Լրահոս

14.09.2011 17:30


Քննարկում տնտեսական մրցակցությանն առնչվող հարցերի շուրջ

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի դաշնային հանրապետության Բունդեսթագի պատգամավորները սեպտեմբերի 12-ին հանդիպեցին ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի հետ: Հանդիպմանը ներկա էին նաև Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ներկայացուցիչները, ինչպես նաև Թվինինգ ծրագրի մշտական խորհրդատուն:

Խոսելով Հայաստանի տնտեսական մրցակցության ոլորտում կատարված աշխատանքների և անելիքների մասին ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը  նշեց, որ խնդիրներն իսկապես շատ են և այս առումով անելիքներ դեռ կան: Հանձնաժողովի նախագահը կարևոր ձեռքբերում համարեց այն, որ վերջին տարիներին բավականին բարձրացել է Հանձնաժողովի ճանաչումը, ինչը կապված է այն բանի հետ, որ Հանձնաժողովն աշխատում է բաց, թափանցիկ և պատրաստ է արձագանքելու ցանկացած իրավախախտման դեպքում: Ա. Շաբոյանը Բունդեսթագի և «GIZ» -ի ներկայացուցիչներին ներկայացրեց նաև «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նոր փոփոխությունները՝ ընդգծելով, որ դրանք հնարավորություն են տալիս աշխատելու շատ ավելի արդյունավետ: Հանձնաժողովի նախագահն անդրադարձավ նաև ՀՀ ՏՄՊՊՀ գործունեության համար խիստ կարևոր գործիքների անհրաժեշտության բացակայությանը, որոնց մասին բազմիցս նշվել է նաև «GIZ»-ի փորձագետների կողմից: Խոսքը վերաբերում է պատժամիջոցների մեղմման ծրագրին (հանդուրժողականության սկզբունքին), ինչպես նաև վաղորդյան ստուգումներ իրականացնելու լիազորությանը, որով օժտված են աշխարհի գրեթե բոլոր նմանատիպ մարմինները: Սրանք կարևոր են այնքանով, որ հնարավորություն են տալիս արդյունավետ պայքարել մրցակցության խոչընդոտների դեմ: Ա. Շաբոյանը նշեց, որ Գերմանիայի աջակցությամբ Հանձնաժողովը ներկայումս  իրականացնում է երկու ծրագիր, որոնցից մեկը Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ), իսկ մյուսը՝ ԵՄ Թվինինգ ծրագրի հետ համատեղ: Նշենք, որ ԵՄ Թվինինգ ծրագրի համակողմ գործընկերներն են Գերմանիան և Լիտվան:

Անդրադառնալով «GIZ» -ի կողմից իրականացվող աջակցության ծրագրերին, Հանձնաժողովի նախագահ Ա. Շաբոյանը բարձր գնահատեց  այն ջանքերը, որ ներդրվել են Հայաստանում՝ մրցակցության պաշտպանության աջակցության գործում:

«GIZ»-ը բավականին արդյունավետ աշխատանքներ է իրականացնում: Կարևորում եմ ծրագրի ճկունությունը և այն, որ ծրագիրը միշտ համահունչ է արդի խնդիրներին: Բացի այդ, «GIZ»-ը մշտապես հետևողական է կատարված ծրագրերի արդյունքների նկատմամբ» - նշեց ՏՄՊՊՀ նախագահը:

Այս խորագրի վերջին նյութերը