Տնտեսական

13.09.2022 09:10


Հայաստանի տնտեսական ազատության ինդեքսի վերաբերյալ հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը․ «Լույս»

Հայաստանի տնտեսական ազատության ինդեքսի վերաբերյալ հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը․ «Լույս»

Այսօր` ս․թ․ սեպտեմբեր 12-ին ԱԺ նստաշրջանի անդրանիկ նիստի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց. «Նախորդ շաբաթ՝ սեպտեմբերի 8-ին հրապարակված տնտեսական ազատության ինդեքսում Հայաստանը 6 դիրքով բարելավել է իր տեղը, և հիմա գտնվում է 11-րդը ամբողջ աշխարհում տնտեսական ազատությունների ցուցանիշով»։ Այս միտքը կրկնեցին նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Գևորգ Պապոյանը և Բաբկեն Թունյանը։

«Լույս» հիմնադրամը տվյալ հայտարարությանն արձագանքում է, որ ներկայացված տեղեկատվությունը չի պատկերում Հայաստանի տնտեսության ազատության 2022թ-ի իրական մակարդակը: 2022թ․-ի տնտեսական ազատության ինդեքսի տվյալ զեկույցը հրապարակել է Fraser Institute-ը, համաձայն որի Հայաստանը, այո՛, գտնվում է 11-րդ հորիզոնականում, սակայն ո՛չ նախարար Վահան Քերոբյանը, ո՛չ ՔՊ-ական պատգամավորները հարկ չհամարեցին իրենց խոսքում նշել, որ, թեև զեկույցը հրապարակվել է 2022թ․-ին, այն ներկայացնում է աշխարհի 165 երկրների տնտեսական ազատության պատկերը 2020թ․-ի դրությամբ:

Փոխարենը նախարար Քերոբյանն ու ՔՊ-ական պատգամավորները նախընտրեցին մանիպուլացնել զեկույցում տեղ գտած արդյունքները՝ նշելով, թե այն տնտեսական բարեփոխումները, որը գործող իշխանությունները իբրև թե իրականացրել են վերջին 4 տարիների ընթացքում և այն օրենքները, որոնք ընդունել են վերջին 4 տարիների ընթացքում ամբողջովին նպաստել են Հայաստանում տնտեսական միջավայրի ազատականացմանը և դրանք միայն բառեր չեն, այլ կոնկրետ գործողություններ, որոնք միջազգային կազմակերպությունները հստակ գնահատականով արձանագրել են։

Ավելորդ չէ նշել, որ տվյալ կազմակերպության կողմից հրապարակված տվյալները մեղմ ասած շատ լավատեսական են։ 1995թ.-ից ի վեր հայտնի «Հերիթեյջ» հիմնադրամը հրապարակում է «Տնտեսական ազատության ինդեքս» ամենամյա զեկույցների շարքը՝ միտված տնտեսական ազատության մակարդակի գնահատմանը աշխարհի ավելի քան 177 երկրներում: Ինդեքսի չորս հենասյուներն են՝ օրենքի գերակայությունը, պետական հատվածի մեծությունը, պետական կարգավորումների արդյունավետությունը և շուկայի բացությունը: Համաձայն այս հիմնադրամի կողմից հրապարակված տվյալների 2020թ․-ին Հայաստանը զբաղեցրել է 34-րդ հորիզոնականը՝ «չափավոր ազատ» երկրների խմբից տեղափոխվելով «հիմնականում ազատ» երկրների խումբ: Հայաստանի տնտեսական ազատության մակարդակը գնահատվել է 70,6 միավոր:

Ինչ վերաբերում է տնտեսական ազատության ինդեքսի առավել թարմ տվյալներին, ապա վերջիններս պետք է փնտրել կրկին «Հերիթեյջ» հիմնադրամի կողմից արդեն 2022 թվականին հրապարակված զեկույցում։ Այսպես, համաձայն «Հերիթեյջ» հիմնադրամի կողմից հրապարակված զեկույցի, Հայաստանում 2022թ. տնտեսական ազատության ինդեքսը նախորդ տարվա համեմատ նվազել է 6.6 միավորով կազմել 65.3 միավոր, իսկ համաշխարհային վարկանիշային աղյուսակում Հայաստանի դիրքը վատթարացել է 26 հորիզոնականով, և նախորդ տարվա 32-րդ հորիզոնականից Հայաստանն այս տարի հայտնվել է 58-րդ հորիզոնականում: 2001 թվականից ի վեր տնտեսական ազատության ինդեքսը Հայաստանում այսպիսի խոր հետընթաց չի գրանցել և չի հայտնվել նման ցածր մակարդակում: Ի դեպ, ՀՀ դիրքը ևս միջազգային վարկանիշային աղյուսակում նշված ժամանակահատվածում երբեք չի եղել այսքան ցածր: 2022 թվականին տնտեսապես հիմնականում ազատ երկրների խմբից Հայաստանը հայտնվել է չափավոր ազատ երկրների շարքում: Այս հետընթացը Հայաստանում բազմագործոն է և արտացոլում է տնտեսական ազատության տարբեր սկզբունքների խախտման արդյունքները:

Զեկույցին առավել մանրամասն հնարավոր է ծանոթանալ «ԼՈւՅՍ» հիմնադրամի հետևյալ հրապարակմամբ։

Այս խորագրի վերջին նյութերը