Միլիարդները ծախսել են, իսկ արդյունքը զրո է. ինչո՞ւ որոշեցին դադարեցնել վարկերի սուբսիդավորումը
Կառավարությունը որոշել է հաջորդ տարվանից դադարեցնել գյուղատնտեսական ընդհանուր բնույթի վարկերի սուբսիդավորումը։ Խոսքը գյուղացիական տնտեսություններին տրամադրվող մանր վարկերի մասին է։
Ժամանակի ընթացքում հսկայական գումարներ են ծախսել այդ վարկերը սուբսիդավորելու համար և միայն 4 տարի հետո են գլխի ընկել, որ դրանք չեն ծառայում իրենց նպատակին, չկան արդյունավետ վերահսկողական մեխանիզմներ։
«ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի իրականացման ընթացքի ոչ արդյունավետ վերահսկողական մեխանիզմների առկայությամբ։ Չնայած ձեռնարկված քայլերին՝ դեռևս խնդրահարույց է վերահսկողական մեխանիզմների կիրառման ամբողջականությունը, ինչը նաև արձանագրվել է տարբեր վերահսկողական գործառույթ ունեցող պետական կառույցների կողմից»,- գյուղվարկերի սուբսիդավորման դադարեցումն այսպես է պատճառաբանել կառավարությունը։
Չորս տարի ծրագիր են իրականացրել, պետական բյուջեից 23,5 մլրդ դրամ են ծախսել ու նոր հասկացել են, որ գյուղատնտեսությանը տրամադրվող վարկերի սուբսիդավորման ծրագիրը դուրս է վերահսկողությունից։ Այդ պատճառաբանությամբ էլ որոշել են այն դադարեցրել։
Ծրագիրը, որը գործում է սկսած 2019թ., նպատակ ուներ օժանդակել ագրոպարենային ոլորտում զբաղված ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորմանը, վարկավորման պայմանների բարելավման միջոցով նպաստել գյուղատնտեսության մեջ կապիտալ ներդրումների ծավալների ավելացմանը, արտադրական հզորությունների ընդլայնմանը, տնտեսությունների խոշորացմանն ու զարգացմանը, արդիական տեխնոլոգիաների ներդրմանը, գյուղատնտեսության արտադրողականության բարձրացմանն ու արտադրության ծավալների ավելացմանը:
Ծրագրի հիմքում դրված այս նպատակներից թե հատկապես ո՞րն է իրականացել, որ հիմա էլ կառավարությունը որոշել է այն դադարեցնել, դժվար չէ գուշակել։ Ներդրումնե՞րն են ավելացել, թե՞ գյուղատնտեսության արտադրողականությունն է բարձրացել կամ արտադրության ծավալներն են մեծացել։ Գյուղատնտեսության արդիականացման ու տնտեսությունների խոշորացման մասին նույնիսկ անիմաստ է խոսելը։
Ծրագրի ոչ մի նպատակ չի իրականացել, չնայած դրա համար բյուջեից հսկայական գումարներ են ծախսվել։ Այդ գումարները փոշիացվել են՝ չծառայելով իրենց նպատակին։
Որքան էլ գյուղատնտեսությունն օժանդակության լուրջ կարիք ունի, դա չի նշանակում, թե ինչ խելքներին փչի, կարելի է անել։ Իբր թե գյուղատնտեսության օժանդակության ծրագրեր են իրականացնում, հետո պարզվում է, որ դրանք գյուղացու համար չեն, կտրված են իրականությունից, ինչի պատճառով էլ մարդիկ մոտ չեն գալիս այդ ծրագրերին։ Երեք-չորս տարվա ծրագրեր կան, որոնց շահառուները 2-3 տասնյակից չեն անցնում։ Այնինչ՝ ակնկալում էին, որ դրանք հարյուրների պիտի հասնեն։ Այնպիսի պայմաններ են դնում գյուղացու առաջ, որ այդ ծրագրերին մասնակցելն անիմաստ է դառնում։ Այդպիսի ծրագրերով էլ ուզում են գյուղատնտեսություն զարգացնել։
Վարկերի սուբսիդավորման միջոցով գյուղատնտեսությանն օժանդակելու փոխարեն՝ իրականում գյուղացուն ներքաշել են վարկային ծանր բեռի տակ։ Միայն այդ ծրագրով 214-215 մլրդ դրամի նոր վարկային բեռ են դրել գյուղացու վրա։
Թե ո՞ւր են գնացել այդ գումարները, կառավարությունում տեղյակ չեն։ Թեև գաղտնիք չէ, որ շատ դեպքերում դրանք ծառայել են ոչ թե բուն գյուղատնտեսությանը, այլ մարդկանց այլ կարիքների բավարարմանը։ Քիչ չեն դեպքերը, երբ ֆինանսական կարիքից դրված, մարդիկ գյուղվարկեր են ձևակերպել՝ իրենց սոցիալական խնդիրները հոգալու համար։ Արդյունքում շատերը հետո կանգնել են դրանք վերադարձնելու դժվարությունների առաջ։
Գյուղվարկերի սուբսիդավորման ծրագիրը, որը ժամանակին մեծ օժանդակություն էր գյուղատնտեսության զարգացման ու արտադրության ծավալների ընդլայնման համար, տապալվել է։ Բյուջեն գրեթե 50 մլն դոլար է ծախսել, բայց ոչ մի նպատակ չի իրականացել, ու դրա համար որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել։ Կառավարությունը բավարարվել է նրանով, որ վերահսկողության արդյունավետ մեխանիզմների բացակայության պատճառաբանությամբ՝ դադարեցրել է ծրագիրը։
Փոխարենը ժամանակին մտածեին այդ մասին և ստեղծեին արդյունավետ վերհսկողության մեխանիզմներ, նոր մեկնարկեին ծրագիրը, ծրագիրը մեկնարկել են, չորս տարի հսկայական գումարներ են ծախսել, նոր հիշել են, որ այդ գումարների իրացումը հնարավոր չէ վերահսկել։ Ով ինչպես ցանկացել է, այնպես էլ ծախսել է, չնայած դրանք ունեցել են նպատակային նշանակություն։
Զարմանալի չէ, որ այսպիսի տխուր պատկեր ունենք գյուղատնտեսության ոլորտում։
Սա մեր տնտեսության այն առավել անմխիթար հատվածն է, որտեղ արտադրողականությունն ամենացածրն է։ Խոսելուց ու անիմաստ հայտարարություններ անելուց բացի, այս ընթացքում որևէ էական տեղաշարժ չենք ունեցել գյուղատնտեսության արտադրողականության բարձրացման առումով։
Խոշորացումը, որը համարվում է հողերի մշակման արդյունավետությունը բարձրացնելու և ծախսատարությունը կրճատելու հիմնական պայմաններից մեկը, ոչ մի բանով առաջ չի գնացել։ Ոչնչով չեն ավելացել նաև մշակովի հողատարածքները։ Դրանց կեսից ավելին շարունակում է չմշակված մնալ։
Կառավարության այս և շուրջ մեկ տասնյակ այլ, այսպես կոչված, նպատակային ծրագրերի իրականացման արդյունքում չի եղել որևէ տարի, որ գյուղատնտեսության մեջ աճ արձանագրվի։ Միայն անկում է եղել ու այսօր էլ շարունակվում է։
Արդեն դժվար է նույնիսկ հաշվել, թե այդ ընթացքում գյուղատնտեսության արտադրության ծավալները որքանով են կրճատվել։
Դա նշանակում է, որ իրականացվող ծրագրերն անարդյունավետ են։ Ճիշտ չեն ընտրված ուղիներն ու աջակցության մեխանիզմները։ Կառավարությունը չի պատկերացնում իր անելիքները գյուղատնտեսության ոլորտում։ Գումարները, որոնք հատկացվում են, ծախսվում են՝ առանց արդյունք տալու։ Գյուղատնտեսությունն ինչպես եղել, այնպես էլ շարունակում է հետընթացի մեջ մնալ։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ
Աղբյուրը՝ 168.am