Կարծիք

15.09.2022 11:35


Պարզվում է` Ադրբեջանը երկու տարի պատրաստվում էր պատերազմի Փաշինյանի միջոցով՝ փափուկ բարձ դնելով հայաստանցիների գլխի տակ

Պարզվում է` Ադրբեջանը երկու տարի պատրաստվում էր պատերազմի Փաշինյանի միջոցով՝ փափուկ բարձ դնելով հայաստանցիների գլխի տակ

Եվ այսպես, պարզվում է Ադրբեջանը՝ սկսած 2020-ի նոյեմբերից, պատրաստվում էր նոր պատերազմի, իսկ որպեսզի բթացվեր Հայաստանի զգոնությունը, խաղի մեջ էր մտցվել Հայաստան-Թուրքիա դիվանագիտական «սիլիբիլին»: Բացի այդ «խաղաղության դարաշրջանի» բացման գաղափարը անհրաժեշտ էր Նիկոլ Փաշինյանին, որպեսզի նա կարողանար հաղթանակ տանել 2021-ի ընտրություններին:

Եվ զարմանալի չէ, երբ 2021-ի գարնանը Հայաստանի զինված ուժերը պահանջեցին Փաշինյանի հրաժարականը, առաջինն այդ պահանջի դեմ արձագանքեց Թուրքիան: Անկարայում արդեն նախագծել էին Փաշինյանի իշխանության, ընտրությունների միջոցով վերարտադրվելու սցենարը, որպեսզի դրանից հետո կարողանային փափուկ բարձ դնել հայաստանցիների գլխի տակ:

Վերջին երկու տարվա ընթացքում Թուրքիան Ադրբեջանի հետ կազմակերպեց մի քանի ռազմավարական բնույթի զինավարժություններ: Բաքուն այդ երկու տարվա ընթացքում գնեց ևս մի քանի միլիարդի զինտեխնիկա:

Եվ, ամենակարևորը, Ադրբեջանը այդպես էլ չբացեց իր ցամաքային սահմաններն իր հարևան երկրների հետ և մինչ այսօր այն փակի տակ է գտնվում:

Աշխարհի գրեթե բոլոր երկրները բացել են իրենց սահմանները, պանդեմիայի ավարտից հետո, բացի... Ադրբեջանից:

Մեծ դժգոհություններից հետո Ադրբեջանը բացեց միայն իր օդային սահմաններն, այն էլ ոչ բոլոր իր քաղաքացիների համար:

Ավելին, հաշվի առնելով Նախիջևանի կարգավիճակը՝ որոշում կայացվեց մի պահ, որ Նախիջևանի և Թուրքիայի ցամաքային սահմանը բացել նախիջևանյան Սադարակի սահմանային կետով: Պարզվեց, որ դրանից հետո ադրբեջանցիները զանգվածային կերպով սկսեցին օգտվել այդ կետից: Քանզի Ադրբեջանից Թուրքիա մեկնելը շատերի համար դժվար խնդիր է, նախ և առաջ ֆինանսական առումով:

Օրինակ, ամենաէժան ավիատոմսը Բաքվից դեպի Ստամբուլ կամ Անկարա կազմում է սկսած 250 դոլարից:

Մինչդեռ Նախիջևանի այդ սահմանային կետից Թուրքիա կարելի է հասնել 100 դոլարով:

Ինչ վերաբերվում է դեպի Ռուսաստան, Վրաստան և Իրան Ադրբեջանը կտրականապես հրաժարվեց բացել իր ցամաքային սահմանը, որպեսզի մարդիկ մնան երկրում և նույնիսկ ավանդական ադրբեջանական խոպանը դեպի Ռուսաստան կյանքի չկոչվի:

Ադրբեջանցի անկախ փորձագետները Բաքվի այս տարօրինակ որոշումը միանշանակ պայմանավորեցին ապագա սպասվելիք ռազմական գործողություններով, քանզի դրա հոտը ադրբեջանցիները արդեն զգացել էին և շատերը ցանկանում էին հեռանալ երկրից: Ավելին, արդեն տևական ժամանակ է, ինչ Ալիևը փակեց նույնիսկ Նախիջևանից դեպի Թուրքիա ցամաքային Սադարակի կետը, որը միակն էր բաց մնացել:

Պարզվում է՝ Ադրբեջանի այս տարօրինակ որոշումները լայնորեն քննարկվել են իրենց փորձագիտական շրջանակներում և նրանք չէին էլ թաքցնում, որ պատրաստվում էին Հայաստանի հետ հաջորդ պատերազմին: Մինչդեռ Նիկոլ Փաշինյանն, իր անձնական շահերից ելնելով, հայաստանցիների գլխի տակ փափուկ բարձ էր դնում՝ կերակրելով մարդկանց կեղծ «խաղաղության» թեզով, որպեսզի կարողանար չեզոքացներ ընդդիմությանը, նրանց ներկայացնելով որպես «պատերազմի կուսակցության» ներկայացուցիչներ: Հենց այդ սցենարով պատերազմում պարտված Փաշինյանին հաջողվեց վերարտադրվել 2021-ին՝ փաստացի խաբելով ժողովրդին, քաջ իմանալով Ադրբեջանի իրական մտադրությունները:

Այս ամենի համար Նիկոլ Փաշինյանին դժվար թե հայաստանցիները ներեն, քանզի դրա քաղաքական գինը անչափ թանկ է լինելու ոչ միայն արցախցիների, այլև հայաստանցիների համար:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Աղբյուրը՝ zham.am

Այս խորագրի վերջին նյութերը