Լրահոս

10.09.2011 14:08


Ուխտագնացություն դեպի Հաղբատ

Այս տարի սեպտեմբերի 11-ին Խաչվերացի տոնի օրը հանրապետության տարբեր վայրերից տեղի կունենա ուխտագնացություն դեպի Լոռու մարզի Հաղբատ գյուղ` նվիրված Հաղբատավանքի օրվան և Սայաթ-Նովայի հիշատակին։ Այս ավանդույթի սկիզբը դրվել է անցած տարի, երբ Վարդավառի օրը` հուլիսի 11-ին կազմակերպվեց ուխտագնացություն դեպի Հաղբատ։ Հաշվի առնելով այն իրողությունը, որ դարեր շարունակ Հաղբատավանքի տոնը ավանդաբար համարվել է Խաչվերացի օրը, այսուհետ տոնակատարությունը կկատարվի այդ օրը։ Հիշեցնենք, որ Հաղբատավանքում է պահվում հրաշագործ սուրբ Նշան խաչը, որի մեջ ամփոփված է մասունք Բարձրյալի խաչափայտից։ Բավական երկար ժամանակ այն կորած էր համարվում և տարիներ առաջ` 2007թ.-ին Հաղբատավանքի նախկին հոգևորական Պետրոսի, հոգատար և բարի մարդկանց կամքով և միջոցով այն Հաղբատավանք վերադարձավ։ Սեպտեմբերի 11-ին, ժամը 11-ին Հաղբատավանքում տեղի կունենա սուրբ պատարագ, որին կհաջորդի օրվա խորհուրդը ներկայացնող հանդիսավոր մասը` վանքի զանգակատան շուրջը։ Դրան կհաջորդեն հոգևոր` հիմնականում Սայաթ-Նովայի ստեղծագործությունների կատարումները, ժողովրդական տոնախմբությունը։

Տեղի կունենա մատաղի օրհնության արարողություն։ Միջոցառման նախաձեռնողը □Լոռվա ձոր□ հայրենակցական միությունն է, աջակիցները` ՀՀ մշակույթի նախարարությունը, Լոռու մարզպետարանը, Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմը, Հաղբատի գյուղապետարանը։

Հրավիրում ենք բոլորին ուխտագնացության և ներկա լինելու Հաղբատավանքի օրվան և Սայաթ-Նովային նվիրված տոնակատարություններին։

 

Դարեր շարունակ Խաչվերացի տոնը նշվել է որպես Հաղբատավանքի օր, քանի որ Հաղբատի վանական համալիրի կառուցումից հետո վանքին է նվիրաբերվել սուրբ Նշան խաչը։ Այս խաչի մեջ զետեղված է Բարձրյալի խաչափայտից մի կտոր-մասունք, որը Հայաստան է բերել սուրբ Հռիփսիմեն և որոշ ժամանակ այն պահվել է Վարագա սարում։ Խաչի մի մասը գտնվել է Բագրատունիների նախարարական տանը, որպես իշխանական տոհմի պահապան-խորհրդանիշ։ Սրբությունը սերնդից-սերունդ փոխանցելով հասնում է Աշոտ Ողորմած թագավորին (953-977), որի կինը Խոսրովանուշ թագուհին, սուրբ Նշան եկեղեցին կառուցելով նրան է փոխանցում ընտանեկան սրբությունը` Սմբատ և Գուրգեն թագաժառանգների արևշատության համար։

Անցած դարում Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո, այս մասունքն անհայտանում է Հաղբատավանքից։ Հետագայում պարզվում է, որ Հաղբատավանքի Պետրոս հոգևորականը այն իր հետ տարել է Թիֆլիս և մինչև իր մահը կրել կրծքին` պատգամելով իր մերձավորներին մասունքը վերադարձնել Հաղբատավանքին, երբ այն կվերաբացվի։ Ինչը և արվում է 2007 թվականին և սուրբ մասունքը կրկին իր հաստատուն տեղն է գրավում Հաղբատավանքում։

Այս սրբության հատկությունների և բազում հրաշագործությունների պատմություններ են պահպանվել և մեզ հասել։

Դրանցից մեկը։ Երբ լեզգիները հարձակվում են Հաղբատավանքի վրա, հանկարծ բացվում են սուրբ Նշան եկեղեցու դռները, դուրս է գալիս դեղին հագած եպիսկոպոսը և հրաշագործ խաչը թափահարելով սկսում է լեզգիներին եկեղեցուց, գյուղից դուրս քշել և դրանով ևս մեկ անգամ Հաղբատը փրկվում է ասպատակումից։

Հաղբատավանքը Հայաստանի խոշորագույն հոգևոր և կրթական կենտրոններից, պատմաճարտարապետական ինքնատիպ համալիրներից է։ Այն 1996 թվականից գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի (UNESCO) համաշխարհային ժառանգության վայրերի ցանկում` որպես բացառիկ համընդգրկուն արժեք։ Պատմական աղբյուրները վկայում են, որ Հաղբատում 4-րդ դարում եկեղեցի է կառուցվել։ Մինչև  այսօր պահպանված Հաղբատի վանքի ամենահին կառույցի` սուրբ Նշան եկեղեցու շինությունը սկսվել է 976 թվականին, ավարտվել` 991թ. Աշոտ Գ (Ողորմած) Բագրատունի թագավորի (953-977թթ.) օրոք։

Վանքը շենանում է հատկապես Զաքարյանների օրոք։  Այն կառուցապատվում է, վերականգնվում, ընդարձակվում և արդեն 13-րդ դարի կեսերին 3 անգամ ավելի տարածք էր զբաղեցնում, քան նախկինում։ Այդ ժամանակահատվածում Հաղբատավանքը դառնում է Լոռու հոգևոր թեմի աթոռանիստը։

Հետագա դարերի ընթացքում, տարբեր զավթիչների կողմից, վանքն անընդհատ թալանվել է, ասպատակվել, ավերվել։ Եվ միայն 17-րդ դարում վանքը վերականգնում է իր երբեմնի կարևոր դերակատարությունը հոգևոր կյանքում, կրթության և գրչության ասպարեզում։ Խորհրդային տարիներին այն դիտակվում էր որպես պատմաճարտարապետական հուշարձան և պարբերաբար վերնորոգվում։ Հայաստանում անկախության հռչակումով վանքը դարձավ գործող` նպաստելով Լոռվա աշխարհի հոգևոր վերածննդին։

Այս խորագրի վերջին նյութերը