Տնտեսական

17.10.2022 16:03


Արմավիրի մարզում դեռ խաղողի մթերման հարցը չի լուծվել. «Արդեն քաղելիս խաղողի 20 տոկոսը թափվում է» (տեսանյութ)

Արմավիրի մարզում դեռ խաղողի մթերման հարցը չի լուծվել. «Արդեն քաղելիս խաղողի 20 տոկոսը թափվում է» (տեսանյութ)

Արմավիրի մարզի խաղողագործներն այսօր՝ հոկտեմբերի 17-ին, կրկին բողոքի ակցիա են իրականացրել Էկոնոմիկայի նախարարության դիմաց: Այնտեղից երթով գնացել են նաեւ կառավարություն, որտեղ դիմում են գրել վարչապետի անունով, ապա նորից վերադարձել էկոնոմիկայի նախարարության մոտ:

Կառավարությունում խոստացել են, որ այսօր անպայման պատասխան կտրվի իրենց Էկոնոմիկայի նախարարությունից:

«Մեր պահանջն այն է, որ մեր խաղողը մթերվի, այգում հիմա խաղողը փչանում է, հետ է գնում, գերհասունացում է սկսվել, եղանակն էլ ավելի է փչացնում խաղողը»,-NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արմավիրի Ամասիա բնակավայրի բնակիչցներից մեկը:

«Գործարանները չեն ընդունում խաղողը, իսկ մի քանի հոգի, որ գնում 5-6 օր հերթ են կանգնում, որ հանձնեն, էդ ժամանակ անձրեւներից ավելի է փչանմում, գնում է գնի իջեցում: Արդեն 10 օր առաջ պետք է հանձնած, վերջացրած լինեինք:

Կոնկրետ ես դեռ խաղողը չեմ էլ քաղել, մոտ 70 տոննայի չափով խաղող ունեմ: Պայմանագիր մեզ հետ ոչ ոք չի կնքում: Շատ վաղուց մենք «Նոյ» գործարանում ենք հանձնել խաղողը, հիմա իրենց պետք չի խաղող:

Կառավարությունը մեզ հույսով էր արել: Անցյալ տարի էլ էր խնդիր եղել, կառավարությունը խոստացել էր, որ այս տարի լրիվ այլ կլինի ամեն ինչ, բայց ոչ մի բան էլ ուրիշ չեղավ, ավելի բեթար եղավ: Այս տարի գոնե 130 դրամով էին մթերում, այս տարի թանկացումների ֆոնին մթերման գինը ավելի իջավ: Պարոն Քերոբյանն իր բերանով ասաց, որ 120 դրամ ինքնարժեքն է, հիմա ինքնարժեքից էլ ցածր են ուզում մթերել: Հենց նոր Էկոնոմիկայի նախարարությունից մեկն իջավ, ուղղորդում էր մի տեղ, որտեղ 120 դրամով կմթերեն: Մենք չէինք հավատում, ասացինք՝ բարձրախոսով միացրեք, թող ասեն: Բարձրախոսով ասացին, որ 100 դրամով են պատրաստ մթերել: Նորից էլի մեզ խաբում էին»,-ասաց նա:

Գյուղացու խոսքով, հիմա կառավարությունն իրենց առաջարկում է գնալ «Վեդի ալկո» գործարան, որը բավական հեռու է. «Այնտեղ հիմա մեծ հերթեր են, 100-ից ավելի մեքենա կա, այսինքն եթե հենց այսօրվանից սկսեն մթերել, մեկ ամիս կտեւի, մինչեւ մենակ մեր գյուղի խաղողը մթերի: Հիմա արդեն խաղողը քաղելիս 20 տոկոսը թափվում է գետնին, մեկ շաբաթ հետո 60 տոկոսն է թափվելու գետնին: Նեխում է, թուլացել է, ցամաքում է, քաշը ընկնում է: Առաջարկում են 120 դրամով: Փաստորեն Արմավիրի մարզում գործարան չկա, որ մեզ ուղղորդում են «Վեդի ալկո»: Միայն մեր գյուղում 800-1000 տոննա չքաղված վիճակում խաղող կա, որ պետք է մթերվի»,-ասաց նա:

Այս խորագրի վերջին նյութերը