Լրահոս

14.09.2011 16:24


«Ժառանգությունը» մտահոգություն է հայտնում ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի զեկույցում տեղ գտած որոշ վտանգավոր դրույթների առնչությամբ

Պարոն Դիկ Մարտիին

ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի նախագահ

Օրիորդ Ժոզեթ Դյուղյոին

ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի առաջին փոխնախագահ

Պարոն Պոդրո Ագրամունդ Ֆոնտ դե Մոռային

ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի երկրորդ փոխնախագահ

Տիկին Կարին Ս. Վոլդսեթին

ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի երրորդ փոխնախագահ

ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի անդամներին

Հարգելի գործընկերներ,

«Ժառանգություն» կուսակցությունը մեծապես կարեւորում եւ անկեղծորեն գնահատում է ԵԽԽՎ-ի եւ նրա Մոնիթորինգային հանձնաժողովի գործունեությունը` ուղղված Հայաստանում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների գերակայության հաստատմանը: Մենք նաեւ քաջ գիտակցում ենք, որ ինչքան էլ հետեւողական պայքար ծավալեն Հայաստանի քաղաքացիական հասարակությունն ու նրա բաղկացուցիչ մաս կազմող ժողովրդավարական ընդդիմությունը, առանց Եվրոպայի խորհրդի եւ նրա Խորհրդարանական վեհաժողովի մշտական աջակցության ու ջանքերի Հայաստանում կյանքի կոչվող ժողովրդավարական բարեփոխումներն անգամ առկա աննշան ծավալներով տեղի չեն ունենա:

Այդուհանդերձ` «Ժառանգությունը» նաեւ մշտապես պահանջել է, որ Հայաստանը գնահատվի ԵԽԽՎ մեր գործընկերների կողմից եվրոպական ամենաբարձր չափանիշներով: Միայն այդպես է հնարավոր հաղթահարել Հայաստանի ժողովրդավարական իրական բարեփոխումների փոխարեն դրանց իմիտացիան հրամցնելու որեւէ ուժի ցանկացած փորձ:

Օրերս հայաստանյան հանրությունը տեղեկացավ ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի եւ Աքսել Ֆիշերի պատրաստած` «Ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը Հայաստանում» զեկույցի նախագծի մասին, որն ընդունման է ներկայացվելու ԵԽԽՎ-ի կողմից:

Կիսելով զեկույցում մատնանշված շատ հիմնախնդիրների վերաբերյալ համազեկուցողների մտահոգությունները, ինչպեսեւ շատ շեշտադրումներ` կապված առաջիկայում Հայաստանում ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու, հետայսու 2008թ. մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձություններ թույլ չտալու եւ ՀՀ-ում ներքաղաքական լարվածության մեղմացմանն ուղղված գործընթացների մեջ բոլոր հիմնական քաղաքական ուժերին ներգրավելու անհրաժեշտության հետ, «Ժառանգությունն», այդուհանդերձ, իր մտահոգությունն է հայտնում զեկույցում տեղ գտած որոշ անընդունելի եւ վտանգավոր դրույթների առնչությամբ, որոնք ստվերում են զեկույցի ամբողջ ոգին եւ գլխավոր գործառույթը: Այս կապակցությամբ հարկ ենք համարում Ձեզ ներկայացնել մեր որոշ նկատառումները:

 

1.Զեկույցում ողջունվում է 2008թ. մարտի 1-ի սպանությունների բացահայտման ուղղությամբ ՀՀ նախագահի կողմից գործողությունների «նորովի խթանումը» եւ նշվում, որ այս գործով վերջնական կամ առնվազն միջանկյալ զեկույցը պետք է հրապարակվի մինչեւ 2011թ. ավարտը: Մինչդեռ մենք շարունակում ենք մեծ թերահավատությամբ վերաբերվել գործող իշխանությունների կողմից մարտի 1-ի սպանությունների բացահայտման հեռանկարին, քանի դեռ Սերժ Սարգսյանը որեւէ քայլ չի կատարել Փաստահավաք խմբի վերականգնման համար, որը կազմավորվել էր իշխող կոալիցիայի, խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմության կողմից նշանակված փորձագետների ներգրավմամբ եւ որը, ի տարբերություն իրավապահ մարմինների, իրական ու արդյունավետ գործունեություն էր ծավալել նշված իրադարձությունների բացահայտման ուղղությամբ: Էլ չենք խոսում միջազգային փորձագետների ներգրավման անհրաժեշտության մասին, ինչը մշտապես բարձրաձայնվել է ընդդիմության, մասնավորապես` «Ժառանգության» կողմից: Բացի դրանից, մեզ համար անընդունելի է զեկույցի 11-րդ կետն ամբողջությամբ, ըստ որի ԵԽԽՎ-ին առաջարկվում է հայտարարել, որ վերջին համաներման, 2008թ. մարտի 1-ի սպանությունների բացահայտմանն ուղղված գործողությունների «նորովի խթանման եւ ընդդիմության ու իշխող կոալիցիայի միջեւ երկխոսության սկզբնավորման» արդյունքում «2008թ. մարտյան իրադարձությունների էջը կարող է ի վերջո  փակված համարվել»: Տարրական տրամաբանությունն իսկ հուշում է, որ այդ էջը կարող է փակվել ոչ թե թվարկված գործընթացների արդյունքում, այլ երբ բացահայտված կլինեն 10 սպանությունների կատարողներն ու հրահանգ տվողները:

2.Տարակուսանք ենք հայտնում նաեւ Ընտրական նոր օրենսգրքի վերաբերյալ համազեկուցողների դրական գնահատականի կապակցությամբ. մի օրենսգիրք, որը ԵԽԽՎ 1609, 1677 բանաձեւերի խախտմամբ ձեւավորվել եւ ընդունվել է առանց խորհրդարանական ընդդիմության ներգրավման, վերջինի առանցքային առաջարկների լիովին անտեսմամբ: Ավելին` համազեկուցողների ներկայացրած տարբերակում հայաստանյան բոլոր քաղաքական ուժերին կոչ է արվում զերծ մնալ ցանկացած գործողություններից կամ հայտարարություններից, որոնք կարող են սասանել հանրային վստահությունը ընտրական գործընթացի եւ դրա արդյունքների հանդեպ: Եվ սա այն դեպքում, երբ Ընտրական օրենսգրքի արդեն սկսված կիրարկման պրակտիկան ցույց է տալիս, որ իշխանություններն ընտրել են ընտրությունների օրինականությունը վտանգելու ճանապարհը. ընտրական գործընթացի թափանցիկությունն արդեն իսկ ստվերված է, իսկ դրա հանդեպ հանրային վստահությունը` սասանված թեկուզ այն պատճառով, որ վերջերս ձեւավորված Կենտրոնական եւ տարածքային ընտրական հանձնաժողովներում ընդգրկվել են խորհրդարանական բոլոր կուսակցությունների նախկին կամ նոր ներկայացուցիչներ` բացառությամբ ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության:

 

Հարգելի գործընկերներ,

Համազեկուցողներն առաջարկում են ԵԽԽՎ-ին ողջունել այն սերտ ու կառուցողական համագործակցությունը, որն առկա է ԵԽԽՎ-ի եւ Հայաստանի իշխանությունների միջեւ եւ անգամ հայտարարել, որ դա կարող է ԵԽԽՎ Մոնիթորինգի ընթացակարգի շրջանակներում համագործակցության զարգացման օրինակ դիտվել: Մեր ձեւակերպմամբ հավելենք, որ ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի կողմից Հայաստանի ընդդիմադիր ուժերի տեսակետների անտեսումը կարող է լինել հրաշալի օրինակ, թե ինչպես ՉՊԵՏՔ Է տեղի ունենա ԵԽԽՎ-որեւէ երկրի ընդդիմություն հարաբերությունը: Հուսով ենք, որ ի հեճուկս Մոնիթորինգի հանձնաժողովի համազեկուցողների կողմից ձեւավորված` ընդդիմության անտեսման այս տխուր ավանդույթի, ԵԽԽՎ-ն հաշվի կառնի այս դիտարկումները եւ անհրաժեշտ շտկումներ ու փոփոխություններ կմտցնի Հայաստանին վերաբերող բանաձեւի վերջնական տարբերակում:

Ստյոպա Սաֆարյան

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար

Զարուհի Փոստանջյան

ԵԽԽՎ հայկական խորհրդարանական պատվիրակությունում

«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ

Այս խորագրի վերջին նյութերը