Տնտեսական

22.09.2022 12:04


«Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի» բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվում է նախօրոք հայտնի գնորդին

«Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի» բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվում է նախօրոք հայտնի գնորդին

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 22-ի նիստում որոշեց «Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդին՝ «Ծաղկաձորի սպորտային համալիր» ՍՊԸ-ին:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ընկերության գործունեության ոլորտն է՝ մարզական միջոցառումների, հանգստի, զվարճությունների կազմակերպում և հյուրանոցային ծառայություն։ Ընկերության ընդհանուր շենք-շինությունների մակերեսը կազմում է՝ 6864,58 ք/մ, (4658,26 ք/մ լողավազան, 1764,5 մարզասրահ և օժանդակ շինություն և 441,82 պահեստ), իսկ դրանց սպասարկող հողատարածքը՝ 51,89 հա:

Ընկերության ամբողջ անշարժ գույքը (իրեն սպասարկման հողամասով), դեռևս 08.11.2006թ-ին 50 տարի ժամկետով տրամադրվել է «Նյու հորիզոն գրուպ ԻՆԿ» կազմակերպությանը և Ընկերության հետ կնքել է վարձակալության պայմանագիր, ինչն էլ սահմանված կարգով ստացել է պետական գրանցում: Վարձակալության պայմանագրի համաձայն՝ վարձակալը վարձատուին պարտավոր էր վճարել հյուրանոցային շենքերից ստացվող օգուտների զուտ շահույթի 5% չափով գումար: Հետագայում «Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր» ՊՓԲԸ-ի գույքի մի մասը (այդ թվում հյուրանոցային շենքեր) օտարվել են։

Հաշվի առնելով, որ Ընկերության ամբողջ գույքը տրամադրված է վարձակալությամբ «Նյու հորիզոն գրուպ ԻՆԿ» ընկերությանը, Պետական գույքի կառավարման կոմիտեն դիմել է վարձակալին՝ Ընկերության մասնավորեցման ձևի, գնի, ներդրումների և այլնի վերավերյալ առաջարկություններ ներկայացնել համար։

«Նյու հորիզոն գրուպ ԻՆԿ» ընկերությունը տեղեկացրել է, որ պատրաստ է ձեռք բերել Ընկերության բաժնետոմսերը (թվով 5 հողամասերը՝ 6422.76 ք.մ շենք-շինություններ և 14.22711 հա հողատարածք), իսկ 441.82 պահեստը և դրա համար հատկացված 37.26247 հա հողատարածքն առաջարկել է տրամադրել վարձակալությամբ` վարձակալության ժամկետ սահմանելով: Պատրաստ է վճարել բաժնետոմսերի արժեքը 2 ամսվա ընթացքում, որից հետո կատարել 400 մլն դրամի ներդրում։

Միաժամանակ «ՆՅՈՒ ՀՈՐԻԶՈՆ ԳՐՈՒՊ ԻՆԿ» ընկերությունը խնդրել է Ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել «Նյու հորիզոն գրուպ ԻՆԿ» ընկերության (գրանցված ԱՄՆ-ում) միակ հիմնադրի կողմից միանձնյա հիմնված, հայաստանյան ռեզիդենտ հանդիասցող «Ծաղկաձորի սպորտային համալիր» ՍՊԸ-ին։

Այսպիսով Նախագծով առաջարկվում է Ընկերության 100 տոկոս պետական բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով, 732,171.321 հազար դրամ շուկայական արժեքով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ՝ «Ծաղկաձորի սպորտային համալիր» ՍՊԸ-ին:

Նախագծով սահմանվում է նաև, որ գնորդի կողմից Ընկերության բաժնետոմսերի արժեքը պետք է վճարի մասնավորեցման վճարման հանձնարարագիրը ստանալուց հետո 2 ամսվա ընթացքում, իսկ 2 տարվա ընթացքում պետք է կատարի 400,000.0 հազ դրամի ներդրում:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը