Լրահոս

15.09.2011 11:18


Գիտական հասարակայնությունը նշում է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Նորայր Առաքելյանի 75-ամյակը

Գիտական հասարակայնությունը նշում է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ-ի Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Նորայր Առաքելյանի 75-ամյակը: Անվանի գիտնականի հոբելյանի առթիվ ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտը և ԵՊՀ-ն սեպտեմբերի 10-17-ը Ծաղկաձորում անցկացնում են «Հարմոնիկ անալիզ և մոտավորություններ» թեմայով 5-րդ միջազգային գիտաժողովը: Գիտաժողովին մասնակցում են 95 գիտնականներ  Հայաստանից, Ռուսաստանի Դաշնությունից, ԱՄՆ-ից, Կանադայից, Ֆրանսիայից, Լեհաստանից, Ուկրաինայից, Վրաստանից, Հունգարիայից, Պորտուգալիայից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Հնդկաստանից, Շվեդիայից, Հունաստանից, Բուլղարիայից, Իրանից:

Նորայր Առաքելյանը արժանացել է ԽՍՀՄ կոմերիտմիության մրցանակի, մաթեմատիկայի գծով ոսկե մեդալի: ՀՀ գիտության վաստակավոր գործիչ է, Տրիրի համալսարանի (Գերմանիա) պատվավոր դոկտոր:

Նորայր Առաքելյանի աշխատանքները վերաբերում են կոմպլեքս վերլուծությանը և մոտավորությունների տեսությանը: Լուծել է ամբողջ ֆունկցիաներով հավասարաչափ մոտավորության խնդիրը, որով նրբացվել են և ավարտվել այդ հարցում Մ. Կելդիշի, Մ. Լավրենտևի, Ս. Մերգելյանի և այլ հեղինակների արդյունքները: Առաքելյանն առաջինն է, որ մոտավորությունների տեսության մեթոդները և արդյունքները կիրառել է մերոմորֆ ֆունկցիաների արժեքների բաշխման տեսության, ինչպես նաև աստիճանային շարքերի արդյունավետ անալիտիկ շարունակման և եզակիությունների տեղայնացման հարցերում:

Նորայր Առաքելյանը ծնվել է 1936թ. հուլիսի 17-ին` Մեղրաշենում: 1958թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանը: 1971թ. ստացել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորի կոչում, 1974 թ.` ՀՀ ԳԱԱ-ի թղթակից անդամի, իսկ 1990թ` ակադեմիկոսի կոչում:

1978թ-ից աշխատել է որպես ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտի բաժնի վարիչ, 1989թ-ից` որպես  նույն ինստիտուտի տնօրեն: 1991-1993թթ. եղել է Երեւանի պետական համալսարանի ռեկտոր:  2006թ-ից Նորայր Առաքելյանը ՀՀ ԳԱԱ մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղարն է:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Այս խորագրի վերջին նյութերը