Կարծիք

08.09.2022 19:51


Արսեն Թորոսյանը Նիկոլ Փաշինյանին մանիպուլյատոր խաբեբա՞ է համարում

Արսեն Թորոսյանը Նիկոլ Փաշինյանին մանիպուլյատոր խաբեբա՞ է համարում

Վերջերս հերթական անգամ ՔՊ-ի տխրահռչակ գործիչներից մեկը` Արսեն Թորոսյանը, կրկին հանդես եկավ մի շարք սանձարձակ հայտարարություններով, որի համար նորմալ երկրներում քաղաքական վերնախավի ներկայացուցիչները հաշիվ կպահանջեին:

Նա փաստացի մեղադրեց ազգային ողջ վերնախավին, թե իբր վերջին 30 տարիների ընթացքում նրանք իրականում խափել են սեփական ժողովրդին: Օրինակ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամները, նախկին բոլոր նախագահները իրականում գիտեին, որ իբր Արցախը հնարավոր չէր անջատել Ադրբեջանից, բայց դրա մասին լռում էին՝ փաստացի մոլորության մեջ գցելով սեփական ժողովուրդին:

Մի կողմ թողնենք, որ Արսեն Թորոսյանը սուտ է ասում: Հերիք է, որ նա ծանոթ լիներ Մադրիդյան սկզբունքների հետ և կհասկանար, որ միջազգային հանրությունը այս կոնֆլիկտի լուծումը տեսնում էր «կարգավիճակ՝ տարածքների դիմաց» հայտնի բանաձևի տեսքով:

Դրա մասին կային բազմաթիվ վկայություններ և նույնիսկ Ադրբեջանի նախագահն էր խոստովանում, որ իրենից կուլիսներում միջնորդները պահանջում էին, որ համաձայնվեր այն գաղափարի հետ, որ յոթ շրջանների դիմաց նա պետք է համաձայնվեր Արցախի անկախության հետ:

Փաստորեն, Արսեն Թուրոսյանը իր շեֆի ձախողումները արդարացնելու համար այսօր հայտարարում է, թե իբր վերը նշված մեր ձեռքբերումները դիվանագիտական հարթակում չեն եղել:

Սա նույնիսկ շարքային սրիկայություն չի կարելի համարել: Փաստացի Արսեն Թորոսյանն ուզում է խեղաթյուրել պատմական փաստերը, որպեսզի իր և իր թիմակիցների հանցանքը պատմության առջև շատ մեծ չլինի:

Նույնիսկ նրան թույլ են տվել, որ իր բանաձևումներում նա փաստացի մեղադրի նաև Նիկոլ Փաշինյանին մանիպուլյացիաների մեջ:

Օրինակ, երբ 2019 թվականի ամռանը Փաշինյանը Ստեփանակերտում հայտարարեց, որ «Արցախը Հայաստան է և վերջ», փաստացի տապալելով բանակցային գործընթացը, երկարացնելով ադրբեջանցիների լեզուները, որոնք սկսեցին հայտարարել, որ Փաշինյանը Արցախն ուզում է ոչ միայն անջատել Ադրբեջանից, այլև միացնել Հայաստանին:

Նախկին երկու նախագահները, որոնք ծագումով արցախցիներ էին, իրենց երբեք թույլ չէին տալիս նման պոպուլիզմ՝ լավ հասկանալով, որ դրանից արցախցիները ոչ թե կշահեին, այլ կկորցնեին:

Մինչդեռ Փաշինյանը հանուն իր պոպուլիստական նպատակների փաստացի տապալեց բանակցայի գործընթացը, վարկաբեկեց միջնորդական առաքելությունը՝ ճանապարհ բացելով ադրբեջանական դուռը պատերազմի համար: Այդ մասին գիտեն բոլորը, և պատմության մեջ այդ փաստը դաջվելու է, անկախ Թորոսյանի ցանկությունից:

Բայց վերադառնալով նրա թեզին, ապա ստացվում է, որ նա Փաշինյանին նույնպես համարում է մանիպուլյատոր և խաբեբա, քանի որ 2019-ին, ըստ Թորոսյանի, Փաշինյանը գիտեր, որ Արցախը չի անկախանալու Ադրբեջանից, բայց արցախցիներին սիրաշահելու համար Ստեփանակերտի հրապարակում մարդկանց խաբելով էր զբաղված:

Եթե այդպես է, ապա ինչպե՞ս է ՔՊ անդամ Թորոսյանը շարունակում մնալ «մանիպուլյատոր» Փաշինյանի թիմակիցը: Ավելին, Թորոսյանը պարզվում է՝ կորդինացնելու է գալիք տեղական ընտրությունների ողջ գործընթացը, որպեսզի «գլխավոր մանիպուլյատորի» կուսակցությունը ներկայացվի երկրի տեղական իշխանության մեջ:

Մի՞թե Արսեն Թորոսյանի սկզբունքներին դա դեմ չէ, երկրով մեկ ուժողացնել «խաբեբաների» բանակը:

Այստեղ է, որ մեկ այլ հարցադրում պիտի անել ռուս հայտնի երգիծաբաններ Իլֆի և Պետրովի ոճով, իսկ արդյոք հանգուցյալը բարոյակա՞ն անձնավորություն էր։ Ոչ, նա բարոյական մարդ չէր: Նա իր ողջ ուժը ներդրեց հասարակության հաշվին ապրելու համար։ Բայց հասարակությունը չէր ուզում, որ նա ապրեր իր հաշվին։ Եվ Միխայիլ Սամուելևիչը չէր կարող դիմանալ իր հայացքների այս հակասությանը, որովհետև նա ուներ դյուրագրգիռ բնավորություն, դրա համար էլ նա մահացավ:

Եթե համեմատենք Իլֆի և Պետրովի հերոսներից մեկին՝ Պանիկովսկուն Արսեն Թորոսյանի հետ, նրա անցած ճանապարհի հետ, ապա կտեսնենք նրանց միջև շատ մեծ նմանություններ, որից էլ պատասխանը հայտնի կդառնա, թե ինչու է Թորոսյանը «թքում այն հորի մեջ, որից նա ջուր է խմում»:

Սա՛ է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Աղբյուրը` zham.am

Այս խորագրի վերջին նյութերը