Լրահոս

14.01.2011 11:57


ՔԶՀԿ Ֆրանսիայի մասնաճյուղի տնօրենը Ժնևում խոսել է Ջուղայի խաչքարերի ոչնչացման մասին

2011թ. հունվարի 13-ին Շվեյցարիայի Ժնև քաղաքում կայացավ Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (World Intellectual Property Organization - WIPO) կողմից կազմակերպված  «Մտավոր սեփականության տնտեսություն» ("The economics of Intellectual Property") թեմայով գիտաժողովների շարքի հերթական հանդիպումը: Հրավիրված էին շուրջ 40 երկրների, այդ թվում' Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Ռուսաստանի, ինչպես նաև մի շարք աֆրիկյան և արաբական երկրների կառավարական և ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հայաստանը ներկայացնում էր Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի Ֆրանսիայի մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Սասուն Հովհաննիսյանը:

WIPO կազմակերպության գլխավոր տնտեսագետ Կարստեն Ֆինկի բացման խոսքից հետո զեկույցով հանդես եկավ Օքսֆորդի համալսարանի դասախոս, պրոֆեսոր Քրիստին Գրինհալխը, որին հաջորդեցին գիտաժողովի մասնակիցների ելույթներն ու հարցերը:

Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի Ֆրանսիայի մասնաճյուղի տնօրեն Սասուն Հովհաննիսյանն իր ելույթի սկզբում անդրադարձավ Հայաստանում մտավոր սեփականության ոլորտում իրականացված բարեփոխումներին' ընդգծելով միջազգային փորձի ներդրման զարգացման անհրաժեշտությունը:

Հովհաննիսյանի ելույթի մեծ մասը վերաբերում էր Ադրբեջանի կողմից Հին Ջուղայի խաչքարերի ոչնչացման' որպես հայ մտավոր սեփականության ոչնչացման փաստին:

«2005թ. դեկտեմբերին ադրբեջանցիների կողմից պետական մակարդակով կազմակերպված հանցագործության հետևանքով վերջնականապես ոչնչացվեցին Նախիջևանի Հին Ջուղայի գերեզմանոցի ավելի քան 5000 խաչքարեր' հայ բարձրարվեստ մշակույթի ինքնատիպ կոթողները, հայ ազգի մտավոր սեփականությունը», -նշեց Սասուն Հովհաննիսյանը, ավելացնելով, որ փաստին քաղաքակիրթ մարդկությունը դեռ իր գնահատականը չի տվել. «Ցավալի է, որ նավթադոլլարների շահերն են փոշիացնում մշակութային հարստությունը»:

Հովհաննիսյանը կոչ արեց  «Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությանը»  և ներկա պատվիարկներին' իրավական գնահատական տալ Ադրբեջանից կողմից իրականացված մշակութային տեռորիզմին:

Այս խորագրի վերջին նյութերը