Կարծիք

18.09.2022 20:18


Այստեղ եք՝ ավարտելու ձեր արյունալի գործարքը, որը սկսել եք դեռ 2018-ից. զոհված զինծառայող Հայկ Մելիքյանի ծնողի ուղերձը Նենսի Փելոսիին

Այստեղ եք՝ ավարտելու ձեր արյունալի գործարքը, որը սկսել եք դեռ 2018-ից. զոհված զինծառայող Հայկ Մելիքյանի ծնողի ուղերձը Նենսի Փելոսիին

Զոհված զինծառայող Հայկ Մելիքյանի ծնողն ուղերձով դիմել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին:

Ստորև ներկայացնում ենք ուղերձը.

«Ես այստեղ եմ, որպեսզի ասեմ, որ մեր երկիրը չի վաճառվում, մեր երեխաների արյունը չի վաճառվում։ Ես այստեղ եմ՝ արտահայտելու իմ վրդովմունքը ձեր բազմակի չափանիշների նկատմամբ, որոնք կանաչ լույս են վառում մարդասպանների առաջ՝ հնարավորություն տալով նրանց իրականացնել իրենց ծրագրած հանցագործությունները: Ես այստեղ եմ ձեզ ամոթանք տալու ձեր կեղծ ժողովրդավարության համար, որի արդյունքում ոչնչացվել է ժողովրդավարություն եզրույթը, և այժմ այն ասոցացվում է կոյուղու հետ։ Այսօր ժողովրդավարության անվան տակ քանդվում են երկրներ՝ մեկը մյուսի հետևից: Կեղծ օրակարգերի և ընդամենը հայտարարությունների մակարդակում արվող անարդյունք գործողությունների հետևանքով մահ ու ավերածություն է տարածվում: Իսկ հիմա այն մասին, թե դուք ինչու եք այստեղ:

Դուք այստեղ եք ավարտելու ձեր արյունալի գործարքը, որը սկսել եք դեռ 2018 թվականից: Դուք այստեղ եք վերջնականապես ոչնչացնելու հայոց պետականությունն ու հայ ժողովրդին։ Դուք գնում եք Ցեղասպանության թանգարան։ Ինչպե՞ս եք համարձակվում: Դուք լուռ էիք, երբ Ադրբեջանն ու Թուրքիան մորթում էին մեր երեխաներին, լռում էիք, երբ Ադրբեջանն ու Թուրքիան ֆոսֆորային ռումբեր էին օգտագործում մեր դեմ, լռում էիք, երբ այս մարդասպան պետությունները, որոնց դուք անվանում եք ձեր ռազմավարական դաշնակիցները, մասնատում էին մեր զոհվածների դիերը, խոշտանգում մեր գերիներին, պղծում մեր գերեզմաններն ու հուշարձանները: Դուք լռեցիք, երբ այս մարդասպան տանդեմը ներխուժեց Հայաստանի ինքնիշխան տարածք, ռմբակոծեց Գորիսը, Կապանը, Ջերմուկը, Վարդենիսը, Սոթքը…

Դուք դեռ լռում եք, թեև Ադրբեջանը շարունակում է մնալ մեր հողի վրա և շարունակում է տարածքներ գրավել Հայաստանից և Արցախից։ Իսկ ինչ կասեք Ալիևի ռեժիմին ԱՄՆ-ի ռազմական օգնության մասին՝ թե՛ օգնության, և թե՛ վերապատրաստման տեսքով, որն ազդել և ազդում է Հայաստանի հետ ռազմական հավասարակշռության վրա: Եվ դա արվում է չնայած Ադրբեջանի կողմից Արցախի բնիկ հայ բնակչության էթնիկ զտմանը, որի ընթացքում 2020 թվականին զոհվեց ավելի քան 6500 մարդ, իսկ 100 000-ից ավելի էթնիկ հայեր տեղահանվեցին: Որպես հիշեցում, ձեր կառավարությունը մոտ 1 միլիարդ դոլարի ընդհանուր օգնություն է տրամադրել Ադրբեջանին 2002-2022 ֆինանսական տարիներին: Հիմա, երբ իմ ժողովուրդը վերջապես փորձում է արթնանալ, և դուրս քշել ձեր կողմից իշխանության բերված մարդակեր գազանին ու նրա խունտային, որը, վերջին մի քանի տարիներին՝ ձեր հովանավորությամբ, զբաղված է մեր պետական կառույցները քանդելով և մեր սերունդը ոչնչացնելով, դուք եկել եք իբր մեզ փրկելու առաքելությամբ, բայց ձեր իրական նպատակն է երկարաձգել խունտայի իշխանությունը՝ սին խոստումներով թմրեցնելով մեր զգոնությունը, շեղելով մեր ուշադրությունը գլխավոր օրակարգից՝ վերջնականապես կործանելու մեր պետականությունը: Ամո՛թ, Ամո՛թ և կրկի՛ն ամոթ: Ձեր ձեռքերը անուղղակիորեն թաթախված են մեր տղաների արյան մեջ: Մենք գիտենք ձեր իրական դեմքը, մենք գիտենք ձեր իրական մտադրությունները: Հեռո՛ւ մնացեք մեր երկրից ու մեր ժողովրդից»:

Այս խորագրի վերջին նյութերը