Կարծիք

06.09.2022 19:25


ԱԺ մշտական հանձնաժողովներում մեկնարկել է աշխատանքի իմիտացիան

ԱԺ մշտական հանձնաժողովներում մեկնարկել է աշխատանքի իմիտացիան

Ազգային ժողովի հերթական նստաշրջանի մեկնարկին նիստեր են գումարում մշտական հանձնաժողովները։

Հակիրճ անդրադառնամ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի 2022 թվականի սեպտեմբերի 6-ին կայացած նիստին և օրակարգին։

Բերեմ մի քանի փաստեր, որոնք ակնհայտ կդարձնեն այս հանձնաժողովում իրավիճակից բխող՝ առարկայական օրակարգի բացակայությունը և իրական աշխատանքի պարզունակ իմիտացիան։

Նախ պետք է արձանագրել․ այս գումարման Ազգային ժողովը նման հանձնաժողով ձևավորեց՝ հիմքում դնելով սոցիալական խորացող բազմաշերտ խնդիրները և դրանց հետևողական լուծումների օբյեկտիվ անհրաժեշտությունը։

Անցնող մեկ տարին ցույց տվեց, որ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը մեղմ ասած չի ծառայում իր ձևավորման հիմնանպատակին։ Խորացող սոցիալական խնդիրները թողած քննարկում և անխոս «դակում են» կառավարության առաջարկած երրորդական նախագծերը։

Միաժամանակ, իշխանական պատգամավորները կառավարության թելադրանքով՝ «բյուջեում լրացուցիչ ծախս կառաջացնի», «լավ գաղափար ա, բայց հետո կանենք» արհեստական պատճառաբանություններով հետևողականորեն մերժում են ընդդիմադիր պատգամավորների ներկայացրած նախագծերը, որոնցով առաջարկվում են կոնկրետ լուծումներ սոցիալապես խոցելի խմբերի տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների համար։

Ասենք օրինակ՝ 2022 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ սոցիալական բնույթի տասնյակ առաջարկները, բազմազավակ ընտանիքների աջակցության մասին օրենքի նախագիծը, նվազագույն ամսական աշխատավարձի, նպաստների և կենսաթոշակների հիմնական չափերի բարձրացման և ինդեքսավորման նախագծերը և այլն։

2020 թվականի հունվարի 1-ից հետո մեկ անձի նվազագույն ամսական ծախսերն աճել են ավելի, քան 20 հազար դրամով, սակայն նվազագույն աշխատավարձի, հիմնական կենսաթոշակի, աղքատության նպաստի չափերը չեն բարձրացել։ Իսկ երկիրը պարտքով պահող բարձրաստիճան պաշտոնյաների առանց այն էլ բարձր աշխատավարձերը կրկնապատկվել են՝ անօրինական և անարդար պարգևատրումների հաշվին։

Զուգահեռաբար՝ տևական և ահագնացող գանաճի ֆոնին սոցիալական խնդիրներն ավելանում են պրոգրեսիվ։ Շարքային քաղաքացին իր մաշկի վրա դրանք զգում է ամեն օր։

Ներկայացնեմ նաև մի քանի արձանագրումներ 2022 թվականի սեպտեմբերի 6-ին կայացած ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի օրակարգի վերաբերյալ։

Օրակարգում ներառված էր մեկ հարց, ըստ որի՝ առաջարկվում էր ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացնել «հարկադիր աշխատանք» հասկացության սահմանումը։

Փաստորեն, աշխատանքի իմիտացիա անելու նպատակով՝ շրջանառության մեջ գտնվող ՀՀ աշխատանքային օրենսգրքի մեծածավալ փոփոխությունների նախագծից հերթական անգամ մի փոքր կտոր առանձնացրել են և իբրև քննարկում են։ Ի դեպ, այս փոփոխությունը մշակված էր դեռևս հինգ տարի առաջ և հենց այս իշխանության կողմից հանվել էր շրջանառությունից։

Մասնավորապես, 2018 թվականի հունվարին շրջանառության էր դրվել ՀՀ աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների նախագիծ, որը շուրջ հինգ տասնյակ օրենսդրական լուծումների շարքում ներառում էր նաև «հարկադիր աշխատանք» հասկացության սահմանումը։ Սակայն այս նախագիծը կասեցվեց իշխանափոխությունից հետո։ Հետևանքը եղավ այն, որ իրավակիրառական պրակտիկայում վեր հանված բազմաթիվ խնդիրներ, որոնք ուղղակի վերաբերում են աշխատողների հիմնարար իրավունքների պաշտպանությանը, արդեն շուրջ հինգ տարի շարունակում են չլուծված մնալ։ Օրինակ՝

1․ Հաստիքների կրճատման դեպքում աշխատանքային պայմանագիրը լուծելիս աշխատանքը շարունակելու նախապատվության իրավունք պետք է ունենա հաշմանդամության զինվորական կենսաթոշակառու, նախկին զինծառայողը, ինչպես նաև 1-ին խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացողի կամ զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամը։

2․ Օրենքով սահմանված ժամկետում աշխատողին ամենամյա արձակուրդը կամ ամենամյա արձակուրդի տեղափոխված մասը չտրամադրելու դեպքում գործատուն պարտավորվում է այդ ժամկետից հետո կետանցված յուրաքանչյուր օրվա համար աշխատողին վճարել տուժանք:

3․ Գործատուի համաձայնությամբ օտարերկրյա ուսումնական հաստատություններում իր մասնագիտական որակավորումը բարձրացնելու, նոր գիտելիքներ ձեռք բերելու կամ դրանք զարգացնելու համար աշխատողին տրվում է ուսումնական արձակուրդ: Եվ այլն ․․․

Մեր բազմաթիվ հորդորներով, 2021 թվականի սեպտեմբերի 14-ին ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում աշխատանքային կարգով քննարկվեց ՀՀ աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների նախագիծը։ Այս նոր նախագիծը ներառում էր նաև շուրջ հինգ տասնյակ օրենսդրական այն լուծումները, որոնք շուրջ չորս տարի սպասում էին հաստատման։

Սակայն այս իշխանության մեղմ ասած անպատասխանատու վարքագիծն անփոփոխ է․ նորից անցավ արդեն մեկ տարի, իսկ աշխատողների իրավունքների պաշտպանությանը միտված օրենսդրական մեծածավալ փոփոխությունները չեն ընդունվել և չեն գործադրվում։

Փոխարենը՝ այս իշխանությունը օրենսդրական բարեփոխումների այս միասնական նախագիծը արդեն որերորդ անգամ կտոր-կտոր ներկայացնում է՝ ձևավորելով օրենսդրական աշխատանքի տպավորություն։

Ի դեպ, այս նոր նախագծի վերաբերյալ ևս մշակել և գրավոր ներկայացրել եմ քառասունից ավելի դիտողություններ ու առաջարկություններ, որոնք ընդունվել են, և ըստ այդմ՝ նախագիծը լրամշակվել է։

Թադևոս Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը