Լրահոս

14.09.2011 16:30


ԵԱՀԿ-ն աջակցում է Հայաստանում հրդեհների դեմ պայքարի բարելավմանը

ԵԱՀԿ աջակցությամբ այսօր Երևանում կազմակերպված կլոր սեղանի քննարկման թեման էր բնական հրդեհների ռիսկի գնահատումը և հրդեհների կառավարման ազգային քաղաքականության մշակումն ու իրականացումը:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից կազմակերպված միջոցառմանը մասնակցում էին հրդեհների կառավարման հետ առնչվող պետական հաստատությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության և միջազգային հանրության մոտ հարյուր ներկայացուցիչ:

«Հրդեհների դեմ պայքարելու ազգային կարողությունների հզորացումը կօգնի մեր տարածաշրջանը դարձնել առավել ապահով», - ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տնտեսական-բնապահպանական ծրագրերի ղեկավար Ուիլյամ Հենլոնը:

Մասնակիցները քննարկեցին Հայաստանում անտառային և բնական այլ հրդեհների հետ կապված տարբեր խնդիրներ, ոլորտում ձեռքբերումները, արտակարգ իրավիճակներում արձագանքման կարողությունների զարգացման ու օրենսդրության, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային համագործակցության հետ կապված հարցեր:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրեն Սերգեյ Ազարյանը հավելեց. «Մեծածավալ անտառային հրդեհները  կարող են ոչնչացնել հազարավոր հա անտառներ, այգիներ, խոտածածկ տարածքներ և համակողմանի ու հետևողական պայքար չկազմակերպելու դեպքում կարող են հանգեցնել էկոլոգիական աղետի: Հենց դա է պատճառը, որ քննարկվող հարցը իր հրատապությամբ Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն»:

Քննարկմանը նախորդել է Սյունիքում` Հայաստանի հարավային մարզում երկօրյա վերապատրաստման դասընթաց և գործնական վարժություն, որի շրջանակներում  տեղական մոտ հիսուն հրշեջ խումբ ծանոթացան միջազգային լավագույն փորձին և անտառային հրդեհների կառավարման ժամանակակից մեթոդներին: Դասընթացը վարում էր «Հրդեհների մոնիտորինգի գլոբալ կենտրոնի» տնoրեն, պրոֆեսոր Յոհան Գեորգ Գոլդեմերը և «Անտառային հրդեհների տարածաշրջանային ցանցի» երկու ներկայացուցիչ Մակեդոնիայի հարավսլավական հանրապետությունից և Թուրքիայից:

«Տարածաշրջանում կլիմայական փոփոխությունները կբարձրացնեն անտառային հրդեհների վտանգը Հարավային Կովկասում. տևական երաշտները կմեծացնեն բարձր ինտենսիվությամբ հրդեհների ռիսկը` բնապահպանական և տնտեսական վնասի, և երկրորդային այնպիսի աղետների սպառնալիքով, ինչպիսիք են սողանքները, էրոզիան և հողի բերրիության անկումը»,- ասաց պրոֆեսոր Գոլդեմերը, ով վերջին տարիներին վերլուծել է անտառային հրդեհները Հայաստանում և հարևան երկրներում:

Նա հավելեց, որ չվերահսկվող գյուղատնտեսական այրումները հանդիսանում են անտառային հրդեհների հիմնական պատճառը, և կարելի է կանխել դրանք, եթե իշխանություններն աշխատեն ֆերմերների հետ` անհարկի այրումներից խուսափելու համար:

Այս միջոցառումը Հարավային Կովկասի տարածաշրջանային ծրագրի մաս է` իրականացվող Շրջակա միջավայրի և անվտանգության (ENVSEC) նախաձեռնության աջակցության շրջանակներում, որը վեց կազմակերպությունների` ԵԱՀԿ, ՄԱԶԾ, ՄԱԿԷԾ (UNEP), ՄԱԿԵՏՀց (UNECE), ՏԲԿ և ՆԱՏՕ գործընկերություն է: Ծրագրի շրջանակում անցյալ տարի նման դասընթաց է կազմակերպվել նաև Վրաստանում:

Այս խորագրի վերջին նյութերը