Կարծիք

29.09.2022 15:56


Նիկոլ Փաշինյանը որոշել է գնալ Սահակաշվիլիի ճանապարհո՞վ

Նիկոլ Փաշինյանը որոշել է գնալ Սահակաշվիլիի ճանապարհո՞վ

Նիկոլ Փաշինյանը վերջին ժամանակաշրջանում որոշել է շեշտակիորեն մեծացնել իր հակառուսական քայլերը՝ պատճառաբանելով, որ Մոսկվան պատշաճ ձևով չի պաշտպանում Հայաստանը Ադրբեջանի հարձակումներից:

Որպես օրինակ նա առաջ բերեց այն պնդումը, թե Հայաստանն ունի բավարար գումարներ զենք գնելու համար, սակայն ՀԱՊԿ-ի կապանքները դա թույլ չեն տալիս:

Թե ինչո՞ւ նա որոշեց հենց ՀԱՊԿ-ից սկսել Մոսկվայի հասցեին քննադատությունը, այլ հարց է: Սակայն նրա այս պնդումը հերքեցին միանգամից թե՛ ՀՀ երկրորդ նախագահն՝ իր ասուլիսում, և թե՛ նախկին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Երկուսն էլ պնդեցին, որ ՀԱՊԿ-ի անդամակցությունը երբեք չի խանգարել, որ Հայաստանը զենք ու զինամթերք գնի այլ երկրներից: Ռոբերտ Քոչարյանը նույնիսկ կոնկրետ օրինակ բերեց, թե ի՞նչ են գնել իր կառավարման տարիներին: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ էլ Հայաստանը զենքի մի քանի տեսակներ էր գնել Չինաստանից: Իսկ այսօր լուրեր կան, որ Հայաստանը պատրաստվում է զենք ու զինամթերք գնել Հնդկաստանից:

Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի այդ պնդումը, որն սուտ էր, անհրաժեշտ էր, որպեսզի ՀԱՊԿ-ին քննադատելով նա կարողանա լուծել բոլորովին այլ խնդիրներ:

Այն, որ ՀԱՊԿ-ը ձևական կառույց է, գիտեն բոլորը: Կոնկրետ Հայաստանի համար միշտ կարևոր է եղել ՀԱՊԿ-ի անդամակցությունը, որպեսզի մենք կարողանանք էժան զենք և զինամթերք ստանալ Ռուսաստանից: Ի դեպ, հենց այդպես էլ եղել է: Հակառակ դեպքում, մենք չէինք կարող դիմակայել ավելի հարուստ Ադրբեջանին, ով իր նավթադոլարների միջոցով բազմամիլիարդանոց զենք և զինամթերքի գնումներ էր կատարում վերջին քսան տարվա ընթացքում:

Ինչ վերաբերվում է Փաշինյանի ներկայիս քայլերին, ապա կասկած է առաջանում, որ նա հող է նախապատրաստում, որ Հայաստանը դուրս բերի այդ կառույցից: Թե ինչ վտանգների կարող է բերել մեզ համար նրա այդ քայլը, կխոսենք մեկ այլ անգամ:

Պարզապես ակներև է, որ Փաշինյանն իր այդ որոշումը խոստացել է «դրսում» որոշ շրջանակներին՝ փորձելով իր այդ քայլով սիրաշահել, ինչպես որ դա անում էր Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այդ երկրում:

Բայց, ի տարբերություն Վրաաստանի, մենք շատ ավելի մեծ գին կարող ենք վճարել իր այդ քայլի համար, որի հետևանքների ծանրությունը նույնիսկ դժվար կլինի գնահատել:

Թե ինչու է նա որոշել գնալ այդ քայլին, արդեն հասկանալի է դառնում: Բայց դա արդեն այլ խոսակցության թեմա է:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Աղբյուրը՝ zham.am

Այս խորագրի վերջին նյութերը