Տնտեսական

23.09.2022 10:15


Պարտքի մրցավազք. ևս 8 միլիոն, և 10 միլիարդն ապահովված է

Պարտքի մրցավազք. ևս 8 միլիոն, և 10 միլիարդն ապահովված է

Եվս 8 միլիոն, և պետական պարտքը կհասնի 10 մլրդ դոլարի։ Սեպտեմբերի 1-ի դրությամբ այն կազմել է 9 մլրդ 992 մլն դոլար։ Գրեթե բան չի մնացել՝ հասնելու 10 միլիարդի։

Այս գումարի մեկ երրորդը կուտակվել է 2018թ. հետո։ Այսինքն՝ վերջին չորս ու կես տարվա ընթացքում։ Իշխանափոխությունից հետո Հայաստանի պետական պարտքն ավելացել է 3,2 միլիարդով կամ ավելի քան 47 տոկոսով։ Մինչ այդ՝ 2018թ. սկզբին, այն 6,8 մլրդ դոլարից պակաս էր։ Քիչ չէր, բայց այդ գումարը ձևավորվել էր տասնյակ տարիների ընթացքում։

Հիշեցնենք, որ Հայաստանը պարտքեր է վերցրել 1991թ. սկսած։ Դրան հաջորդող 27 տարվա ընթացքում կուտակվել էր շուրջ 6,8 մլրդ դոլար։ Հաջորդ չորս ու կես տարում՝ ևս 3,2 միլիարդ։

Ակնհայտ է, թե պարտքի կուտակումն ինչպիսի ակտիվությամբ է տեղի ունեցել հատկապես վերջին տարիներին կամ իշխանափոխությունից հետո։

Թեկուզ պարտքի տեսքով, գումարների ներգրավումն արդարացված է, երբ այն նպաստում է տնտեսության զարգացումների ակտիվացմանը և տնտեսական աճի պոտենցիալի բարձրացմանը։ Այստեղ է, որ ներգրավված գումարները ոչ մի կերպ չեն արդարացնում պարտքի այդքան ակտիվ կուտակումը։

Մեր տնտեսության աճի պոտենցիալը, ինչպես դրանից առաջ, այնպես էլ դրանից հետո գրեթե չի փոխվել։ Այն ինչպես եղել է 4-4,5 տոկոսի սահմաններում, այդպես էլ մնացել է։ Պարտքի կուտակումը չի նպաստել մեր տնտեսության ու ձևավորվող ՀՆԱ-ի որակի բարելավմանը։ Արձանագրվող տնտեսական աճերն էլ հիմնականում տնտեսության որակի հաշվին չեն։ Դա է պատճառը, որ մեր տնտեսության դիմադրողականությունը՝ ցնցումների ու ճգնաժամերի նկատմամբ, շատ թույլ է։ Նման իրավիճակներում տնտեսությունն արագ է սուզվում։

Աճերը հիմնականում այնպիսի ոլորտների հաշվին են, որոնք կայուն ու երկարաժամկետ չեն։ Շատ զգայուն են ու արագ արձագանքում են իրավիճակների փոփոխություններին։ Կապված չեն տնտեսության հիմնարարների հետ։ Սա է նաև տնտեսության աճի բարձր տատանողականության պատճառը։

Վերջին տարիներին չնայած պարտքի տեսքով մեծ քանակությամբ ֆինանսական միջոցներ են ներգրավվել, դրանք չեն փոխել տնտեսության աճի կառուցվածքը։ Դրա վկայություններից մեկն էլ այն աճն է, որն արձանագրվել է 4 տարվա ընթացքում։ Չորս տարվա հեռանկարում մեր ՀՆԱ-ն ավելացել է միջին տարեկան ընդամենը 2,8 տոկոսով։ Այն էլ պարտքի տեսքով այսպիսի հսկայական գումարներ ներգրավելուց հետո։

Դժվար չէ պատկերացնել, թե ինչպիսին կլիներ տնտեսական աճի պատկերը, եթե այդ գումարներն էլ չլինեին։ Այստեղ է, որ խնդիրներ են առաջանում պարտքի հետ կապված։ Պարտքն անընդհատ ավելանում է, իսկ տնտեսությունը դրանից չի շահում։ Տեղի է ունենում տնտեսության վրա պարտքի բեռի ծանրացում։

Այլ կլիներ, եթե պարտքի ավելացումն ուղեկցվեր տնտեսության զարգացումների ակտիվացմամբ ու աճի պոտենցիալի բարձրացմամբ։ Այդ դեպքում է, որ պարտքի ավելացումը վտանգ չի ներկայացնում տնտեսությանն ու երկրին։ Այդպիսի պարտքերի կուտակումը մի բան էլ նպատակահարմար է ու ցանկալի։ Դրանով ոչ պետական բյուջեն է ծանրաբեռնվում, և ոչ էլ տնտեսությունը։ Տնտեսության ավելի արագ աճերի ու լրացուցիչ եկամուտների ձևավորման հաշվին՝ բյուջեն մի բան էլ շահում է։

Այնինչ՝ մենք մեծացնում ենք պարտքը, բայց դա չի բերում տնտեսության պոտենցիալի ու դրա հետ կապված մյուս տնտեսական ու ֆինանսական արդյունքների ապահովմանը։ Դրա հետևանքով տնտեսության մեջ լրացուցիչ խթաններ չեն ստեղծվում, փոխարենը՝ տարեցտարի ավելանում է բյուջեի ծանրաբեռնվածությունը։ Ավելի շատ գումարներ են ուղղվում պարտքի սպասարկմանը։

Բյուջեի ծախսերի 10 տոկոսից ավելին գնում է պարտքերի մարմանը։ Այս ցուցանիշը վերջին տարիներին վատացել է։ Այնինչ՝ ներգրավված գումարների ծախսման արդյունավետության պարագայում, պիտի հակառակը լիներ։ Ստացվում է, որ դրանք հարկադրված պարտքեր են, որոնք վերցրել ենք առաջին անհրաժեշտության ինչ-ինչ ծախսեր կատարելու համար։

Պետական պարտքի այսպիսի վարքագիծը մտահոգիչ է։ Բայց դա իշխանություններին քիչ է հուզում։ Պարտքերը դարձրել են միջոց իրենց քաղաքական հետաքրքրությունների համար ու ծանրաբեռնում են երկրի ֆինանսական բեռը։ Կապ չունի, որ գնալով ավելի մեծ գին են վճարում միջոցներ ներգրավելու դիմաց։ Դրա պատճառներից մեկն էլ պարտքի կառուցվածքի փոփոխությունն է, որ տեսնում ենք վերջին 1-2 տարիներին։ Արտաքին պարտքը փոխարինվում է ներքինով։

Վերջին տվյալներով, ներքին պարտքը հասել է պետական ընդհանուր պարտքի 37 տոկոսին։ 2019թ. սկզբին ընդամենը 20 տոկոսն էր։

Ներքին պարտքն անցնում է 3 մլրդ 703 մլն դոլարից։ Նախորդ տարվա ավարտին այն 2 մլրդ 577 մլն դոլար էր։

Այս տարվա 8 ամսում ներքին պարտքը 1 մլրդ 126 միլիոնով ավելացել է։ Մի մասը, իհարկե, դրամի արժևորման ազդեցությունն է։ Բայց ներքին պարտքը միայն դրամային պարտք չէ։ Կա նաև տարադրամային բաղադրիչ։ Ավելանում է՝ ինչպես դրամային, այնպես էլ՝ տարադրամային բաղադրիչը։

Ներքին պարտքի տարադրամային մասը հասել է 369 մլն դոլարի։ Այս տարվա ընթացքում այն ավելացել է 210 մլն դոլարով։

Ի տարբերություն ներքինի, արտաքին պարտքը, որը բացառապես տարադրամային է, նվազել է։ Սա, իհարկե, չի նշանակում, թե իշխանությունները դադարել են դրսից նոր վարկեր վերցնել։ Վարկեր էլի վերցնում են, բայց արտաքին պարտքի սպասարկումն ավելի մեծ տեմպերով է իրականացվում, քան նոր վարկերի ներգրավումն է։ Դրանով է պայմանավորված, որ արտաքին պարտքի նվազում ունենք, ի տարբերություն ներքինի։

Անցած տարվա վերջին արտաքին վարկերն ու փոխառությունները, նաև թողարկված արտարժութային պարտատոմսերի դիմաց ներգրավված պարտքը, հասնում էր 6 մլրդ 648 մլն դոլարի։ Սրա մեջ մտնում է նաև Կենտրոնական բանկի պարտքը, որն անցած տարվա վերջին կազմում էր շուրջ 458 մլն դոլար։ Այս տարվա 8 ամսում արտաքին պարտքը կրճատվել է գրեթե 360 միլիոնով և սեպտեմբերի սկզբի դրությամբ դարձել 6 մլրդ 288 մլն դոլար։ Դրանից ավելի քան 5,7 միլիարդը կառավարության պարտքն է։ Մնացածը Կենտրոնական բանկի բաժինն է։

Թվում է, թե լավ է, որ գոնե արտաքին պարտքն է կրճատվում։ Բայց դա նաև նշանակում է, որ արտաքին էժան պարտքերը փոխարինվում են ներքին թանկ պարտքերով՝ ծանրաբեռնելով բյուջեի ֆինանսական բեռը։ Տարադրամով արտահայտված, այս տարվա ընթացքում պետական պարտքն ավելացել է ևս 766 միլիոնով՝ բացառապես ներքին պարտքի գծով։

Հակոբ Քոչարյան

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը