Լրահոս

09.09.2011 11:36


«Չենք լռելու». «Սենսացիա. պարզվում է` պաշտպանության նախարարությանը կից արդեն երկու տարի գործում է հասարակական խորհուրդ»

Վերջին ժամանակներում բանակում տեղի ունեցած և ի հայտ եկած ողբերգական դեպքերը հանգեցրին հասարակություն-բանակ աննախադեպ ճգնաժամի: Գիտակցելով իր պատասխանատվությունն դրա հաղթահարման, ինչպես նաև զինված ուժերում տիրող մթնոլորտի առողջացման հարցում, «Չենք լռելու»-ն մշակել է բանակի հասարակական վերահսկողության մոդել, որը ներկայացնելու համար Լեհաստանից վերադարձից  հետո հանդիպում էր խնդրել պաշտպանության նախարար Ս. Օհանյանի հետ:

Սակայն երեկ սենսացիոն բան է պարզվել. պաշտպանության նախարարությունն արդեն երկու տարի է` ունի հասարակական խորհուրդ: Պարզվում է` այն բաղկացած է 12 անձից, ունի գրասենյակ Մոսկովյան փողոցի վրա, ֆինանսական ռեսուրսներ:

Հետաքրքիր է` որտե՞ղ են թաքնվում այդ խորհրդի անդամները հասարակություն-բանակ այս աննախադեպ ճգնաժամի օրերին: Այնպիսի տպավորություն է, որ նրանք ոչ միայն հայտնի չեն, այլև գաղտնի են:

Ինչո՞ւ նրանց մասին չկա որևէ տեղկատվություն թերթերում, լրատվական կայքերում, ռադիոյով և հեռուստատեսությամբ: Ինչո՞ւ այդ խորհրդի մասին տեղյակ չեն զինվորների ծնողները, որոնք, հարկադրված ընդվզելով ստեղծված իրավիճակի դեմ, որպես վերջին միջոց, խնդրում են «Չենք լռելու»-ին նկարահանել իրենց զավակների հետ կատարված դեպքերը և տեղադրել համացանցում:

Ինչպե՞ս կարող է հասարակություն-բանակ կապի համար պատասխանատու օղակը ներկայացված չլինել Facebook-ում, չունենալ սեփական կայքը:

Ինչպե՞ս պետք է հասարակ քաղաքացին` YouTube-ի վրա հույսը դնելու փոխարեն, կապվի այդ խորհրդի հետ, եթե դրա հեռախոսահամարը չկա անգամ «Սփյուռ» տեղեկատվականա ծառայության բազայում:

«Չենք լռելու»-ն առաջարկում է պաշտպանության նախարարությանը շտապ վերանայել իր հանրային քաղաքականությունը` կենդանացնելով գոյություն ունեցող հասարակական խորհուրդը կամ ստեղծել մեկ այլ միավոր:

Միաժամանակ հուսով ենք, որ մեր այս հայտարարությունը ճանաչում կբերի ՊՆ-ին կից հասարակական խորհրդին:

Այս խորագրի վերջին նյութերը