Լրահոս

10.09.2011 13:52


Միջադեպ անտառտնտեսությունում

Սեպտեմբերի 5-ին հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ  մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 1976 թ. ծնված Հրայր Գ.-ն և «Սևան» ազգային պարկի Նորատուսի տեղամասի տեսուչ, 1950 թ. ծնված Ջիվան Մ.-ն:
Տուժողներն ու նրանց հարազատները ոստիկանության ծառայողներին ճիշտ չեն ներկայացրել տեղի ունեցածը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 9-ին  Ջիվան Մ.-ն հրավիրվել է բաժին և հաղորդում տվել, որ սեպտեմբերի 5-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Նորատուսի անտառտնտեսության տարածքում հսկողություն իրականացնելու ընթացքում իրեն է մոտեցել «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենա, որի մեջ նստած ուղևորներից ինքը ճանաչել է Գավառ քաղաքի բնակիչ Հրայր Գ.-ին:
Ջիվան Մ.-ն ուղևորներին արգելել է որս անել, ինչից հետո մեքենայի հետևի մասում նստած ուղևորը որսորդական հրացանից կրակել է նրա ուղղությամբ:
Կրակոցի հետևանքով Ջիվան Մ.-ն և Հրայր Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ձեռնարկվում են միջոցառումներ կրակողի ինքնությունը պարզելու, նրան և որսորդական հրացանը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը