Կարծիք

08.09.2022 07:25


Նիկոլի արկածները Վլադիվոստոկում

Նիկոլի արկածները Վլադիվոստոկում

Մեր ազգակործան «իշխանությունները» միջազգային հարաբերություններում Հայաստանը ոչ միայն զգետնել են, այլ նաև հետևողականորեն շարունակում են անլրջացնել, ծաղրուծանակի առարկա դարձնել ու նսեմացնել: Հերթական արարը Վլադիվոստոկում էր:

Նորին գերազանցություն կապիտուլյանտի խրոխտ ելույթը ցանկացած գիտակից հայի մոտ առնվազն ամոթի զգացում պետք է առաջացներ: Ինչպես ասում են՝ «За державу обидно».

Նիկոլը ասում է, որ աշխարհում հեշտ ժամանակներ չեն և ինքն իրեն հռետորական հարց է տալիս «…իսկ երբ են հեշտ ժամանակներ եղել”: Սա հայտնի ճշմարտություն է քաղաքականության համար: Երբեք էլ հեշտ ժամանակներ չեն լինում և քաղաքական լիդերների խնդիրն է ամենաբարդ ժամանակներում արժանապատվորեն պաշտպանել, կռիվ տալ և արդյունքներ ապահովել սեփական պետության ու ժողովրդի համար: Իսկ ի՞նչ է արել Նիկոլը: Ողբերգությունների, տարածքային ու մարդկային կորուստների, ցավալի ու ամոթալի իրադարձությունների, պետականության հիմքերի խարխլումների և քաղաքական խայտառակությունների մի ամբողջ էպոպեա: Հայաստանում շատերն այդ հարցը կտային Նիկոլին. “բա որ գիտես, որ հեշտ ժամանակներ չեն լինում ու միևնույն ժամանակ դավաճան չես, ինչո”ւ ես քո տգետ քաղաքականությամբ մինչև վերջ կործանման տանում Հայաստանն այս բարդ ժամանակների աշխարհում”: Նաև ազնիվ կլիներ, որ այդ միտքն ասելուց հետո Նիկոլը շնորհակալություն ասեր նախկին նախագահներին՝ բոլոր ժամանակների բարդ իրադարձություններում երկիրն անվտանգ պահելու, ուժեղացնելու, կայունացնելու և զարգացնելու համար:

Նիկոլի ելույթում ցայտուն կերպով ընդգծված էր վախի գերադրական աստիճանը: Հատկապես, երբ աղերսական հայացքն ուղղած դեպ ՌԴ նախագահը՝ խոսում էր անվտանգությունից և Հարավային Կովկասում նոր ապակայունացումից: Իսկ մի՞թե նախորդ նախագահները, երբևէ իրենց թույլ են տվել նման իրավիճակում հայտնվել:

Կապիտուլյանտն իր ելույթում, «մեղայական» հայացքով նայելով դեպի ՌԴ նախագահը, գովերգում էր Եվրասիական Տնտեսական միությունը՝ ասելով, որ այն լիովին արդարացրել է իրեն և Հայաստանը շարունակում է մեծ օգուտներ քաղել այդ միությունից: Բայց Նիկոլը մոռացավ հենց այդ պահին շնորհակալություն հայտնել Սերժ Սարգսյանին և այդպես արդար կլիներ: Իսկ ավելի արդար կլիներ, եթե նշեր նաև, որ հենց ինքն էր Հայաստանի ելքը ԵԱՏՄ-ից օրենսդրական նախաձեռնության հեղինակը:

Նա խրոխտ տոնով և ուդմուրտական ռուսերոնով պատմում ու հպարտանում էր Հայաստանի “Հյուսիս-Հարավ” ճանապարհով: Այստեղ ևս մոռացավ շնորհակալ լինել Սերժ Սարգսյանից, այդ նախագծի և կատարված հսկայական աշխատանքի համար: Նա խոսում էր նաև ռեգիոնալ ճանապարհների «Հայկական-Խաչմերուկ»-ից, ասելով, որ Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Վրաստանը, Միջին Ասիան և Մերձավոր Արևելքը կկապվեն միմյանց հետ Հայաստանով: Սակայն հենց ճիշտ պահն էր ասելու, որ Թուրքիան ու Ադրբեջանը ոչ թե ճանապարհ, այլ միջանցք են ուզում: Բայց չասեց, երևի թե վախենալով իր թուրքական տերերից:

Նիկոլը կրկին շնորհակալ տոնով նշեց, որ 2020թ. նոյեմբերի 9-ին պատերազմը կանգնեցնելու մասին համատեղ հայտարարությունը ստորագրվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերով: Ըստ էության, նա խոստովանեց, որ Արցախի մնացած հատվածը պաշտպանվել է ՌԴ նախագահի շնորհիվ, և եթե իրեն մնար, ինքը ամբողջ Արցախն էր հանձնելու թուրքերին:

Նիկոլը մի քանի թույլիկ, զգուշավոր բառեր արտասանեց ԵԱՀԿ Մինսկի Խմբի մասին, բայց երբ ՌԴ նախագահը հատուկ շեշտադրեց ՄԱԿ-ի կանոնադրությունն ու ազգերի ինքնորոշման իրավունքը, կապիտուլյանտը լռեց, ու երևի էլի վախից չասաց, որ այդ իրավունքից օգտվելու առաջնային իրավունք ունի նաև Արցախի ժողովուրդը:

Պետության շահերն իրեն չեն հետաքրքրում, բայց փոխարենը մի քանի անգամ ընդգծեց, որ ինքը հավատարիմ է Ռուսատանին, և պետք չէ հավատալ այն ուժերի, որոնք Մոսկվայում իրեն դիտարկում են որպես արևմտամետ:

Նիկոլի վախերը հասան գերադրական աստիճանի, երբ ՌԴ նախագահը խոսելով Ուկրաինայի մասին, վերջինիս ռեժիմը որակեց ոչ լեգիտիվ և իշխանազավթ: Վլադիմիր Պուտինը՝ կարծում եմ քաղաքակրթությունից ելնելով, ուղակի չասաց, որ փողոցով իշխանություն զավթած և արևմտյան տեխնոլոգիաներ կիրառած ռեժիմի ներկայացուցիչներից մեկն էլ նստած է հենց իր կողքին:

Վլադիվոստոկյան արկածներն այսքանով չեն ավարտվում: Նիկոլի ելույթն ու հարցուպատասխանը կարելի է երկար քննարկել: Բայց եղածն էլ բավարար է, որպեսզի արձանագրենք մեր պետությանը պատուհասած հերթական խայտառակությունը:

Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը