներինը` ոչ…

Ներկայումս, երբ ընթանում է նախորդ տարի Մուշ-2 թաղամասում բնակարաններ  ստացած ընտանիքների կողմից ժամանակավոր կացարաններից տարածքների ազատման և նոր բնակարանների սեփականաշնորման գործընթացը, մեր դիտարկումները ցույց են տալիս, որ անլուծելի խնդրի առաջ են կանգնել բազմանդամ, սակայն մեկ տնակ տնօրինող տասնյակ ընտանիքներ, որոնք, մեծ ցանկության դեպքում անգամ, պարզապես չեն կարող բնակվել մեկ բնակարանում, իսկ նրանց նոր բնակարանները սեփականաշնորել  չի թույալատրվում, քանի որ չեն քանդել իրենց տնակները:

Պարոն վարչապետ, պարոն նախարար

Դիմում ենք Ձեզ` ակնկալելով, որ ևս մեկ անգամ կնախաձեռնեք փոփոխություններ կատարել աղետի գոտում բնակարանների բաշխման կարգը սահմանող որոշումներում և իրենց նոր ստացած բնակարանները սեփականաշնորհելու հնավորություն կընձեռվի նաև այն բազմանդամ ընտանիքներին, որոնք տնօրինում են ընդամենը մեկ տնակ: Այդ քայլով որոշ չափով կբարելավվեն նրանց կացարանային պայմանները, ինչպես նաև հավասար հնարավորություններ կտրամադրվեն բազմանդամ  բոլոր ընտանիքներին:

«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյան

Այս խորագրի վերջին նյութերը