Կարծիք

14.10.2022 13:07


Ինչ ասաց Հաջիևը, և ինչու է լռում Հայաստանը

Ինչ ասաց Հաջիևը, և ինչու է լռում Հայաստանը

Հիքմեթ Հաջիևը երեկ բաց տեքստով ներկայացրեց պաշտոնական Բաքվի ծրագրերը։ Ավելի բաց տեքստ միջազգային հարաբերություններում դժվար է պատկերացնել։ Նա ասում է.

– Արցախի հարցը մոռացեք։ Ոչ մի միջազգային մեխանիզմ։
– Մինչև տարվա վերջ՝ խաղաղության պայմանագրի ստորագրում։
– Դրանից հետո՝ սահմանազատման գործընթաց, և միանգամից՝ նոր պայմաններ՝ Տավուշի 6 գյուղեր և Քյարքի։
– Սա նշանակում է՝ խաղաղության պայմանագրի՝ առ ոչինչ ճանաչում և նոր ռազմական էսկալացիա։

Ադրբեջանի համար՝ այս տարբերակով և այս միջնորդությամբ, խաղաղության պայմանագիրը միայն Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների վերջնական փչացման համար է, և Արցախից պաշտոնական հրաժարման։ Ադրբեջանը չի թաքցնում, որ դրանից հետո սկսելու է նոր լարվածության փուլ, որը կարող է բերել նորանոր պահանջների, իսկ կարճ ժամանակ անց՝ լայնածավալ հարձակման։

Հայ ժողովուրդը այս իրականությունը չի հասկանում։ Այն վայելում է Մակրոնի հայտարարությունները, իսկ մի մասն էլ՝ թե ինչպես Արարատ Միրզոյանը «տեղը դրեց» Լավրովին։

Ընդդիմությունը պահպանում է խոր լռություն, որը արդարացնող որևէ հիմնավորում չունի։ Ես չէի ուզում մտածել, որ այդ լռության տակ մասնավոր շահեր կամ հաշվարկներ են։

Եվ վերջապես՝ կառավարության նիստում ազդարարվում է բոլոր զինապարտ քաղաքացիներին խրամատ տանելու մասին նոր գաղափարը, որը, ըստ էության, Հայաստանը Ուկրաինայի վերածելու մասին պաշտոնական անոնս է։

Հայաստանն այսօր կանգնած է պատմական սխալների և պատմական աղետի շեմին, որի մասին ժողովուրդը չի գիտակցում, որովհետև ոչ ոք նրան դա չի բացատրում։ Փաստը կայանալուց հետո մեղավորների փնտրտուքը ինձ համար երկրորդական և անիմաստ հարց է։

Ամեն հնարավոր բան պետք է անել՝ սրընթաց աղետի գնացող գնացքը կանգնեցնելու համար։ Այդ քայլերի մեջ մտնում է.

– Երկխոսություն՝ իշխանության և պետական ինստիտուտների հետ
– Երկխոսություն սեփական ժողովրդի հետ։ Բացատրել ռիսկերը, և բացատրել հակառուսական արշավի ծայրահեղ վտանգավորությունները։ Այսօրվա Վրաստանը պետական մտածողության լավագույն օրինակն է, որը չտրվեց հակառուսական ճնշումներին։ Կասեք՝ նրանք ունեն դառը փորձ, բայց չէ՞ որ արդեն մենք էլ մերն ունենք, ու շատ ավելի թարմ։
– Ամեն անձնական շահ մի կողմ դնելու ունակությունը։
– Իրավիճակը դեռ կարելի է դեռ փրկել. Հայաստանը պետք է հանել Ռուսաստան-Արևմուտք-Իրան բախման էպիկենտրոնից։

Դեռ կարելի է խուսափել վատագույնից, դեռ կարելի է նորմալ բանակցել և մերժել պատերազմը, բայց հնարավորությունները օր օրի նվազում են։ Շատերի լռությունն այս պայմաններում չի հասկացվելու։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Այս խորագրի վերջին նյութերը