Աշխարհ

17.10.2022 18:05


Թռչունների երգը դրական է ազդում մարդու հոգեկան վիճակի վրա

Թռչունների երգը դրական է ազդում մարդու հոգեկան վիճակի վրա

Scientific Reports ամսագիրը հոդված է հրապարակել, որտեղ նկարագրվում է Մաքս Պլանկի անվան Մարդու զարգացման ինստիտուտի և Համբուրգ-Էպենդորֆի համալսարանական հիվանդանոցի (UKE) գիտնականների հետազոտությունը, որն ապացուցում է, որ թռչունների երգը նվազեցնում է տագնապայնությունն ու իռացիոնալ մտքերը:

295 մարդկանց մասնակցությամբ հետազոտության ընթացքում գիտնականներն օգտագործել են պատահական առցանց թեստ, որպեսզի պարզեն, թե ինչպես է երթևեկության աղմուկը և թռչունների երգն ազդում տրամադրության, պարանոյայի և կոգնիտիվ գործառույթների վրա: Փորձարկվողները վեց րոպե պետք է լսեին թռչունների երգը կամ փողոցում երթևեկության աղմուկը: Լսումներից առաջ և հետո նրանք լրացրել են հոգեկան առողջության հարցաթերթիկներ և անցել կոգնիտիվ թեստեր։

«Յուրաքանչյուր մարդ ունի որոշակի հոգեբանական հակումներ։ Նույնիսկ առողջ մարդիկ կարող են ունենալ տագնապալի մտքեր կամ ժամանակավոր պարանոիդալ զգացումներ: Հարցաթերթիկները մեզ թույլ են տալիս բացահայտել մարդկանց հակումները՝ առանց դեպրեսիայի, տագնապայնության կամ պարանոյայի ախտորոշման, և ուսումնասիրել, թե ինչպես են այդ միտումների վրա ազդում թռչունների ձայները կամ երթևեկությունը»,-ասում են հետազոտողները:

Պարզվել է, որ թռչունների երգ լսելը նվազեցրել է տագնապայնությունն ու պարանոյան առողջ մասնակիցների մոտ և էական ազդեցություն չի ունեցել դեպրեսիայի վրա: Երթևեկության աղմուկը, հակառակը, ավելացրել է դեպրեսիվ վիճակները, հատկապես, եթե ձայնագրության մեջ եղել են երթևեկության բազմաթիվ տարբեր ձայներ:

Հետազոտողները նաև պարզել են, որ ո՛չ թռչունների երգը, ո՛չ էլ ճանապարհի աղմուկը չեն ազդել կոգնիտիվ ունակությունների վրա: Մասնագետները նշում են, որ թռչունների երգը կարելի է օգտագործել հոգեկան խանգարումների կանխարգելման համար, քանի որ բնությունը բարելավում է հոգեկան առողջությունն ու բարեկեցությունը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը