Լրահոս

14.09.2011 17:38


Փոխվարչապետն աշխատանքային այցով եղել է Տավուշի մարզում

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի ղեկավարությամբ Տավուշի մարզպետարանում անցկացված խորհրդակցությանը քննարկվել են համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ընթացքի հետ կապված հարցեր:

Փոխվարչապետը խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը հրավիրել է ութ ամսվա հավաքագրումների մակարդակի վրա` հանձնարարելով աշխատել համայնքապետերի հետ և հորդորել, որ վերջիններս ավելի հետևողական աշխատանքներ իրականացնեն համայնքային բյուջեների կատարման, և, հատկապես, հողի հարկի մասով ցուցանիշների բարելավման ուղղությամբ:

Անդրադարձ է եղել նաև Նոյեմբերյանի հիվանդանոցի ֆինանսական վիճակին: Ա. Գևորգյանը տնօրինությանը հորդորել է միջոցներ ձեռնարկել իրավիճակը շտկելու ուղղությամբ և ապահովել հաստատության բնականոն գործունեությունը:

ՏԿՆ-ի հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ`այնուհետև ՀՀ գյուղատնտեսության նախարար Ս. Կարապետյանի, ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Անդրեասյանի, «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Ս. Վիրաբյանի, «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Ա. Հովսեփյանի, համայնքների և կապալառու ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ քննարկվել են մարզում իրականացվող ոռոգման ենթակառուցվածքների վերականգնման ծրագրերին առնչվող հարցեր: Նշվել է, որ Կոթիում ՀՀ կառավարության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) վարկային ծրագրի շրջանակում վերականգնված ինքնահոս համակարգի միջոցով հնարավոր է դարձել ոռոգել լրացուցիչ մինչև 1100 հա տարածք: ՋՕԸ-ի և համայնքների ղեկավարների մասնակցությամբ քննարկվել են ոռոգելի դարձած հողատարածքներն առավել արդյունավետ օգտագործելու հնարավորությունները` հաշվի առնելով, որ ոռոգման սեզոնի ընթացքում ջրային աղբյուրների առավելագույն և նվազագույն քանակը զգալիորեն տատանվում է:

Կարևորելով հողերի առավելագույն օգտագործման հանգամանքը` համայնքի ղեկավարներին հորդորել են աշխատել գյուղացիական տնտեսությունների հետ` համաձայնեցված, խնայողաբար և հաշվենկատ ջրօգտագործում իրականացնելու համար:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող ծրագրերին, նշվել, որ մարզում աշխատանքներն ավարտվում են, կառուցված ջրագծերը շահագործման հանձնելու փուլում են: Փոխվարչապետը կարևորել է այս ընթացքում ի հայտ եկող թերությունների լիարժեք շտկման հանգամանքը:

Իջևանից փոխվարչապետը մեկնել է մարզի Լուսաձոր համայնք, որտեղ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչևայի, «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի հայաստանյան ծրագրի տնօրեն Ալեքս Ռասինի հետ ներկա է գտնվել «Կոոպերատիվ խոհանոց» արտադրական կոոպերատիվի գործունեության մեկնարկի հանդիսավոր արարողությանը:

Լուսաձորում արտադրական կոոպերատիվի ստեղծման ծրագիրը ձեռնարկել է ՄԱԶԾ-ն, որն իրականություն է դարձել ՀՀ կառավարության և «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ–ի հետ համագործակցության, Իտալիայի կառավարության ցուցաբերած աջակցության շնորհիվ: «Կոոպերատիվ խոհանոց»-ում գործում են հացի թխման, պահածոների և չրի պատրաստման արտադրամասեր, ինչպես նաև մթերային խանութ, սառնարանային տնտեսություն: Փոխվարչապետը գոհունակություն է հայտնել համատեղ իրականացված ծրագրի արդյունքների առնչությամբ և կարևորել հեռավոր համայնքներում նմանատիպ նախաձեռնությունների իրականացումը` նկատելով, որ դրանք բավական արդյունավետ են և լուծում են բնակչության զբաղվածության ու կենսամակարդակի բարելավման խնդիրները:

Լուսաձորում ավարտվել են նաև երրորդ կարգի ջրանցքի վերականգնման աշխատանքները: Սրանով «ՀՄՀ -Հայաստան» ՊՈԱԿ–ն ազդարարում է մարզում երրորդ կարգի ջրանցքների վերականգնման ծրագրի ավարտի մասին, որը ներառում էր յոթ համայնք: Ներտնտեսային ցանցի վերականգնումը համայնքներին հնարավորություն է տալիս ոռոգումը կազմակերպել ավելի արդյունավետ:

Այս խորագրի վերջին նյութերը