Հարցազրույց

06.09.2022 16:52


Բրյուսելում որոշվածը ՌԴ շահերից չի բխում. Բենիամին Մաթևոսյան (տեսանյութ)

Բրյուսելում որոշվածը ՌԴ շահերից չի բխում. Բենիամին Մաթևոսյան (տեսանյութ)

2018 թվականից ի վեր մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի իշխանությունները ավելի անկեղծ են հայ հասարակության հետ, քան մեր ներկայիս իշխանությունները, հետևաբար կարծում եմ Ալիևը ավելի բաց է ներկայացրել Բրյուսելում բանակցությունների այն բովանդակությունը, որը այս պահին կա: Yerevan.Today-ի հետ զրույցում անդրադառնալով Ալիևի հայտարարությանը, թե խաղաղության պայմանագիրը կնքվելու է Ադրբեջանի առաջարկած հինգ կետերի հիման վրա, ասաց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը:

Քաղաքագետի խոսքով, Ալիև-Փաշինյան բոլոր հանդիպումները անցել են Ադրբեջանի օրակարգով: Իսկ վերջին հանդիպման ժամանակ՝ Բրյուսելում որոշվել է խաղաղապահների ճակատագրի հարցը:

«Բոլորիս պարզ է՝ Ադրբեջանի կազմում ինչ-ինչ կարգավիճակով կամ, ինչպես նշում է Ալիևը, առանց կարգավիճակի Ադրբեջանի կազմում Արցախը եթե լինի, խաղաղապահները այնտեղից դուրս են գալու, ինչը մեղմ ասած հակասում է Ռուսաստանի շահերին: Այստեղից է Մարիա Զախարովայի, Լավրովի արձագանքը: Կարծում եմ՝ մոտակա օրերին, երբ կլինեն Միրզոյան-Լավրով, Պուտին-Փաշինյան հանդիպումները, մենք դրանից հետո ավելի ամբողջական պատկեր կունենանք, թե ռուսական կողմը ինչ է կարծում այս ամենի վերաբերյալ: Ռուսական կողմը փորձելու է ձգել այնքան ժամանակ, մինչև ինքը ունենա այնքան հնարավորություն և քաղաքական ռեսուրս, որպեսզի իր հնարավարություններին համարժեք այդ հարցը լուծի: Մենք էլ հասկանում ենք, որ եթե չլինի ռուս խաղաղապահ Արցախում, հայ հասարակությունը, հայ ժողովուրդը այնտեղ չի լինի: Այս կետում մեր շահերը համընկնում են»,-նշեց Մաթևոսյանը:

Մեր զրուցակիցը նաև նկատում է, որ բոլոր Փաշինյան-Ալիև հանդիպումներից հետո, որոնք տեղի են ունենում են ոչ մոսկովյան հարթակներում, Միրզոյանը հոռախոսազրույց է ունենում ռուսական կողմի հետ և որոշակի արձագանքներ են լինում.

«Կարևոր հանգամանք ընդգծենք՝ Ադրբեջանի նախագահին պատասխանեց ոչ թե Նիկոլ Փաշինյանը, այլ՝ Արարատ Միրզոյանը: Միրզոյանի արձագանքին նախորդել էր նաև շատ սերտ հեռախոսային խոսակցությունը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, դրանից առաջ մենք տեսանք, որ Մարիա Զախարովան բավականին կոշտ ձևակերպումներով հանդես եկավ բրյուսելյան միջնորդական առաքելության վերաբերյալ: Մենք տեսնում ենք մի կարևոր հանգամանք՝ կարծես թե մի շրջափուլ ենք տեղափոխվել, երբ աշխարհաքաղաքական բախումների կիզակետում ենք լինելու և այդ բրյուսելյան, մոսկովյան հարթակների իրար հակասելը դրա վառ դրսևորումն է»:

Ինչ վերաբերում է Արցախի վերաբերյալ գործող իշխանությունների դիրքորոշմանը, քաղաքագետը նշում է, որ իշխանությունները Արցախի վերաբերյալ հստակ ձևավորված տեսակետ չունեն, օրվա կուրսով են շարժվում:

«Կախված նրանից Փաշինյանը Մոսկվայում է, թե Բրյուսելում, իր մոտեցումները տարբերվում են: Երկու կողմերին Փաշինյանը «հա» է ասում, բայց վերջում՝ ում տարբերակը կաշխատի և «կքցվի» իշխանությունների կողմից ապագան ցույց կտա»:

Մաթևոսյանը նկատում է՝ հավանական է նոյեմբերին քննարկվի խաղաղության պայմանագրի սևագիր տարբերակը, զուգահեռ նշելով, որ խաղաղությունը դեռ անվտանգության երաշխիք չէ.

«Միայն ռազմաքաղաքական բալանսն է խաղաղության երաշխիքը: Ռազմական բալանսի անհավասար լինելու հանգամանքին ավելացել է այն, որ իշխանության են եկել մարդիկ ովքեր դիվանագիտությունն ու քաղաքականությունը կենցաղային մակարդակի են ընկալում, այդ ամենը հանգեցրեց պատերազմի...»:

Հարցազրույցը ամբողջությամբ՝ տեսանյութում:

Այս խորագրի վերջին նյութերը