Աշխարհ

22.09.2022 11:10


Չինաստանի արդարադատության նախկին նախարարին դատապարտել են մահապատժի

Չինաստանի արդարադատության նախկին նախարարին դատապարտել են մահապատժի

Չինաստանի դատարանը երկրի արդարադատության նախկին նախարար, ՉԺՀ հանրային անվտանգության նախարարության նախկին փոխնախարար Ֆու Չժենհուային դատապարտել է մահապատժի։ Դատարանի որոշումը կկատարվի երկու տարի անց։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին ՝ վկայակոչելով Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը:

Կոռուպցիոն հանցագործության գործով դատավճիռը հրապարակել է Ցզիլին նահանգի Չանչուն քաղաքի դատարանը:

«Ֆու Չժենհուան մահապատժի է դատապարտվել կաշառակերության համար։ Դատավճռի կատարումը հետաձգվել է երկու տարով»,-ասված է հաղորդագրության մեջ:

Դատարանը պարզել է, որ Ֆու Չժենհուան, չարաշահելով պաշտոնական դիրքը, աջակցել է անհատ բիզնեսմեներին և դրա դիմաց ստացել է կաշառք։ Նա նաև թաքցրել է իր կրտսեր եղբոր ենթադրյալ ծանր հանցագործությունների մասին ապացույցները:

Հետաքննության տվյալների համաձայն՝ Ֆու Չժենհուան ստացել է ավելի քան 117 մլն յուան (շուրջ 16,5 մլն դոլար) կաշառք:

Նշվում է, որ ամբաստանյալն ընդունել է մեղքը և զղջացել, ինչպես նաև հետ է վերադարձրել ապօրինի վաստակած միջոցները: Դատարանը վճռել է, որ երկամյա տարկետումից հետո մահապատիժը կարող է փոխարինվել ցմահ ազատազրկմամբ՝ առանց պայմանական վաղաժամկետ ազատման իրավունքի:

Ֆու Չժենհուան 2013-2018 թվականներին զբաղեցրել է ՉԺՀ հասարակական անվտանգության նախարարության ղեկավարի տեղակալի պաշտոնը, 2018-2020 թվականներին զբաղեցրել է արդարադատության նախարարի պաշտոնը:

Չինաստանի Կոմկուսի կարգապահության ստուգման կենտրոնական հանձնաժողովը Ֆու Չժենհուայի նկատմամբ հետաքննություն է ակսել դեռևս 2021 թվականի հոկտեմբերին՝ կոռուպցիոն հանցագործությունների կասկածանքով:

Վերջին մի քանի տարիներին կոռուպցիոն հանցագործությունների պատճառով հետաքննության տակ են հայտնվել ՉԺՀ-ի հասարակական անվտանգության նախարարության ղեկավարի միանգամից մի քանի նախկին տեղակալներ: Լի Դունշենը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման, Ինտերպոլի նախկին ղեկավար Մեն Հունվեյը դատապարտվել է 13,5 տարվա ազատազրկման, իսկ Սուն Լցիզյունի դատավճիռը դեռ չեն հրապարակել։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը